Ցմահ դատապարտյալների համար նպաստավոր պայմաններ ստեղծելու առաջին քայլերից մեկը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կառուցումն է: Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ պատախսանելով ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Ավետիսյանի հարցին:
«Չեմ կարող ասել, որ սա իդեալական տարբերակ է և ամբողջովին կլուծի նրանց խնդիրները, սակայն 90 տոկոսով լուծում կտրվի փակ և կիսափակ ռեժիմով պահվող դատապարտյալների խնդիրը: «Ամրավիր» քրեակատարողական հիմնարկի բացումը նախատեսվում է այս տարվա դեկտեմբերին, իսկ տեղաբաշխումը համապատասխան կարգով կսկսվի մյուս տարվա սկզբին: Կարծում եմ, որ մենք կարող ենք մեծամասամբ լուծել այդ խնդիրը», «Արմենպրես»ի հաղորդմամբ՝ նշեց Հովհաննիսյանը:
Արփինե Հովհաննիսյանը նաև հավելեց, որ առաջիկայում Ազգային ժողովի քննարկմանը կներկայացվի օրենսդրական նախաձեռնություն, որով առաջարկվելու է կրկնապատկել ցմահ բանտարկյալների տեսակցությունների քանակը: Նա նշեց, որ խոսքը գնում է թե երկարատև, թե կարճատև տեսակցությունների մասին:
«Մենք ունենք նաև այլ օրենսդրական նախաձեռնություններ: Դուք գիտեք նաև, որ ցմահ ազատազրկվածները փակ ռեժիմի հիմնարկներում են կրում իրենց պատիժը: Մենք այս տարվա ընթացքում արդեն 9րդ դատապարտյալին փակ ռեժիմից կիսափակ ռեժիմ ենք տեղափոխել, իսկ նման դեպքերում նրանց իրավունքներն են որոշակիորեն ավելանում: Աշխատանքները շարունակական են լինելու, և մենք այս հարցում դեռ շատ անելիքներ ունենք»,- եզրափակեց նախարարը: