Armlur.am-ն արդեն հայտնել էր Եվրո-2016-ի ընտրական փուլի` Հայաստան-Ալբանիա խաղից հետո մեր ընտրանու ֆուտբոլիստներին գնելու լուրերի մասին: Ինչպես հայտնի է` խաղից հետո ալբանական և սերբական կայքերը սկսեցին լուրեր տարածել այն մասին, որ ալբանացիները Հայաստանի հավաքականի չորս խաղացողների 500 հազարական դոլար գումար են վճարել, որպեսզի այդ հանդիպումն ալբանացիների օգտին ավարտվի:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը «Հանրապետական» մարզադաշտում 3:0 հաշվով պարտվեց ալբանացիներին: Այս խաղը ալբանացիների համար առանցքային նշանակություն ուներ, քանի որ հաղթանակի դեպքում նրանք առաջին անգամ իրավունք էին ստանալու մասնակցել ֆուտբոլի եվրոպայի առաջնությանը, որը եկող տարի տեղի է ունենալու Ֆրանսիայում: Հենց այդպես էլ տեղի ունեցավ. Ալբանյան «Եվրո-2016»-ին մասնակցելու իրավունք ստացավ:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ոչ մի կերպ չէր մեկնաբանում` նշելով, որ երբ նպատակահարմար գտնեն, պաշտոնական պարզաբանում կտան: Սակայն մինչև հիմա ՀՖՖ-ն նպատակահարմար չի համարել: Չնայած այդ հանգամանքին, Հայաստանի հավաքականի մի քանի ֆուտբոլիստներ էին տարբեր լրատվամիջոցներով խոսել և հերքել այդ լուրերը, իսկ երեկ էլ այս հարցին անդրադարձավ արդեն Սպորտի և երիտասարդության նախարար Գաբրիել Ղազարյանը, ով նշեց` չի հավատում , որ Ռուբեն Հայրապետյանը կարող էր խաղ վաճառել:
Մինչ բոլորը հերքում են, սակայն պաշտոնական ոչինչ չեն հայտնում, «Ժողովուրդ»-ին որոշ տեղեկություններ են հասել: Ըստ լուրերի՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում որոշակի ներքին ուսունասիրությունների արդյունքում եկել են այն եզրակացության, որ հավաքականի առանձին խաղացողներ, հնարավոր է, ալբանացիների հետ ինչ-որ «համագործակցության» գնացած լինեն:
Երեկ «ժողովուրդ»-ը փորձեց այս առիթով ՀՖՖ մամլո խոսնակ Արայիկ Մանուկյանից մեկնաբանություն ստանալ, սակայն ապարդյուն: Ուստի անհնար եղավ իմանալ՝ ի՞նչ է սպասվում «կասկածյալ» ֆուտբոլիստներին: Դե ինչ, մնում է սպասել զարգացումներին