Այս տարվա հունվարի 29-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտում տեղի ունեցած առանձնակի դաժանությամբ սպանության գործով նախաքննությունն ավարտվել է, գործն ուղարկվել է դատարան: Ինչպես ArmLur.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից՝ այն մակագրվել է դատավոր Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանին:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Գնել Թևոսյանին, Նորիկ Սահակյանին, Վաչե Սահակյանին և Մովսես Ազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք 2015թ. հունվարի 29-ին ժամը 02:00-ից 03:00-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի առաջին գումարտակի առաջին մարտկոցի թիվ 408 ննջարանում առանձին դաժանությամբ, վերը նշված անձանցով, խուլիգանական դրդումներով սպանել են Հայկազ Արկադիի Բարսեղյանին:
Նույն քրեական գործի շրջանակներում Վարազդատ Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ Պն N զորամասի կուրսանտ, 2014թ. նոյեմբերի 16-ին ժամը 21.00-ի սահմաններում նույն մարտկոցի կուրսանտ Տ.Մանասերյանին շարքում խոսելու համար դիտողություն անելուց և վերջինիս կողմից հակադարձում ստանալուց հետո Վաչե Սահակյանի, Մովսես Ազարյանի հետ միասին, մի խումբ անձանցով խախտելով ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի 13, 16, 65 հոդված. ծեծի են ենթարկել Մանասերյանին, բացի այդ 2015թ. հունվարին լսարանում խոսելու համար ծեծի է ենթարկել համածառայող Արտուշ Սիմոնյանին:
Եվ դատաքննության ընթացքում էլ հայտնի կդառնան գործին առնչվող առավել ուշագրավ հանգամանքներ: Ավելորդ չենք համարում հիշեցնել, որ դեպքից հետո պաշտոնանկություններ, խիստ նկատողություններ եղան ռազմական ինստիտուտում: Մեղադրյալներից Գնել Թևոսյանի հայրը՝ Զարմիկ Թևոսյանը, ով այստեղ երկրորդ դեմքն էր, մեղադրվեց որդու համար արտոնություններ ստեղծելու մեջ: Սա էլ, ըստ վարույթն իրականացնող մարմնի, առաջացրել է անհավասար մթնոլորտ ինստիտուտի ներսում: