ՄԱՐԶԵՐԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐԸ ԱՆՄԽԻԹԱՐ ՎԻՃԱԿՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին ամիսներին ՀՀ մանկապարտեզներում արձանագրված թունավորման դեպքերը հաճախակիացել են: Թեեւ պատկան կառույցները հավաստիացնում են, որ ոլորտն իրենց կողմից վերահսկվում է, այնուամենայնիվ, սննդային թունավորման դեպքերը հաջորդում են մեկը մյուսին: Այս խնդրի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության, սննդամթերքի արտադրության վերահսկողության բաժնի պետ Վահե Դանիելյանի հետ:

-Պարո՛ն Դանիելյան, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն այս տարվա ընթաքցում քանի՞ մանկապարտեզներում է ստուգումներ իրականացրել:
-Նախատեսված է եղել 250 մանկապարտեզում պլանային ստուգումներ անցկացնել, դրանից բացի մոտ 70 ստուգում եղել է ոչ պլանային: Այլ մանկապարտեզներում նույնպես ՍԱՊԾ-ի կողմից դիտարկումներ իրականացվել են: Բոլոր բացահայտված անհամապատասխանությունների մասով տրվել են հանձնարարականներ: Բացի այս՝ ՍԱՊԾ պետի որոշմամբ եղել են նաեւ սննդի գործառույթի կասեցման դեպքեր մինչեւ համապատասխան խախտումների վերացումը:
-Կնշեք, թե խախտման քանի՞ դեպք եք բացահայտել:
-Ավելի քան 20 մանկապարտեզում եղել են դեպքեր, երբ կասեցվել է մանկապարտեզի գործունեությունը մինչեւ համապատասխան վերանորոգման աշխատանքներ իրականացնելը: Եղել են նաեւ մանկապարտեզներ, որտեղ օրերի ընթացքում է հնարավոր եղել վերացնել հայտնաբերված թերությունը, խախտումը: Կային նաեւ մանկապարտեզներ, որտեղ մեկ սանիտարական օրը բավարար էր, որպեսզի տվյալ մանկապարտեզը բերվի պատշաճ տեսքի, ստեղծվեն հիգիենիկ պայմաններ՝ բնականոն գործունեությունը շարունակելու համար: Ստուգումների ընթացքում եղել են նաեւ մանկապարտեզներ, որտեղ լայնածավալ շինարարական աշխատանքներ են իրականացվել, ապա թույլատրվել է դրանք շահագործել:
-Ստուգումների ընթացքում հիմնականում ի՞նչ բնույթի խախտումների եք հանդիպում:
-Հիմնականում արձանագրված խախտումները հիգիենիկ պայմանների հետ են կապված՝ խոհանոցի ոչ բարեկարգ վիճակ, տաք ջրի բացակայություն, ափսեների լվացման ոչ առանձնացված վայր, ոչ բավարար քանակի սառնարաններ, որտեղ կարելի է պահպանել արագ փչացող սննդամթերքը եւ այլն: Հիմնականում հիգենիայի հետ են կապված թերությունները՝ հատակ, առաստաղ, պատեր: Այս խնդիրներն են, որոնք լուծելու համար երկար ժամանակ է պահանջվել:
-Իսկ վարչական պատասխանատվության ենթարկվե՞լ են այն մանկապարտեզները, որտեղ թերություններ, խախտումներ են արձանագրվել:
-Մեզ համար թիրախը եղել է ոչ թե մանկապարտեզներին վարչական պատասխանատվության ենթարկելը, այլ առկա թերությունների վերացումը: Դրան ներգրավվել են թե՛ մարզպետարանները, թե՛ տեղական ինքնակառավարման մարմինները: Եւ կառավարության կողմից խիստ հանձնարարականներն են եղել, որպեսզի բոլոր հնարավոր ռեսուրսները օգտագործվեն՝ տվյալ խնդիրները լուծելու համար: Այն պարագայում, երբ մարդու կյանքի եւ առողջության մասով խնդիր առաջացնող պայմաններ են եղել տվյալ հաստատություններում, միանշանակ վստահեցնում եմ Ձեզ, որ մեկ րոպե ավել չի աշխատել տվյալ մանկապարտեզը:
-Իսկ մասնավոր մանկապարտեզներում ՍԱՊԾ-ն ստուգումներ իրականացնո՞ւմ է, թե՞ ոչ:
-Մասնավոր մանկապարտեզների մասով մենք նախորդ տարվա ընթացքում ստուգումներ իրականացրել ենք: Բայց այս տարի մեր հիմնական թիրախը եղել են պետական մանկապարտեզները: Նշեմ, որ նախորդ տարի ՍԱՊԾ-ն 11 պլանային ստուգում է ունեցել, որոնցից մեկը եղել է մասնավոր մանկապարտեզում: Այս տարի ծառայության պետի ցուցումը եղավ, որպեսզի հնարավորինս մեծ քանակությամբ մանկապարտեզներ ստուգվեն: Այն մասնավոր մանկապարտեզները, որոնք մեր տարեկան պլանային ստուգումների ցանկում եղել են, նույն վերահսկողությունը իրենց նկատմամբ է: Մենք չենք տարանջատել՝ սա մասնավոր է, իսկ սա՝ պետական: Չէ որ երկու պարագայում էլ մարդու կյանքի, առողջության հետ գործ ունենք: Երկուսն էլ պետք է բավարարեն օրենսդրության պահանջներին: Մասնավոր մանկապարտեզները հիմնականում նոր կահավորված են, վերանորոգված, բայց դա չի նշանակում, որ մենք այնտեղ թուլացրել ենք հսկողությունը:
-Բայց հանրության մոտ կարծիք է ձեւավորվել, որ սննդային թունավորման դեպքերից հետո է միայն ՍԱՊԾ-ն սկսում ստուգումներ իրականացնել:
-Դեկտեմբերի 1-ի դրությամբ արդեն ունեինք նախատեսված 2015 թվականի ստուգումների պլան, որտեղ կար 250 մանկապարտեզ: Ուղղակի համընկավ այդ չարաբաստիկ դեպքի հետ, որն եղավ դեկտեմբերին՝ Եղվարդի մանկապարտեզում: Երբ նման դեպք է լինում, մարդիկ սեւեռվում են, նրանց թվում է, թե մենք մինչ այդ պարապության էինք մատնված եւ դրանից հետո սկսեցինք աշխատել: Բայց այդպես չէ:
-Իսկ ընդհանուր առմամբ ի՞նչպիսի իրավիճակ է մարզերի մանկապարտեզներում:
-ՀՀ մարզերում ունենք պետական մանկապարտեզներ, որտեղ վերջին քսան տարիների ընթացքում ոչ մի վերանորոգման աշխատանք չի իրականացվել: Մարզերի մանկապարտեզները անմխիթար վիճակում են: Արձանագրված խնդիրների մեծ մասը մարզերի մանկապարտեզներում են եղել, բայց դրանք շտկելու հանձնարարականներ են եղել, եւ այդ աշխատանքներին ներգրավվել են թե՛ մարզպետարանները, թե՛ գյուղապետարանները:

 

 

 

 
ՀԱՄԱՏԻՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՂԲԻ ԳՈՒՄԱՐԸ «ՍԱՆԻԹԵՔ»-ԻՆ Է ՓՈԽԱՆՑՈՒՄ

Մայրաքաղաք Երեւանում աղբահանության խնդիրը դեռ շարունակում է հրատապ մնալ:

Ինչպես հայտնի է՝ լիբանանյան «Sanitek s.a.r.l» ընկերությունը աղբահանության եւ սանմաքրման գործառույթներ է սկսել իրականացնել մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում: Նշենք, որ այս ընկերությունը աղբահանության եւ սանմաքրման գործառույթներ սկսել է իրականացրել դեռեւս 2014 թվականի դեկտեմբերի 1-ից` Կենտրոն վարչական շրջանից: «Ժողովուրդ» օրաթերթին դիմած բազմաթիվ քաղաքացիների հետաքրքիր է՝ այդ ինչպես է ստացվում, որ Երեւան քաղաքի աղբահանությունն իրականացնում է «Սանիթեք» ընկերությունը, սակայն աղբի համար նախատեսված գումարները հավաքագրում են համատիրությունները:
Քաղաքացիների հարցին պատասխան ստանալու նպատակով «Ժողովուրդ»-ը դիմեց Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի թաղապետարանի կոմունալ վարչության պետի տեղակալ Արարատ Ավետիսյանին, ով ասաց. «Համատիրությունների աշխատակիցները ընդամենը հավաքագրում են այդ գումարները եւ փոխանցում մի հաշվեհամարի, որից էլ ֆինանսավորվում է հենց «Սանիթեք»-ը: Ի դեպ, բնակիչները կարող են այդ հաշվեհամարը վերցնել եւ ինքնուրույն բանկի միջոցով մուծումները կատարել»: Թաղապետարանի ներկայացուցիչը փոխանցեց նաեւ, որ գումարը չի ավելացել եւ մնացել է նույնը՝ ամսական 200 դրամ:
«Սանիթեք»-ից «Ժողովուրդ»-ին նույնպես հաստատեցին, որ թաղապետարանները աղբի համար հավաքագրված գումարները փոխանցում է իրենց ընկերությանը: «Կարգը չի փոխվել, միայն աղբահանությունը մենք ենք իրականացնում, եւ քաղաքապետարանը մեզ դրա համար վճարում է»,- հայտնեցին ընկերությունից եւ ընդգծեցին, որ ամեն օր աղբահանություն է կատարվում:
Վերջում նշենք, որ թեեւ աղբահանությամբ զբաղվող ընկերությունից վստահեցնում են, որ շուրջօրյա աղբահանություն է կատարվում, այնուամենայնիվ, նկատելի է, որ ոչ ժամանակին կատարված աղբահանության, աղբատար խողովակները չմաքրելու եւ դեզինֆեկցիա չկատարելու պատճառով բարձրահարկ եւ բազմաբնակարան շենքերում հակասանիտարական վիճակ է ստեղծվում, որն էլ ազդում է բնակիչների առողջության վրա եւ նպաստում կրծողների բազմացմանը: Եւ մայրաքաղաքի բազմաբնակարան շենքի մուտք մտնելիս կարող ես հայտնվել ե՛ւ աղբակույտերի, ե՛ւ սատկած առնետների՝ «անուշաբույրով» ողողված միջավայրում:

Նյութերը՝ ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ

 

 

 
«ԼԱՎ»-Ի ՓՈԽԱՐԵՆ` «ԻՆՉՊԵՍ ՄԻՇՏ»
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը գումարի բռնագանձման պահանջով դատի է տվել Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Նավուր համայնքի ղեկավար Արամ Նիգոյանին: Վերջինս Տավուշի մարզում հարգված մարդ է, 1999 թվականից մինչ օրս Նավուրի գյուղապետն է: Գյուղնախարարության հայցով դատարանը Նիգոյանի գույքի եւ դրամական միջոցների վրա արգելանք է դրել: Հոկտեմբերի 27-ին տեղի կունենա դատաքննությունը:
Ա. Նիգոյանը անասնապահությամբ է զբաղվում, 30-ից ավել կթու կով, գրեթե նույնքան էլ հորթեր ունի, միասին՝ շուրջ 70 անասուն: 2 տարի առաջ ցանկանալով բարելավել իր անասունների տոհմային կազմը՝ նա գյուղնախարարության կողմից Եվրոպայից ՀՀ ներկրված հոլշտեյն տեսակի 4 երինջ է ձեռք բերել: Ա. Նիգոյանը դրանք Նավուր է ներկրել Նոյեմբերյանի տարածաշրջանի Կողբ գյուղում գործող «Միլք լենդ» անասնապահական ձեռնարկությունից, որի սեփականատեր Սոս Քոչարյանը տոհմային անասնապահության զարգացման ծրագրով գյուղնախարարության ներկրած տոմային երինջներից մի քանի տասնյակ հատ ունի: Նիգոյանը հայտնեց, որ 6 ամիս հետո տոհմային երինջները ծնել են: Նա անձամբ է խնամել դրանց, կերակրել պահանջվող որակյալ կերակրատեսակներով: ԳՆ-ից ասել էին, որ այդ դեպքում յուրաքանչյուր կով օրական պետք է 50 լիտր կաթ տա, սակայն նման բան չի եղել: Տեսնելով, որ այդ կովերին պահելու համար, մեծ քանակի անասնակեր ծախսելով, զգալի վնասներ է կրում, Ա. Նիգոյանը գյուղնախարարությանը հայտնել է, որ հրաժարվում է այդ 3 երինջից: ԳՆ-ն էլ դրանք հատկացրել է Թալինից մի ֆերմերի:
Ա. Նիգոյանը իր անասունների տոհմային կազմը բարելավելու նպատակով մի երինջ պահել է իր մոտ, սակայն որոշ ժամանակ անց հրաժարվել է նաեւ դրանից, 4-րդ երինջը նույնպես թալինցի ֆերմերն է վերցրել: Ա. Նիգոյանի խոսքերով՝ ինքը գյուղնախարարության անասնաբուժություն-անասնաբուծության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանին (նա հիմա այլ նախարարությունում է աշխատում) խնդրել է երինջների վերաբերյալ պայմանագիրը վերաձեւակերպել թալինցի ֆերմերի անունով, սակայն վերջինս ասել է, որ դրա կարիքը չկա: Որոշ ժամանակ անց թալինցի ֆերմերի մոտ այդ երինջները սատկել են, եւ հիմա ԳՆ Ա. Նիգոյանից է պահանջում փոխհատուցել դրանց արժեքը:
Նշենք, որ ցեղական երինջները տրվել էին 4 տարով, առաջին տարում ֆերմերը պետք է փոխհատուցեր դրանց արժեքների 10 տոկոսը, 2-րդ տարում՝ 20, 3-րդ տարում՝ 30, 4-րդ տարում՝ 40 տոկոսը: Նավուրի գյուղապետն ասաց, որ թալինցի ֆերմերի հետ պայմանավորվել են, որ միասին փակեն մի քանի միլիոն դրամ պարտքը: Նրա վկայությամբ՝ տոհմային անասունների շատ ավելի մեծ անկում է եղել Ս. Քոչարյանի մոտ: Մեզ հետ զրույցի ընթացքում Նավուրի գյուղապետը հավելեց, որ մի քանի տարի առաջ էլ օգտվել է ԳՆ-ի կողմից իրականացվող սերմնաբուծության զարգացման ծրագրից, էլիտար համարվող սերմացու վերցրել, սակայն նախանցյալ տարվա կարկուտը ոչնչացրել է իր ցորենի արտերը: Ստացվում է, որ գյուղնախարարության օժանդակող ծրագրերը որոշ ֆերմերների համար դարձել են իսկական պատուհաս:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս