Տավուշում ծառերի ապօրինի հատման գործով քննությունից հետո խախտումներ չեն հայտնաբերվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզային քննչական վարչությունում տեւական ժամանակ քննվում էր Գետահովիտ գյուղի հարակից տարածքում «Մեգաէներջի» ՍՊԸ-ի կողմից «Խաչաղբյուր-2» փոքր ՀԷԿ-ի կառուցման ընթացքում բնությանը պատճառված վնասների կապակցությամբ հարուցված քրեական գործը: ՀՀ ՔՕ 290 հոդվածով («Հողը փչացնելը») եւ 296 հոդվածի 2-րդ մասով («Ծառերի, թփերի եւ բուսածածկի ապօրինի հատումը, որը կատարվել է բնության հատուկ պահպանվող տարածքներում») հարուցված գործով նշանակված էր փորձաքննություն:

Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ փորձաքննությունների ազգային բյուրոյի եզրակացության արդյունքներով պարզվել է, որ բնությանը էական վնաս չի պատճառվել, հողի շերտին պատճառվել է ընդամենը 190 հզ դրամի վնաս, իսկ հատված ծառերի փոխարեն ընկերությունն ավելի շատ ծառ է տնկել եւ այլն:

Իրավապահներից տեղեկացանք, որ այդ պատճառով «Մեգաէներջի» ՍՊԸ-ի դեմ քրգործը կարճվել է: Հիշեցնենք, որ 2012թ. մայիսից Գետահովիտ գյուղի տարածքում «Խաչաղբյուր-2» փոքր ՀԷԿ կառուցելու նպատակով առանց համայնքի կողմից տրված շինթույլտվության շինարարական աշխատանքներ են կատարվել: Դրա ընթացքում աշխատել է ծանր տեխնիկա, բազմաթիվ ծառեր են հատվել, հողի շերտի փոփոխություն է եղել: 2012թ. աշնանը Գետահովիտ համայնքի բնակիչների բողոքի արդյունքում դադարեցվեց «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի շինարարությունը: 2012թ. դեկտեմբերին գետահովտցիները դիմել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ առանց շինարարական թույլտվության ՓՀԷԿ-ի կառուցման ժամանակ բնությանը պատճառված վնասի համար քրգործ հարուցելու համար: Այդ դիմումը ուղարկվել էր Տավուշի մարզի դատախազություն, այնտեղից՝ ոստիկանության Իջեւանի բաժին:

Այդ ընթացքում «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի շինարարությունն իրականացնող «Մեգաէնէրջի» ՍՊԸ ղեկավարության կողմից Գետահովիտ համայնքում զանազան ծրագրեր իրականացնելու խոստումներ են տրվել, եւ փոքր ՀԷԿ-ի շինարարությունը վերսկսվել է:

Նշենք, որ 2013թ. հունիսի 3-ին ՓՀԷԿ-ի շինարարությունում աշխատող էքսկավատորի վրա ընկել էր ժայռ, որի հետեւանքով վարորդ, Եղվարդի բնակիչ, 1986թ. ծնված Արտյոմ Խալաթյանը տեղում մահացել էր: Իսկ արդեն 2014թ. փետրվարի 17-ին Գետահովտում կայացան «Խաչաղբյուր-2» փոքր ՀԷԿ-ի շինարարության վերաբերյալ հասարակական լսումներ, որոնք վերաբերում էին ՀԷԿ-ը սնուցող ջրատար խողովակի տրամաչափը 1000 մմ 1200 մմ դարձնելուն եւ ՓՀԷԿ-ը սնուցող խողովակաշարի երկարությունը 1 կմ երկարացնելուն:

Գետահովտի բնակիչները բողոքում էին «Մեգաէներջի» ՍՊԸ-ի կողմից ՀԷԿ-ի շինարարության դեմ` ահազանգելով, որ ՀԷԿ-ի գործունեությունը նվազեցնում է Պաղջուր գետի հոսքը, վնասում ձկնային պաշարները: Սակայն բողոքները մարեցին, երբ «Մեգաէներջի» ՍՊԸ-ն սկսեց որպես նվիրատվություն Գետահովտում աշխատանքներ կատարել՝ գյուղում կառուցել է գիշերային լուսավորության ցանց, համայնքին նվիրաբերել տրակտոր, նորոգել է գյուղի մանկապարտեզի խոհանոցի, ճաշարանի եւ զուգարանի տարածքը: Եվ եթե գյուղացիների դիրքորոշման փոփոխությունն ինչ-որ տեղ հասկանալի է, ապա մինչ այս ՓՀԷԿ-ի կառուցման դեմ բողոքող բնապահպանների լռությունը, մեղմ ասած, տարակուսելի է:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս