Չորս երիտասարդին կրակողները հայտնի են. գործը բացահայտվա՞ծ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ հոկտեմբերի 25-ին հրազենային վիրավորում է ստացել 4 երիտասարդ: Նրանք հայտարարել են, թե կրակողներն անծանոթ մարդիկ են եղել:

ArmLur.am-ը փորձեց ոստիկանության լրատվական ծառայությունից պարզել՝ ինչ հանգամանքներ են հայտնի դարձել: Մեր հարցին ի պատասխան՝ հայտնեցին, որ ոստիկանության համապատասխան ծառայությունների կողմից անհրաժեշտ գործողություններ են իրականացվում, դեպքին առնչվող անձանց շրջանակները ճշտված են, անձանց ինքնությունը հայտնի է: Այլ մանրամասներ ոստիկանության լրատվական ծառայությունից չտրամադրվեցին:

Հիշեցնենք, ըստ պաշտոնական հաղորդագրության՝ երեկ` ժամը 23.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «Որովայնի խոռոչի թափանցող հրազենային վնասվածք, ներքին արնահոսություն» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1988 թ. ծնված Վահագ Գ.-ն:

Ըստ Վահագ Գ.-ի հայտարարության` «Մետաքսի» մոտ ստացել է հրազենային վնասվածք: Հոկտեմբերի 26-ին` ժամը 00.20-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «Հրազենային կրակոց՝ փափուկ հյուսվածքների վնասումով աջ ազդրի շրջանում» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1988 թ. ծնված Վլադիմիր Գ.-ն:

Ըստ հիվանդի հայտարարության` վնասվածքը ստացել է անծանոթ անձանց կողմից Խորենացու փողոցում: Նույն օրը` ժամը 00.25-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «Հրազենային կրակոց աջ ազդրի նստաներվի վնասումով» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1988 թ. ծնված Արման Ա.-ն: Ըստ հիվանդի հայտարարության` վնասվածքը ստացել է անծանոթ անձանց կողմից՝ Խորենացու փողոցում: Իսկ ժամը 03.35-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «Ձախ ոտնաթաթի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1984 թ. ծնված Արման Ս.-ն: Ըստ հիվանդի հայտարարության` վնասվածքը ստացել է անծանոթ անձանց կողմից «Մետաքսի» մոտ:

Ըստ բժշկի տեղեկանքի` Վահագ Գ.-ն, Վլադիմիր Գ.-ն, Արման Ա.-ն և Արման Ս.-ն ի վիճակի չեն եղել հաղորդում տալու: Քննչական կոմիտեից տեղեկանում ենք, որ հարուցվել է քրեական գործ: Նշանակվել են ԴԲՓ-ներ: Կատարվում է նախաքննություն:




Լրահոս