Ինչպես է Նարեկ Գալստյանին մշտապես հաջողվում «գրավել» ՍԴՀԿ ատենապետի պաշտոնը. ի՞նչ կապ ունի Տիգրան Սարգսյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ  տեղի է ունեցել ՍԴՀԿ Հայաստանի կազմակերպության 10-րդ համագումարը, որի ժամանակ Նարեկ Գալստյանը վերընտրվել է ՍԴՀԿ ատենապետ: «Ժողովուրդ»-ը մի քանի հարցեր է ուղղել Նարեկ Գալստյանին՝ պարզելու համար, թե ինչպես է նրան հաջողվում «գրավել» ՍԴՀԿ ատենապետի պաշտոնը:

-Պարո՛ն Գալստյան, Դուք ՍԴՀԿ ատենապետի պաշտոնում ընտրվեցիք այն ժամանակահատվածում, երբ ՀՀ վարչապետը Տիգրան Սարգսյանն էր, ու այս անգամ էլ, փաստորեն, կրկին ատենապետ ընտրվեցիք, երբ հայտնի դարձավ, որ Տիգրան Սարգսյանը նշանակվելու է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ: Դրանք զուգադիպություննե՞ր են, թե իսկապես Տ. Սարգսյանը կապ ունի այդ ամենի հետ:

-Մի հայտնի ասացվածք կա, չէ՞, որ ասում են՝ մի գիժ քարը գցում է փոսը, մի քանի հոգով չեն կարողանում հանել, հիմա այդ վիճակն է: Ոչ մի աղերս չունի, մեկը մյուսի հետ որեւիցե կապ չունի, որովհետեւ սա հերթական համագումարն էր, դեռեւս մեկուկես ամիս առաջ «Հայաստանի Հանրապետություն» թերթում այս հայտարարությունը տրված էր: Իսկ ես չեմ կարծում, թե մեկուկես ամիս առաջ նման խոսակցություններ կային, որ Տիգրան Սարգսյանը ինչ-որ պաշտոնի է նշանակվելու: Հավատացնում եմ, որ Ձեր ասածները մեկը մյուսի հետ որեւէ առնչություն չունեն: Ու, ընդհանրապես, ի՞նչ կապ ունի Տիգրան Սարգսյանը ՍԴՀԿ-ի հետ: Ես չեմ հասկանում, թե ինչ կապ եք գտնում, որեւէ կապ չեմ տեսնում:

-Գաղտնիք չէ, որ Տիգրան Սարգսյանը մշտապես հետաքրքրվել է ՍԴՀԿ-ով, մամուլում էլ պարբերաբար նշվել է այդ կուսակցությունն «իրենով անելու»` նախկին վարչապետի եւ Ձեր նախկին ղեկավարի ջանքերի մասին: Ի դեպ, Տիգրան Սարգսյանը ժամանակին չէր թաքցնում, որ խնդիր է դրել միավորել ավանդական կուսակցությունները, այնպես որ, կապերն ավելի քան տեսանելի են, այլ խնդիր, որ Դուք դրանք չեք տեսնում:

-Միավորելո՞ւ, ճիշտն ասած` ես իրենից նման բան չեմ լսել, կարող է՝ ինչ-որ կարծիք է հայտնել, բայց միավորման հետ կապված որեւէ բան չեմ լսել, համենայնդեպս, Տիգրան Սարգսյանը որեւէ կապ չունի ՍԴՀԿ 10-րդ համագումարի հետ: Դրանք ժամանակային զուգադիպություններ էին: Պետք չէ արհեստական ինչ-որ կապեր փնտրել:

-Ե՞րբ եք վերջին անգամ հանդիպել Ձեր նախկին ղեկավարին՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանին:

-Հիմա չեմ կարող հիշել, բայց 6-7 ամիս է, ինչ նրան չեմ հանդիպել:

-Իսկ ո՞վ է ֆինանսավորում ՍԴՀԿ-ն, ինչպե՞ս եք լուծում կուսակցության ֆինանսական խնդիրները:

-Հնչակյան կուսակցությունն ինքնաբավ կառույց է ու որեւիցե մեկի կողմից ֆինանսավորվելու կարիք չունի:

-Բայց Հայաստանում շատ դժվար է առանց հովանավորի կուսակցություն «պահել», ՀՀ-ում կուսակցությունները հովանավորում են կա՛մ գործարարները, կա՛մ պետական պաշտոնյաները: Նշվում է, որ ՍԴՀԿ-ն էլ ֆինանսավորում է Տիգրան Սարգսյանը, ի՞նչ կասեք:

-ՍՀԴԿ-ն ունի մեկ հովանավոր, դա մեր կուսակցականներն են, միանշանակ մենք որեւէ հովանավորության խնդիր չունենք, ու ես չեմ հասկանում, թե ինչու է շահարկվում այս թեման: Եթե ինչ-որ մի բան, ինչ-որ մի ձեւով է իրականացվում, դա դեռ չի նշանակում, որ բոլոր տեղերում նույնն է: Ես անկեղծ չեմ հասկանում այն ձեւաչափը, որով առաջնորդվում են՝ ո՞վ է կուսակցությունը ֆինանսավորում, ի՞նչ է անում եւ այլն: Հնչակյան կուսակցությունն ունի իր կուսակցականները, իրենք էլ, Ձեր խոսքով ասեմ, հովանավորում են: Իրականությունը սա է:

-ՍԴՀԿ-ն նաեւ հայտարարել է, որ «այո» է ասելու սահմանադրական փոփոխություններին, ինչո՞ւ: Մի՞թե Դուք էլ եք այն կարծիքին, որ դեկտեմբերի 7-ին Հայաստանի քաղաքացին նոր երկրում է ապրելու, եւ ամեն ինչ դեպի լավն է փոխվելու Սահմանադրության փոփոխությունից հետո:

-Մենք համագումարի ժամանակ որոշում ենք կայացրել, որ չենք միանալու որեւէ նախաձեռնության, չեն միանալու «այո»-ի ընդհանրական շտաբին: Մենք առանձին ենք ամեն ինչ անելու, ես կարծում եմ, որ Հայաստանը խորհրդարանական մոդելով ավելի լավ է աշխատելու: Մենք ինքներս ենք փորձելու ժողովրդին եւ մեր համակիրներին բացատրել խորհրդարանական կառավարման համակարգի առավելությունները եւ անհրաժեշտությունը: Մենք փորձելու ենք հասկանալ, թե որքան էլեկտորատ ուտենք, եւ մեր խոսքը որքան կշիռ ունի հասարակության համար: Մենք գնում ենք փորձնական քարոզարշավի ու ընտրության: Քարոզարշավը կլինի, հանրաքվեն կիրականացվի, ու ամեն ինչ ավելի հստակ կլինի: Պետք չէ խոսել մի բանից, որը դեռեւս տեղի չի ունեցել, պետք է ամեն ինչ անել հերթով: Ժամանակը կգա, բոլոր հարցերի պատասխանները կստանանք բոլորս:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս