Մանրամասներ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի միջադեպից. «Գոջի»-ի ոսկյա շղթան զայրացրել էր ՔԿՀ ղեկավարությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 23-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում դիմակավորված անձանց կողմից դատապարտյալների նկատմամբ տեղի ունեցած հարձակման մասին տարբեր տեղեկություններ հրապարակվեցին: «Ժողովուրդ»-ին մանրամասներ են հայտնի դարձել այդ դեպքից: Պարզվում է՝ դիմակավորված անձիք մինչ դատապարտյալների վրա հարձակում իրականացնելը հանդիպել են «Նուբարաշեն» ՔԿՀ-ում իր պատիժը կրող ցմահ դատապարտյալ «զոն նայող» Իջեւանցի Դավիթի հետ:

Հիշեցնենք՝ նշված օրը՝ 22:30-ի սահմաններում տեղեկություններ տարածվեցին, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալները խոշտանգումների են ենթարկվում: Կալանավորներն էլ ստիպված են եղել ներսում հրդեհ կազմակերպել, որպեսզի ուշադրություն գրավեն, օգնություն հայցեն:

Երբ իրավապաշտպաններն ու լրատվամիջոցները հրապարակեցին տեղեկությունը, յուրաքանչյուրն իր լավատեղյակ աղբյուրներից օգտվելով, ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկների վարչության լրատվական ծառայությունը շտապեց հերքել, որ նման բան չկա: Բայց գործին խառնվեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը: Նրա ներկայացուցիչները զրուցել էին ավելի քան 150 ազատազրկվածների հետ:

Ոմանք հաստատել էին, որ խուզարկության ընթացքում լսել են տարօրինակ ձայներ, ինչից ենթադրել են, որ կիրառվում է բռնություն: Որոշ ազատազրկվածներ էլ պատմել են դիմակավոր անձանց մասին՝ պնդելով, թե իրենք ի նշան բողոքի այրել են սրբիչներ եւ դուրս են նետել պատուհաններից:

Այսքանից հետո Արթուր Օսիկյանի ղեկավարած քրեակատարողական հիմնարկների վարչությունը, որ մինչ այդ հերքում էր կատարվածը, պաշտոնապես հայտարարեց, թե ծառայողական քննություն է նշանակված: Թե ինչ կպարզի քննությունը, ապագան ցույց կտա, «Ժողովուրդ»-ը դարձյալ դիմեց լավատեղյակ աղբյուրներին՝ հասկանալու համար, թե իրականում ինչ է տեղի ունեցել:

«զոն նայողը»

Ըստ մեզ հասած տեղեկությունների` նշված օրը մոտ 30 դիմակավորված անձինք մուտք են գործել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ՝ հայտարարելով, թե ստուգումներ պետք է իրականացնեն, կամ ինչպես ընդունված է դատապարտյալների շրջանում ասել՝ «շմոն անեն» խցում: Սակայն մինչ համապատասխան գործողությունների գնալը, դիմակավորված անձինք հանդիպել են ՔԿՀ-ի ցմահ դատապարտյալ, ինչպես ասում են՝ «զոն նայող» իջեւանցի Դավիթի հետ: Ըստ դատապարտյալների շրջանում պտտվող խոսակցությունների՝ «զոն նայող» Դավիթը ասել է, թե կարող են «շմոն» անել, սակայն «ճիշտ չէ դուբինկաներով մտնել» կալանավորների խցերը: Բայց դատելով բարձրացված աղմուկից՝ համազգեստավորները չեն ընդունել ասվածը եւ գործողություններն իրականացրել են դիմակավորված, մահակներով:

Ահա, այստեղից էլ սկսվել է աղմուկը: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ դիմակավորված անձինք առաջինը մուտք են գործել 2-րդ հարկում գտնվող 15-րդ խուց, որտեղ եղել է դատապարտյալ Գոջին: Նրա պարանոցի ոսկե շղթան համազգեստավորներին դուր չի եկել: Իհարկե, Գոջին երկար ժամանակ դիմադրել է՝ ասելով, թե. «Ես ռազբոյի համար եմ նստել, բայց հիմա դուք եք իմ նկատմամբ ռազբոյ իրականացնում, էս ի՞նչ ձեւ է: 1 տարի է, այդ ցեպն իմ վզից կախված է, ինչի հիմա հիշեցիք, ուզում եք տանել…»: Մոտավորապես այսպիսի խոսակցություն է եղել համազգեստավորների ու կալանավորի միջեւ, սակայն դիմակավորված ուժայինները, այնուամենայնիվ, շղթան պոկել, տարել են:

Ըստ էության դատապարտյալ Գոջի եւ օրինականություն հաստատելու, ապօրինի օգտագործվող հեռախոսներ հայտնաբերելու համար կալանախուց մտած դիմակավորվածների միջեւ սկսված վիճաբանությունն է առիթ դարձել, որ մյուս դատապարտյալները աղմուկ բարձրացնեն ու իրեր այրեն՝ օգնություն խնդրելով:

Վարկած առաջին

Ըստ դատապարտյալների շրջանում տարածված լուրերի՝ այս պատժիչ գործողությունների պատճառներից մեկը կարող էր լինել այն, որ հոկտեմբերի 5-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Արթուր Օսիկյանը ընդունել է Հայաստանում գտնվող «Խոշտանգումների եւ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի» (CPT) պատվիրակությանը: Ավելի ուշ կոմիտեի (CPT) պատվիրակության անդամները այցելել են քրեակատարողական հիմնարկներ, որտեղ դատապարտյալները պատմել են, որ ՔԿՀ-ներում անմարդկային պայմաններում են ապրում, խցերի համար գումար են «վճարում», տարաբնույթ կենդանիների ու միջատների հետ են քնում, արթնանում, մահճակալներ չկան խցերում եւ այլն: Դատապարտյալները դժգոհել են նաեւ, որ առնետների դեմ իրենք են պայքարում, եւ եթե չլինի իրենց հարազատների օգնությունը` սննդի եւ գումարի տեսքով, ապա անհնար կլինի պարզապես ՔԿՀ-ում ապրել: Եւ հիմա շատ դատապարտյալներ կարծում են, որ այս բողոքը զայրացրել է ՔԿՀՎ պետ Արթուր Օսիկյանին, եւ նա դիմել է նախկին գործընկերներին՝ ՀՀ ոստիկանության աշխատակիցներին, որպեսզի ստուգեն խցերը՝ հեռախոսներ հայտնաբերելու մշտական կասկածով եւ դաս տան բողոքողներին:

Վարկած երկրորդ

Ըստ դատապարտյալների շրջանում տարածված խոսակցությունների` չի բացառվում, երբ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը տեղեկացել է, որ դատապարտյալները աղմկալի բողոքներ են ներկայացրել եվրոպական կոմիտեի (CPT) պատվիրակությանը, հանձնարարել է ՔԿ վարչության պետ Արթուր Օսիկյանին կարգ ու կանոն հաստատել: Եվ Օսիկյանն էլ ոլորտից անտեղյակ նախարարին փորձել է այդ կերպ ցույց տալ, որ ամեն ինչ այնքան էլ հեշտ չէ, ինչպես իրեն թվում է: Ասել է թե՝ Արթուր Օսիկյանը եւ Արփինե Հովհաննիսյանը ներհամակարգային կռվի մեջ են մտել, ինչի արդյունքում տուժում են դատապարտյալները:

Նախարարության ու վարչության պարզաբանումը

Ստեղծված իրավիճակի շուրջ պարզաբանում ստանալու համար «Ժողովուրդ»-ը դիմեց ՀՀ արդարադատության նախարարություն: ՀՀ ԱՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Լուսինե Մարտիրոսյանը հայտնեց, թե ԶԼՄ-ներում տարածված «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեղի ունեցած բռնությունների մասին լուրերը ճշգրտելու նպատակով ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի գրության հիման վրա քրեակատարողական վարչության պետի կողմից հոկտեմբերի 26-ին նշանակվել է ծառայողական քննություն: Ծառայողական քննության արդյունքները հրապարակելուց հետո միայն հնարավոր կլինի խոսել դեպքի մանրամասներից: Իսկ, ահա, ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի վարչության պետ Գոռ Ղլեչյանը, անդրադառնալով մեր տեղեկություններին, ասաց, թե առայժ ձեռնպահ կմնան որեւէ մեկնաբանություն տալ մինչեւ ծառայողական քննության ավարտը:

Ինչ ավարտ կունենա նշանակված ծառայողական քննությունը, ժամանակը ցույց կտա: հուսանք, որ այն «աչքերին թոզ փչելու» հերթական քայլը չէ:

Քնար Մանուկյան




Լրահոս