Նոր Սահմանադրությամբ ինչ լիազորություններ կունենան փոխվարչապետերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սահմանադրական փոփոխությունների արդյունքում լուծելով Սերժ Սարգսյանի համար ամենակենսական հարցը` իշխանությունն իբրեւ դրական նորամուծություն մատնանշում է փոխվարչապետի ինստիտուտի ուժեղացումն ու մեկից ավել փոխվարչապետների առկայությունը: Ստորեւ հարկ է հասկանալ, թե ինչպիսի լիազորություններ են հատկացվելու նոր փոխվարչապետներին, եւ որքանով է միջազգային փորձը կիրառվել այստեղ:

Այսպես, ՀՀ կառավարության կազմը եւ կառուցվածքը սահմանող 147-րդ հոդվածով արձանագրվում է, որ կառավարությունը բաղկացած է վարչապետից, փոխվարչապետներից եւ նախարարներից: Ըստ այդմ` փոխվարչապետների թիվը չի կարող գերազանցել երեքը, որոնք վարչապետի հանձնարարությամբ իրականացնում են կառավարության գործունեության առանձին ոլորտների համակարգումը:

Փոխվարչապետներից մեկը վարչապետի սահմանած կարգով փոխարինում է վարչապետին նրա բացակայության ժամանակ: Ինչպես տեսնում ենք՝ որեւէ արտառոց կամ նոր առաքելություն փոխվարչապետների համար սահմանադրական այս փոփոխություններով նախատեսված չէ: Միակ նորությունը լոկ փոխվարչապետների քանակն է, այսինքն` չափից դուրս ծանրացած բյուրոկրատիան էլ ավելի ենք ընդարձակում: Վստահաբար կարելի է պնդել, որ 1 կամ 3 փոխվարչապետ ունենալով չէ, որ կառավարությունը բարեխղճորեն կատարելու է իր պարտականությունները եւ հաշվետու է լինելու ժողովրդի առաջ: Ավելին` փոխվարչապետների առատությունը պարարտ հող կստեղծի, որ վարչապետը հեշտությամբ գցի իր վրայից պատասխանատվությունը` հղում անելով այն պարագայի վրա, որ տվյալ ոլորտում համակարգումը հանձնարարված է եղել փոխվարչապետին: Հետաքրքիր է, որ բանավոր պնդումներում իշխանության սպասարկուները ՀՀ արտաքին հարաբերությունների համակարգումը վերագրում են հենց փոխվարչապետներից մեկին` ստեղծելով մի անհեթեթ իրավիճակ:

Ըստ գործող Սահմանադրության` ՀՀ արտաքին հարաբերությունների ընդհանուր ղեկավարումը իրականացնում է ՀՀ նախագահը: Ըստ էության, վերջինս նշանակում է ԱԳ նախարար, որն էլ նրա անունից ապահովում է արտաքին քաղաքականության իրականացումը: Փաստացիորեն նախագահ-ԱԳ նախարար հարաբերության մեջ մեկը հանդես է գալիս վերադասի դերում, մյուսը` կատարողի: Սահմանադրության փոփոխություններից հետո, սակայն, նախագահի պարտականություններն արտաքին հարաբերություններում վերածվում են արարողակարգային ձեւականության, քանզի նա այլեւս չի կարողանալու ղեկավարել հանրապետության արտաքին քաղաքականությունը: Խորհրդարանական դասական կառավարման մոդելով այդ պարտականությունը հանձնվում է վարչապետին: Ենթադրվում է, որ վարչապետը, իրականացնելով արտաքին քաղաքականության ընդհանուր ղեկավարությունը, ԱԳ նախարարին պիտի վերապահի դրա հիմնական ուղղությունների վարումը: Այստեղ, սակայն, հարց է ծագում` իսկ ի՞նչ է անելու նոր փոխվարչապետը, որին հանձնարարվելու է համակարգել արտաքին հարաբերությունների ոլորտը:

Վերջապես, ի՞նչ է, արդյո՞ք փոխվարչապետը կարգավիճակով բարձր է լինելու ԱԳ նախարարից եւ կարողանալու է նրանից հաշվետվություն պահանջել: Պարզից էլ պարզ է, որ եթե վարչապետն է ստանձնելու արտաքին քաղաքականության ընդհանուր ղեկավարությունը, ապա կա՛մ այդ ոլորտը համակարգող փոխվարչապետի, կա՛մ էլ փաստացի նույն գործառույթն իրականացնող ԱԳ նախարարի կարիքը չպետք է լինի: Ստացվում է, որ արտաքին քաղաքականությունը վարելու են 3 հոգի` գումարած ՀՀԿ առաջնորդը: Հասկանալի է, որ Քոչարյանի ու Սարգսյանի օրոք արտաքին քաղաքականության փոխարեն հարմարվողականության ու օտարներին բազմազան ծառայությունների մատուցման միջոցառում է եղել, սակայն դա չի նշանակում, որ սահմանադրական նորմերը պետք է իջեցնենք այդ աստիճանի: Այս անորոշ վիճակը մի՞թե ձեռնտու է արտաքին լուրջ մարտահրավերների առաջ կանգնած Հայաստանին: Ի վերջո, խորհրդարանական կառավարման «բազմակարծության» մասին շաղակրատումներից իրականություն վերադառնալով` այս փոփոխությունների հեղինակները պիտի պատասխան տան, թե որքանո՞վ է նպատակահարմար արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունների օրեցօր լարման, Թուրքիայում ու Մերձավոր Արեւելքում տիրող խառնաշփոթի, Իրանի աշխարհաքաղաքական դերի փոփոխության եւ վերջապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության բարդագույն փուլում այսպես լղոզել արտաքին հարաբերություններում պաշտոնյաների պատասխանատվությունը:

Ինչ վերաբերում է միջազգային փորձին, ապա հարկ է նկատել, որ Իտալիայում ընդհանրապես գոյություն չունի փոխվարչապետի պաշտոն, այնտեղ գործադիրը բաղկացած է վարչապետից, նախարարներից ու կառավարության ղեկավարի քարտուղարությունից: Իսկ, ահա, Գերմանիայում հատուկ առանձնացված չէ փոխվարչապետի ինստիտուտը, որտեղ նախարարներից մեկը համատեղության կարգով միաժամանակ դառնում է փոխկանցլեր: Ըստ գերմանական տարբերակի` փոխկանցլերը գործադիր իշխանության երկրորդ բարձրաստիճան պաշտոնյան է: Ի դեպ, այսօր Գերմանիայի փոխկանցլեր Սիգմար Գաբրիելը միաժամանակ երկրի էկոնոմիկայի եւ էներգետիկայի նախարարն է: Կառավարության ղեկավարի բացակայությամբ իրականացնելով հանդերձ կանցլերի պարտականությունները` փոխկանցլերը կանցլերի մահվան կամ լիազորությունների իրականացման անհնարինության դեպքում չի կարող առանց Բունդեսթագի հավանության դառնալ կանցլեր: Այսպիսով` Գերմանիայում եւս չեն գնացել փոխվարչապետների ինստիտուտի ստեղծմանը` դա անիմաստ համարելով:

Սակայն նույն Գերմանիայի եւ Իտալիայի փորձն ամեն առիթով մեջբերող նոր Սահմանադրության ջատագովները Հայաստանում այդպիսի նորամուծությունը համարում են առաջադեմ ու գովելի: Կարելի է ավելի առաջադեմ մեկ այլ տարբերակ մոգոնել` մի փոխվարչապետին վստահել տնտեսությունը, մյուսին` արտաքին քաղաքականությունը, երրորդին` զինված ուժերը, եւ նախագահ-վարչապետ երկյակին ուղարկել պատվավոր հանգստի: Միեւնույն է` ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը տանը չի նստելու եւ, ըստ ամենայնի, հենց նա է իրականում ղեկավարելու նաեւ փոխվարչապետներին:

Ն. Հովսեփյան




Լրահոս