Իշխանությունները ժամանակ չունեն. շտապում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի քաղաքական դաշտում այս օրերին ամենից շատ քննարկվող խնդիրներից մեկը նույնականացման քարտերի հարցն է. սահմանադրական հանրաքվեի ընթացքում այդ քարտերով քվեարկությունը, ըստ ընդդիմության, ավելի է մեծացնելու ընտրակեղծարարությունների դիմելու իշխանությունների հնարավորությունները: Մինչդեռ իշխանությունները պնդում են, որ նույնականացման քարտերով քվեարկությունը որեւէ նման ռիսկ չի պարունակում:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Հովհաննես Սահակյանը, Արտակ Դավթյանը, Գագիկ Մինասյանն ու Գագիկ Մելիքյանը հանդես են եկել օրենսդրական նախաձեռնությամբ: Նրանք առաջարկում են փոփոխություն կատարել ՀՀ ընտրական օրենսգրքում, որպեսզի ընտրողներն իրավունք ստանան քվեարկությանը մասնակցել նաեւ նույնականացման քարտերով: Իսկ որպես հիմնավորում բերվում է այն փաստը, որ նույնականացման քարտը, ըստ ՀՀ օրենսդրության, նույնպես անձը հաստատող փաստաթուղթ է: Հնարավոր է՝ Աժ առաջիկա քառօրյայում այս նախագիծը քննարկվի ու քվեարկվի, քանի որ դեկտեմբերի 6-ին արդեն նշանակած է սահմանադրական հանրաքվեի օրը:

«Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանի հետ, որը նաեւ նախագծի զեկուցողն է:

-Պարո՛ն Սահակյան, «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը ընդգրկված է ԱԺ օրակարգում, սակայն դեռեւս անհայտ է, թե որ քառօրյայում է այն քննարկվելու: Միեւնույն ժամանակ հասկանալի է, որ դեկտեմբերի 6-ին կայանալիք հանրաքվեից առաջ այդ հարցին պետք է անպայման լուծում տրվի, ինչո՞ւ եք հիմա` այսքան ուշացումով նման նախագիծ ներկայացնել:

-Նախ՝ ինչու հիմա, որովհետեւ, երբ որ ՀՀ-ում տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ, տեսանք, որ նույնականացման քարտերով որոշ մեր քաղաքացիներ ցանկություն են հայտնում մասնակցել ընտրություններին: Եւ, այսպես ասած, օրենսդրական արգելք կար, ինչի համար օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտություն եղավ, մենք էլ սկսեցինք այս փոփոխությունը, որը կարելի էր մի քիչ ավելի շուտ ներկայացնել: Կարծում եմ, որ այն ժամանակ, երբ քննարկվում էր նույնականացման քարտի հարցը, հենց այդ ժամանակ էլ պետք է քննարկվեր նաեւ այս հարցը: Այդ ժամանակ պետք է փորձեինք, աստիճանաբար բերեինք ու անցկացնեինք, ուղղակի այդ ժամանակ էլ նշվեց, որ երբ 2016-2017 թվականին լինի ընտրական օրենսգրքի փոփոխությունը, այդ ամենը կարվի միասին:

Բայց քանի որ այժմ հանրաքվեն է, ու մոտավորապես 558 հազար քաղաքացի ունի նույնականացման քարտ, եւ այդ մարդիկ կարող են ցանկություն հայտնել իրենց ընտրական իրավունքը իրացնելու հենց նույնականացման քարտերի միջոցով, հետեւաբար չէր կարող օրենքը դա արգելել: Ու եթե նման թվով մարդիկ ունեն նույնականացման քարտ, հետեւաբար մենք էլ պետք է նաեւ այդ հնարավորությունն ընձեռեինք, որովհետեւ դա հետագայում կարող էր մեծ բարդություններ բերել: Եթե նշված թվով քաղաքացիներն իրենց ընտրական իրավունքը չիրացնեին, ապա դա կարող էր վատ ազդեցություն ունենալ ընտրության ելքի վրա:

-Բայց արդեն իսկ ուշացած նախագիծ եք ներկայացրել, որը չի կարգավորելու դաշտը

-Ուշացած-չուշացած, չգիտեմ՝ ով ինչ նկատի ունի, բայց մենք ընդամենն այդ արգելքը` ընտրական օրենսգրքի եւ նույնականացման քարտի մասին, փորձել ենք վերացնել: Այսինքն՝ թույլ տալ, հնարավորություն տալ ընտրական օրենսգրքի մեջ եղած հակասությունները վերացնել, մեր հեղինակած նախագծերի իմաստը դա է:

-Այս նախագծով, ըստ ընդդիմադիրների, ավելի է մեծանալու ընտրակեղծիքների թիվը, մի՞թե դա է պատճառը, որ Դուք հիմա եք որոշել նման նախագիծ ներկայացնել ու փոփոխություններ իրականացնել:

-Մենք հանձնաժողովում քննարկել ենք դա, բայց որեւէ հիմնավոր փաստարկ չլսեցինք, թե ինչ միջոցով են այդ ընտրակեղծիքն իրականացնելու: Եթե մարդիկ ուզում են խոսել ընտրակեղծիքներից ու մեղադրանք ներկայացնել կամ նմանատիպ ինչ-որ միտք ասել, «խոսքի ազատություն է» կարող են խոսել, բայց նաեւ պետք է ունենան հստակ հիմնավորումներ: Նույնականացման քարտերով մասնակցելը դեռեւս չի նշանակում, որ ընտրակեղծարարություն է լինելու:

Ես արդեն նշել եմ, որպես հիմնական զեկուցող, որ ընտրողների ցուցակները 40 օր առաջ դառնում են հասանելի, որի միջոցով էլ կարելի է տեսնել, թե նույն մարդը քանի ցուցակում կարող է լինել: Սա, իհարկե, աշխատանք է պահանջում, բայց դա է տարբերակը, որպեսզի համոզվեն, թե իրականում ինչ է տեղի ունենալու: Այնուհետեւ քաղաքացիների տվյալները փակցնում են ընտրատեղամասերում, հանձնաժողովի անդամներն էլ ստուգում են համապատասխան փաստաթուղթը, հետո նոր քվեաթերթիկ են տրամադրում: Անկեղծ ասեմ, ես այստեղ որեւէ խնդիր չեմ տեսնում:

Ժամանակին մենք կարծում էինք, որ անձնագրում կնիքի առկայությունը բարձրացնելու է վստահությունը, սակայն այսօր տեսնում ենք, որ դա էլ չի օգնում: Այսօր մեր որոշ քաղաքացիների անձնագրերում դեռեւս ցնդող կնիքը պահպանվում է, հիմա նաեւ այդ անձինքն են խնդրի առաջ կանգնելու իրենց ընտրական օրավունքը պաշտպանելիս: Հետեւաբար, այդ վստահությունը մեզանից՝ բոլորիցս է գալիս:

-Ոստիկանության տվյալների համաձայն՝ ՀՀ-ում 176 հազար մարդ ունի միայն նույնականացման քարտեր: Այսինքն՝ գործող օրենսդրությամբ քվեարկելու հնարավորությունից նրանք զրկված են: Ինչո՞ւ նրանց չեն տրվում քվեարկության վկայագրեր, ինչպես դա արվում է շատ եվրոպական երկրներում:

-Բոլոր առաջարկություններն էլ ընդունելի են, բայց այս կարճ ժամանակահատվածում մենք որեւէ լուրջ մեխանիզմ չենք կարող ներդնել, դրա համար ժամանակ է պետք: Նույն Շվեյցարիայում, նույն Նիդեռլանդներում դեռեւս 2000-ական թվականներից մինչեւ հիմա փորձարկումներ են իրականացվում՝ 150-ից ավել փորձարկում: Բայց մենք պետք է լուծենք մեկ խնդիր՝ ընտրողը կարողանա ազատ իր ընտրական իրավունքն իրականացնել, ու բացառել մեկից ավելի անգամ ընտրություն կատարելու հնարավորությունը:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս