Եռօրյա պաշտոնական այցով Ֆրանսիայի հանրապետություն է մեկնել ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը: ՀՀ ՏՄՊՊՀ նախագահը կմասնակցի հոկտեմբերի 28-ից 30-ը Փարիզում անցկացվող Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպության համաշխարհային համաժողովին:
«Մրցակցության հիմնախնդիրները աշխարհում» թեմայով Համաժողովին մասնակցում են աշխարհի հարյուրից ավելի երկրների մրցակցային մարմինների ղեկավարներ: Օրակարգում տնտեսական մրցակցության քաղաքականությանն առնչվող հարցերի քննարկումն է՝ հիմնված տարբեր երկրների փորձի և օրինակների վրա:
Համաժողովի շրջանակներում տեղի կունենան ոլորտային քննարկումներ, մասնավորապես, ցեմենտի, քիմիական արդյունաբերության, շինարարության ինչպես նաև սննդամթերքի շուկաների վերաբերյալ:
Պաշտոնական այցի շրջանակներում նախատեսված է նաև Ա. Շաբոյանի հանդիպումը Ֆրանսիայի Հանրապետության մրցակցային մարմնի նախագահ Բրունո Լասերի հետ:
ՀՀ ՏՄՊՊՀ