Մեզ մոտ ձևավորվում է իր վրա հույս դնող սերունդ. Ա. Աշոտյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում ներկայացվել  են ՀՀ ԿԳՆ պատվերով իրականացված  «ՀՀ ուսանողների կենսաոճի և  Բոլոնիայի գործընթացի գնահատում» հետազոտության երկրորդ՝ «Ուսանողների հասարակագիտական գիտակցությունը» հատվածի արդյունքները:

Ներկայացնելով կատարված սոցիոլոգիական  ուսումնասիրության կարևորությունը՝ նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ հիմնական նպատակն այսօրվա ուսանողության իրական նկարագրի բացահայտումն է եղել. պարզելու նրա՝ կրթական բարեփոխումների ու քաղաքացիական ու հասարակական հարաբերությունների նկատմամբ ունեցած վերաբերմունքը. «Նախորդ անգամ ներկայացվել է ուսանողության կարծիքը  բարձրագույն կրթության ոլորտում բարեփոխումների վերաբերյալ՝ Բոլոնիայի գործընթացի համատեքստում: Հաշվի առնելով, որ ուսանողը նաև ՀՀ քաղաքացի է՝ իր լիարժեք իրավունքներով ու ազատություններով, իրականացրել ենք նաև հետազոտություն՝ պարզելու նրանց հասարակական-քաղաքական գերակայությունները, վարքի առանձնահատկությունները և ընկալումները՝ երկրում ընթացող քաղաքական և քաղաքացիական գործընթացների վերաբերյալ»,- նշել է Ա. Աշոտյանը և հավելել, որ ստացված արդյունքները բավական ուշագրավ են:   Նախարարի խոսքով՝ կատարված հետազոտությունը թույլ է տալիս հասկանալ Հայաստանի ներկա և ապագա զարգացումների ընթացքը:

Ա. Աշոտյանի խոսքով՝ օրինակ բավական հետաքրքիր է, որ իբրև երկրի առջև ծառացած կարևորագույն խնդիր՝  կոռուպցիան մատնանշվել է   հարցված ուսանողների ընդամենը 4,6 տոկոսի կողմից, մինչդեռ այդ մասին հրապարակավ ավելի շատ է խոսվում: «Կրթության որակը ևս, որը ԿԳՆ առաջնային խնդիրն է, ուսանողության կողմից  քիչ է կարևորվել՝  ընդմանեը 5 տոկոսն է նշել, որ կրթության որակն իրենց համար խնդիր է: Ինձ համար հետաքրքիր և կարևոր է, որ մեզ մոտ ձևավորվում է ինքն իր վրա հույս դնող սերունդ. մեծ մասը կարծիք է հայտնել, որ ամեն մարդ ինքն է պատասխանատու իր ճակատագրի համար: Այսինքն՝ մենք դուրս ենք գալիս այն կարծրատիպերից, որտեղ ամբողջ  հույսերը կապվում են միայն պետության հետ:

Հետաքրքիր է նաև ուսանողների քաղաքականացվածությանը վերաբերող  տվյալը. կուսակցական  կողմնորոշում ունեցող ուսանողության թիվը ընդամենը 6,8 տոկոս է կազմում, ինչը կրկնակի անգամ ավելի ցածր է հասարակության ընդհանուր կուսակցականցվածության ցուցանիշից: Փոխարենը քաղաքացիական նախաձեռնություններին անդամակցողների թիվն ավելի մեծ է, քան հասարակության միջին ցուցանիշը: Մեզ համար մարտահրավեր է, որ բավական ցածր է ուսանողության հասարակական-քաղաքագիտական գիտակցության մակարդակը, որովհետև այս դեպքում նրանք ավելի  հեշտ են ենթարկվում մանիպուլյացիաների: Մենք թերևս պետք է  հասարակագիտական կրթության որակի բարելավման ուղղությամբ քայլեր ձեռնարկենք, որպեսզի  նպաստենք ուսանողների ֆունդամետնալ գիտելիքների  կուտակմանը»,- նշել է Ա.Աշոտյանը և հավելել, որ արտաքին դրամաշնորհներով իրականցվող  բազմաթիվ նախագծերը այդ խնդիրը, փաստորեն, չեն լուծել: Ա. Աշոտյանի դիտարկմամբ՝ հետաքրքիր է նաև, որ ուսանողության մոտ 60 տոկոսը շեշտել է, որ առկա քաղաքական ուժերից որևէ մեկն այս պահին չի արտահայտում իր քաղաքական  զգացողությունները:

Հետազոտական աշխատանքն իրականացրած   IPSC ընկերության  վերլուծաբան Ս. Մանուկյանը, ներկայացնելով հետազոտության արդյունքները, նշել է, որ «ՀՀ ուսանողների կենսաոճի և  Բոլոնիայի գործընթացի գնահատման հետազոտության» երկրորդ՝ «Ուսանողների հասարակագիտական գիտակցությունը» հատվածը ներառում է զանգվածային հետազոտության տվյալներ Հայաստանի կաևորագույն խնդիրների մասին` ՀՀ ուսանողների պատկերացումների, Հայաստանի ներկայիս հասարակարգի վերաբերյալ նրանց գիտելիքների և հասարակական ակտիվության, ինչպես նաև տնտեսական և ստատուսային անհավասարության նկատմամբ ուսանողների դիրքորոշման վերաբերյալ: Ըստ հետազոտության արդյուքների՝ ուսանողության 25.3%-ի կարծիքով Հայաստանի առջև կանգնած կարևորագույն խնդիրը  գործազրկությունն է,  որին հետևում են՝ աղքատությունը (20.0%), երկրի անվտանգության ապահովումը (19.8%), երկրի տնտեսական թերզարգացածությունը (19.6%), արտագաղթն ու արտագնա աշխատանքի մեկնումները (19.3%):

Ուսանողների 58.8%-ը համաձայն են այն կարծիքին, որ յուրաքանչյուր մարդ ինքն է պատասխանատու իր տնտեսական վիճակի համար, 27.7%-ը՝ կարծում են, որ աղքատության և անհավասարության հիմնական պատճառը անարդարությունն է, իսկ 12.1%-ը գտնում են, որ աղքատության և անհավասարության հիմնական պատճառը երկրի աղքատությունն է՝ երբ երկիրը հարստանա՝ այդ խնդիրները կլուծվեն:
Ուսանողների 33.0%-ը համաձայն է որ. «բնական է, որ հարուստներն ու իշխանություն ունեցողները անպատիժ խախտում են օրենքները, քանի որ ով էլ հարստանա կամ գա իշխանության` այդպես կվարվի»: Այդ կարծիքի հետ համաձայն չեն ուսանողների 66.6%-ը:

Հետազոտությունն իրականացվել է  ՀՀ կրթության և գիտության նախարարության պատվերով՝  IPSC ընկերության կողմից, 2015թ.-ի մայիս-հունիս ամիսներին:
Իրականացվել է կոմպլեքսային սոցիոլոգիական հետազոտություն, այդ թվում՝ զանգվածային հետազոտություն (հետազոտության ընդհանուր համակցությունն էր՝ Երևանի պետական համալսարանների առկա ուսուցմամբ բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողները, հարցվել է 1,221 ուսանող), փորձագիտական հարցազրույցներ կրթության ոլորտի փորձագետների հետ (20 հարցազրույց), ֆոկուս խմբային հետազոտություններ ուսանողների շրջանում (6 ֆոկուս խումբ):




Լրահոս