ԱԽՏՈՐՈՇՈՒՄԸ ՍԽԱԼ Է ԿԱՏԱՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Միշտ էլ անշարժ գույքի գնահատման թեման հրատապ է եղել, քանի որ այնտեղ ստվերը կա ու կա: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը եւս ՀՀ կառավարության վերջին նիստում անդրադարձել է Հայաստանում անշարժ գույքի գնահատման խնդրին: 
Նա ասել է. «Մենք պայմանավորվեցինք, որ մի այդպիսի խորհրդակցություն անցկացնենք: Մասնավորապես, խոսքը վերաբերում է այն բանին, որ միեւնույն գույքը տարբեր գնահատողներ էական տարբերություններով են գնահատում, եւ խնդիրն այն է, որ, ասենք, առեւտրային բանկերն աշխատում են երեք-չորս գնահատողների հետ, ում իրենք վստահում են, եւ, որպես կանոն, այդ գնահատողները շատ ցածր են գնահատում գույքը: Իսկ շուկայում կան այլ գնահատողներ, որոնք տալիս են որակապես այլ գնահատական: Հիմա մեր առջեւ խնդիր է դրված, որ հասկանանք` ինչ է կատարվում այս բնագավառում, եւ ինչպես այս խնդիրը լուծենք»:
Անշուշտ, դրական է, որ ՀՀ վարչապետը փորձում է լուծել վաղուց հասունացած այս խնդիրը, բայց արդեն լուրջ կասկածներ են առաջանում, թե կկարողանա արդյոք, երբ ի սկզբանե սխալ է կատարում ախտորոշումը` ասելով «ում իրենք վստահում են…»: Վստահո՞ւմ են, թե՞ ում հետ վարկառուների գույքը դրանց իրական շուկայական գնից անհամեմատ ցածր գնահատելու վերաբերյալ պայմանավորվածություն ունեն, որպեսզի հետագայում, երբ նրանք չկարողանան վարկերը վերադարձնել (ինչը Հայաստանում հաճախ է լինում), տիրանան այդ գույքին` ստանալով գերշահույթներ:
Տ. Սարգսյանը, բավարար վճռականություն չդրսեւորելով, ասել է. «Երեւի առեւտրային բանկերը չպետք է աշխատեն միայն մեկ-երկու գնահատողի հետ, այսինքն` եթե շուկայում կան տասնյակ գնահատողներ, եթե նրանք միայն մեկ-երկուսի հետ են աշխատում, ապա արդեն որոշակի շուկայական շեղում է կատարվում. մրցակցություն չկա, եւ գնահատման օբյեկտիվությունն էլ կորչում է…»: 
Այնուհանդերձ, ի՞նչն է եղել պատճառը, որ վարչապետը, թեկուզ չուզենալով, դիպել է իր այնքան սիրելի բանկային համակարգի խաթրին եւ ասել. «Հիմա այս խնդիրն արձանագրվել է, եւ պետք է կարողանանք լուծում գտնել»: 
Ավելին, դիմելով ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահին` գործադիրի ղեկավարը վերջինիս առաջարկել է ուսումնասիրել՝ տվյալ ոլորտում արդյոք կա մրցակցություն, թե այդտեղ կան ինչ-որ պայմանավորվածություններ, որոնք խաթարում են շուկայի բնականոն զարգացումը: 
Պարզվում է` վարչապետին կծել է Համաշխարհային բանկի լուն… Տ. Սարգսյանն ուղղակի խոստովանել է. «Մենք Համաշխարհային բանկից առաջարկություններ էինք ստացել ֆինանսական միջոցները հասանելի դարձնելու վերաբերյալ, եւ այնտեղ մի դրվագ կար, որը վերաբերում էր անշարժ գույքի գնահատմանը»: 
ՀԲ-ն, հավանաբար, շահագրգռված է, որ Հայաստանում ե՛ւ վարկառուների քանակը մեծ լինի, ե՛ւ ներգրավվող վարկային միջոցների ծավալը: Սակայն, անկախ նշվածից, Համաշխարհային բանկի դժգոհությունը կամ դիտողությունը, որից բխել է հիշյալ առաջարկը, ճիշտ է. մեր երկրում վարկային միջոցներն իրոք չունեն բավարար հասանելիություն նաեւ այն պատճառով, որ առանձին գնահատող կազմակերպություններ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից գրավադրվող գույքը հաճախ «շան մսի գնով» են գնահատում:
Տիգրան Սարգսյանի հավաստմամբ. «Մեկ շաբաթվա ընթացքում հրավիրվելու է խորհրդակցություն, որտեղ անդրադարձ կարվի Համաշխարհային բանկի առաջարկություններին եւ այն լրացուցիչ քայլերին, որոնց միջոցով կբարելավվի միջավայրը»: Ի՞նչ է, վարչապետն այս մասին պետք է իմանար, այդ մասին խոսեր կամ միջոցներ ձեռնարկեր միայն ՀԲ-ի առաջարկից հետո՞… 
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ




Լրահոս