Ինչու է Անդրիաս Ղուկասյանի կինը ցանկանում հանդիպել Սեյրան Սարոյանին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 26-ից «Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնության անդամներն Ազգային ժողովի դիմաց նստացույց են անում` Սերժ Սարգսյանի իմպիչմենտի պահանջով: Նախաձեռնության անդամ Անդրիաս Ղուկասյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ իրենք ցանկանում էին հանդիպել ԱԺ-ի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանի հետ՝ 7 հազարից ավել քաղաքացիների ստորագրությամբ երկրում արտահերթ նախագահական ընտրությունների պահանջով գրությունը հանձնելու համար, ինչպես նաև` հանդիպում ունենալ ԱԺ-ի նախագահ Գալուստ Սահակյանի հետ` քննարկելու նախաձեռնության կողմից առաջ քաշած հարցերը: Ղուկասյանը վերահաստատեց, որ նախաձեռնությունը ակցիան շարունակելու է մինչեւ քառօրյայի ավարտը՝ հոկտեմբերի 29-ը:

-Մենք շարունակելու ենք մեր բողոքի ակցիան մինչեւ հոկտեմբերի 29-ը: Հոկտեմբերի 30-ին Երեւանում լինելու է մեծ հավաք, հաջորդ ակցիայով այն եւս կփոխարինվի, մնացած գործողությունները… հետագան ցույց կտա:

-Ձեզ չի՞ մտահոգում այն, որ քաղաքական ուժերը Սերժ Սարգսյանի իմպիչմենտի հետ կապված Ձեր առաջարկություններին անլուրջ վերաբերվեցին:

-Մեր բարձրացրած հարցը լրջագույն խնդիր է իրենից ներկայացնում: Բարեփոխումների հայեցակարգում մասնագիտական հանձնաժողովը նշել է, որ չեն գործում Սահմանադրության մի շարք հոդվածներ, այդ թվում` այն հոդվածը, որը վերաբերում է սահմանադրական կարգի հիմքերին, ուստի` դա հանդիսանում է հայտարարություն հանցագործության մասին: Մյուս կողմից՝ մենք ունենք 7.5 հազար քաղաքացիներից հավաքած ստորագրություններ՝ երկրում արտահերթ նախագահական ընտրությունների պահանջի վերաբերյալ, եւ այդ ամենը, բնականաբար, բոլոր քաղաքական ուժերի համար ստեղծել է բարդ իրավիճակ: Իրենք ամեն կերպ փորձում են շրջանցել բարձրացրած այս խնդիրները:

-«Ոչ»-ի ճակատից ինչո՞ւ ոչ ոք Ձեր ակցիային չի մասնակցում:

-Տարբեր պատճառներով: Ամեն մեկն անում է այն գործողությունը, որը համարում է ճիշտ:  «Նոր Հայաստան» հանրային փրկություն ճակատի համար որեւէ պետիցիաներով Ազգային ժողովին կամ պետական մարմիններին դիմելը դիտարկվում է որպես թույլ գործողություն:

-Ձեր կինը ցանկանում է հանդիպել ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանի հետ: Ի՞նչ են քննարկելու նրանք:

-Սեյրան Սարոյանը իր կարճ հարցազրույցի մեջ շոշափեց ընտանիքի վերաբերող հարցեր, գնահատական տվեց, այսինքն՝ խոսեց այն բաներից, որոնցից իրականում տեղյակ չէ, դրա համար իմ կինը արձագանքեց եւ հրավիրեց նրան հանդիպման:

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում·

Արփինե Թովմասյան




Լրահոս