Ինչպես է իրավիճակը փոխվելու, երբ նախագահի պարտականությունների մեծ մասը փոխանցվի վարչապետին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սահմանադրության փոփոխության միջոցով հանրապետության նախագահի լիազորությունների գերակշիռ մասը փաստացիորեն անցնում է վարչապետին: Վերջինս թեեւ դառնում է պետության առաջին դեմքը, բայց շարունակում է զգալիորեն հաշվետու լինել խորհրդարանական մեծամասնությանն ու առանցքային նշանակումներում կախվածություն ունենալ նախագահից: Այդ ամենով հանդերձ, սակայն, նոր Սահմանադրության նախագծի հեղինակներն այդպես էլ հիմնավոր պարզաբանում չեն ներկայացնում առ այն, թե ինչպես է ներկայիս իրավիճակը դրականորեն փոփոխվելու, երբ նախագահի պարտականությունների մեծ մասը փոխանցվի վարչապետին:

Ի վերջո, Սահմանադրությունը կարգավորում է կառավարման համակարագը, սակայն դրա` աշխատանքի որակի վրա ազդեցությունը առ ոչինչ է: Դա ակնհայտ է դառնում գործող եւ առաջարկվող Սահմանադրությունների նույնիսկ մակերեսային համադրման պարագայում:

Այսպես, ՀՀ գործող Սահմանադրությունը 85-րդ հոդվածով Կառավարության իրավասության ներքո է գտվում միայն ներքին քաղաքականության մշակումը, իսկ, ահա, 87-րդ հոդվածով վարչապետը, ղեկավարելով Կառավարության գործունեությունն ու համակարգելով նախարարների աշխատանքը, ընդունում է Կառավարության գործունեության կազմակերպմանն առնչվող հարցերով որոշումներ: Հանձնաժողովի մշակած նոր տարբերակում վարչապետի եւ Կառավարության անդամների իրավասությունների հարցը պարզաբանվում է 152-րդ հոդվածում. «Վարչապետը Կառավարության ծրագրի շրջանակներում որոշում է Կառավարության քաղաքականության հիմնական ուղղությունները, ղեկավարում է Կառավարության գործունեությունը եւ համակարգում է Կառավարության անդամների աշխատանքը: Վարչապետը կարող է Կառավարության անդամներին կոնկրետ հարցերով հանձնարարականներ տալ: Վարչապետը գլխավորում է անվտանգության խորհուրդը, որի կազմավորման եւ գործունեության կարգը սահմանվում է օրենքով»:

Ակնհայտ է, որ նոր Սահմանադրությամբ Կառավարության ղեկավարը ստացել է նախագահից լիովին անկախ գործելու իրավասություն, քանզի նրա հայեցողությանն է թողնվում Կառավարության քաղաքականության հիմնական ուղղությունների մշակումը: Ավելին` նրան է ենթարկվելու անվտանգության խորհուրդը: Սակայն աշխատանքի արդյունավետության հիմնահարցի քննությունը ստիպում է պատասխանել մեկ հարցի` այդ ի՞նչ նոր կառավարման փիլիսոփայություն է ներմուծելու ՀՀԿ-ական վարչապետը, որում այսօր թերանում է ՀՀԿ-ական նախագահը: Մի՞թե անվտանգության խորհրդի ղեկավարումը նախագահի վերահսկողությունից վարչապետի լիազորությունների դաշտ տեղափոխելը լուծելու է ՀՀ անվտանգության հիմնախնդիրները: Այս տարիների ընթացքում հանրությունը երկու անգամ է լոկ ուշադրություն դարձրել անվտանգության խորհրդի գործունեությանը:

Առաջինը, երբ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը 2008թ. մարտի 1-ի նախօրեին նշանակվեց այդ կառույցի քարտուղար եւ այս տարվա փետրվարի 12-ին, երբ Սերժ Սարգսյանը խորհրդի կազմից հեռացրեց Գագիկ Ծառուկյանին: Այսինքն` նախագահի ղեկավարությամբ գործող անվտանգության խորհուրդը մինչ այս ի՞նչ չի արել, որ վարչապետի գլխավորությամբ անելու է: Լուծվելու է արդյո՞ք Հայաստանի էներգետիկ անվտանգության ու անկախության հարցը, Ադրբեջանն այլեւս չի՞ գնդակոծելու ՀՀ տարածքը, Թուրքիան այսուհետ չի՞ խախտելու ՀՀ օդային սահմանը: Հաստատապես` ոչ: Ստացվում է, որ Հայաստանում այսօր հաստատված քաղաքական համակարգի արատավոր երեւույթները վերացնելու ճանապարհը չեն կարող լինել իրավական փոփոխությունները: Եթե բժշկական եզրաբանությանն անցնենք, անհնար է քաղցկեղը բուժել գրիպի դեմ նախատեսված դեղերով: Նույն տրամաբանությունն է գործում նաեւ այս հարթությունում:

Առաջարկվող Սահմանադրության 152-րդ հոդվածի երրորդ կետով էլ սահմանվում է, որ յուրաքանչյուր նախարար ինքնուրույն ղեկավարում է նախարարությանը վերապահված գործունեության ոլորտը: Անշուշտ, գործող Սահմանադրության մեջ նման դրույթ չկա, բայց մի՞թե այս դրույթի առկայությունն է լինելու այն պարտադիր պայմանը, որ նախարարները չհանդուրժեն այլոց ապօրինի հրահանգները եւ իրենց ղեկավարած ոլորտում հրատապ դարձած փոփոխություններ անեն: Ի վերջո, այս դրույթը չի կարող կանխել, որ ՀՀԿ առաջնորդի ցանկությունը որեւէ նախարարությունում իրականություն դառնա: Ինչպես է հնարավոր այս արատավոր համակարգի պայմաններում, որ Սերժ Սարգսյանը, պաշտոն չունենալով հանդերձ, օրինակ, ֆինանսների նախարարության գործունեությանը որեւէ կերպ միջամտելիս լուրջ դիմադրության հանդիպի: Այսօր բոլոր նախարարությունների եւ Կառավարությանն առընթեր մարմինների աշխատանքը հսկվում է ամենաբարձր հարթակից, իսկ այդ մարմինների ղեկավարները լոկ հանդես են գալիս ժամանակավոր պաշտոնակատարների դերում:

Հայաստանում այսօր ծաղկող օլիգարխիկ հարաբերությունների պայմաններում ոչ մի նախարար չի կարող ընդդիմանալ, երբ Սարգսյանի մերձավոր շրջապատը ցանկանա իր օգտին ծառայեցնել տվյալ բնագավառը: Ուստի ի՞նչ տարբերություն` արհամարհվում է ներկա Սահմանադրության նորմը, թե Գագիկ Հարությունյանի ղեկավարած հանձնաժողովի առաջարկած եւ դեկտեմբերի 6-ին 100-ից 100 «խփված» Սահմանադրության դրույթը:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ




Լրահոս