«ԼԱՎ ՆԿԱՐԻ ՀԱՄԱՐ «ԷՍՏԻ ՀԱՄԵՑԵՔ» ՉԵՆ ԱՆՈՒՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նկարչուհի Արմինե Ավետիսյանը (Մանոն) ասում է, որ ինքը տպավորության եւ տրամադրության նկարիչ է. այդ հանգամանքն ակնհայտ է նրա կտավներում: Արմինեն «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պատմեց իր ստեղծագործական կյանքից, խոստովանեց, որ նկարիչների միության անդամ լինելը գործնականում ոչինչ չի փոխում այդ կյանքում: Արմինեն անդրադարձավ նաեւ միության ներսում ձեւավորված կորիզին, որի գործունեությունը կլանային բնույթ ունի:

-Արմինե՛, Ձեր կտավներից շատերում նկատելի է երեք թվի խորհրդանշական առկայությունը, օրինակ` դրանցում ծաղիկները մեծ մասամբ երեքն են, ինչ-որ հետաքրքիր եռամիասնության գաղափար կա՞:
-Այո՛, կա նման բան, այդ եռամիասնությունը հույսը, հավատը եւ սերն է: Որքան էլ կտավը «մութ» լինի, դրանք լուսավորում են այն…
-Ձեր նկարներում հաճախ հանդիպում ենք նաեւ խաչված կնոջ… Ինչո՞ւ եք հատկապես կնոջը «խաչել»…
-Ես տպավորության եւ տրամադրության նկարիչ եմ, իմ նկարներում արտացոլվում է տվյալ պահի, ժամանակահատվածի իմ տրամադրությունը: Եղել է շրջան, որ խաչված կնոջ եմ պատկերել, հետո նկարել եմ խաչը առանց նրա, միայն զգեստն եմ թողել, այսինքն` հոգին մնացել է, ինքը չկա… Փոխանցել եմ այն, ինչ զգացել եմ տվյալ պահին: Փառք Աստծո, վերջին տարիներին խաչված կին չեմ նկարում. կյանքի այդ փուլն արդեն ետեւում է, հիմա իմ կտավները մեծ մասամբ լուսավոր են…(ժպտում է):
-Նկարիչների միության անդամ եք. այս հանգամանքը Ձեր ստեղծագործական կյանքում ինչ-որ բան փոխո՞ւմ է:
-Դա ինձ ոչինչ չի տալիս: Հինգ տարին մեկ համագումար ենք անում, հերիք չի՞ (ծիծաղում է): Իհարկե, միության կազմակերպած որոշ ցուցահանդեսների մասնակցում եմ, սակայն այնտեղ կա մի կորիզ, որոնք այստեղ եւ արտերկրում կազմակերպվող ցուցահանդես-վաճառքների մշտական մասնակիցներն են, իրենք իրենցով բուկլետներ են թողարկում, իսկ միության շատ անդամներ այդ մասին իմանում են թողարկվելուց հետո միայն, այնինչ մենք էլ կցանկանայինք մեր մասնակցությունն ունենալ այդ աշխատանքներում: Բայց ոչ, մեզնից շատերի աշխատանքներն ընդգրկվում են հինգ տարին մեկ թողարկվող բուկլետներում միայն:
-Այսինքն` նկարիչների շրջանում ինչ-որ կլան է ձեւավորվե՞լ, այս ոլորտում է՞լ են իշխում կլանային հարաբերությունները:
-Այո՛, նման մի բան: Վերջերս, օրինակ, իմացա, որ նկարիչների միությունը մրցույթ է հայտարարել՝ մյուռոնօրհնեքի կապակցությամբ Էջմիածնում ցուցահանդես-վաճառքի մասնակցելու համար: Ես նշված թեմատիկայով երկու կտավ ներկայացրի, սակայն դրանք այդպես էլ չընտրվեցին: Ես ներկա եղա ցուցահանդեսին եւ տեսա, թե ինչ նկարներ էին ընտրվել: Դրանց շարքում կային շատ լավ աշխատանքներ, բայց ընտրվել էին նաեւ «ճ» կլասի, աբսուրդ գործեր, որոնց մի մասն, առհասարակ, թեմատիկայից դուրս էր: Ես զարմացած մնացի, թե ինչպես են դրանք ընտրել…Ո՛չ հարցրեցի, ո՛չ էլ հետաքրքրվեցի, թե ովքեր են եղել ընտրողները: Իհարկե, ես լավ գիտեմ իմ գինը, սակայն զգում եմ, որ անընդհատ բախվում եմ նույն ապակուն, ասելիքս չեմ կարողանում տեղ հասցնել:
-Իսկ նման պայմաններում Ձեր նկարները կարողանո՞ւմ եք ներսի կամ դրսի շուկայում իրացնել:
-Կտավներս իրացնում եմ հիմնականում դրսում: Օրինակ` տարիներ առաջ Փարիզում ցուցահանդեսներ եմ ունեցել, որոնց շրջանակներում կտավների վաճառք էլ է եղել: Բայց որ ասեմ` մեր շուկայում կարողանում եմ դրանք շրջանառել, սուտ կլինի:
-Ինչո՞ւ:
-Նախ` ինքնաներկայացման խնդիր կա: Երկրորդ` կան արվեստաբաններ, որոնք ունեն իրենց մտերիմ նկարիչներին: Էջմիածնի ցուցահանդեսին, օրինակ, երկու արվեստաբանի տեսա, որոնք մեծահարուստների ականջին փսփսում էին, թե որ կտավը կարելի է գնել: Իսկ ես այդ ամենից շատ հեռու եմ: Իմ գործը նկարելն է: Լավ նկարի համար «էստի համեցեք» չեն անում, բայց հիմա այդպես չէ, «էստի համեցեք»-ի դար է: Հուսով եմ` գնա մեռիր, արի սիրեմ տարբերակով գոնե հետո ամեն ինչ լավ կլինի (ծիծաղում է)…

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

 
ՀԱՅ ԿՈՄՊՈԶԻՏՈՐՆԵՐԸ ԲՈՍՏՈՆՈՒՄ
ԱՄՆ Բոստոն քաղաքում կկայանա հայ կոմպոզիտորների վոկալ երաժշտությանը նվիրված համերգ, որի ժամանակ ամերիկացի երգիչները կկատարեն հայ հեղինակների ստեղծագործություններ: Ինչպես հաղորդում է Ամերիկայում հայկական թանգարանի պաշտոնական կայքը, նոյեմբերի 1-ին կայանալիք համերգին հայտնի Bostonian վոկալ անսամբլի կատարմամբ կհնչեն Կոմիտասի, Եկմալյանի, Կոտոյանի, Աճեմյանի, Վարդազարյանի, Արամ եւ Աշոտ Սաթյանների, Մավիսակալյանի, Սաթունցի, Երզնկյանի, Հեքիմյանի, Ավետիսյանի, Աբրահամյանի եւ այլոց ստեղծագործությունները: Միջոցառումների գեղարվեստական ղեկավարը Կոնստանտին Պետրոսյանն է:
Համերգը հնարավոր է դարձել Հայաստանի կոմպոզիտորների միության եւ Ամերիկայում Հայկական թանգարանի համագործակցության շնորհիվ:

 

ՆՈՐ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Vogue ամսագրի ռուսական պարբերականը անդրադարձել է Victoria՚s Secret¬ի «հրեշտակ» Սթելլա Մաքսվելի եւ ամսագրի լուսանկարչի այցելությանը Հայաստան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ամսագրի համացանցային տարբերակը հակիրճ ներկայացրել է նկարահանող խմբի եռօրյա այցելությունը: Ինչպես նշված է նյութում, նկարահանման խմբի ամենակարեւոր անդամներից մեկն էր Vogue-ի հետ ակտիվ համագործակցող ամերիկահայ լուսանկարիչ Դավիթ Մուշեղյանը, ով վերջերս առաջին անգամ այցելելով պատմական հայրենիք՝ գերվել էր եւ առաջարկ ստանալուն պես մեծ ուրախությամբ ընդունել այն: Արդյունքում, երեք օրերի ընթացքում լուսանկարիչը եւ նրա «հրեշտակ» ընկերուհին այցելեցին Գառնի, Խոր Վիրապ, Սեւան, ինչպես նաեւ Երեւանի ամենակոլորիտային վայրերից երկուսը՝ Վերնիսաժ եւ Լուսիկ Ագուլեցու տուն-թանգարան: Լուսանկարչական շարքում Victoria՚s Secret-ի «հրեշտակներից» մեկի հետ լուսանկարվել են նաեւ Ջիվան Գասպարյանը եւ Լուսիկ Ագուլեցին: «Ոսկե Գլոբուսի» արժանացած 80-ամյա դուդուկահարը մի քանի մեղեդի է նվագել հյուրերի համար եւ հրավիրել նոյեմբերին կայանալիք իր մոսկովյան համերգին։

 

ՍՎԻՖԹՆ ԱՆԳԵՐԱԶԱՆՑԵԼԻ Է
Sunday Express-ի հաշվարկներով` երգչուհի Թեյլոր Սվիֆթն օրական մեկ միլիոն դոլար է վաստակում: Պարբերականը նշում է, որ 25-ամյա երգչուհին 2015թ. անցած ամիսներին արդեն հասցրել է 317.8 միլիոն դոլար վաստակել: Այդ եկամուտների հիմնական մասը Թեյլորը վաստակել է իր վերջին ալբոմի` «1989»-ի հաշվին, նաեւ 1989 World Tour համաշխարհային համերգային շրջագայության ժամանակ:
«Այս պահին Թեյլորն անգերազանցելի է: Նա այնքան առաջ է անցել շոու-բիզնեսի իր բոլոր գործընկերներից, որ ոչ միայն առաջինն է նրանց շարքում, այլեւ երաժշտական բիզնեսը որակապես նոր մակարդակի է բարձրացրել»,-մեկնաբանել է լոսանջելեսյան մեդիա վերլուծաբան Մայք Ռայան:




Լրահոս