Ավարտին են մոտենում Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի 1-ին փուլի` Իզոտոպների արտադրության կենտրոնի, ստեղծման աշխատանքները: ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գագիկ Միրիջանյանը և ՀՀ ԱՆ «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն Նելսոն Զուլոյանը այցելել են շինհրապարակ, ծանոթացել ընթացիկ աշխատանքներին:
Կենտրոնի գործարկման շնորհիվ Հայաստանի բնակչությանը հասանելի կդառնա գերժամանակակից «ՊԵՏ» (Positron emission tomography) հետազոտությունը:
Ընթացքի մեջ է նաև 2-րդ փուլի` Ճառագայթային բուժման մասնաշենքի, նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման գործընթացը: Ներկայումս աշխարհում մեծ պահանջարկ ունեցող ճառագայթային բուժումը համարվում է չարորակ նորագոյացությունների բուժման առավել ծախսարդյունավետ մեթոդներից մեկը, որը ցուցված է հիվանդների շուրջ 50 տոկոսին:
Ճառագայթային բուժման կենտրոնը հագեցած կլինի արդի գծային արագացուցիչներով, բրախիթերապիայի համար նախատեսված սարքավորումով, ինչպես նաև կունենա հզոր ախտորոշիչ մաս: Կենտրոնի պլանային հզորությունը նախատեսված է տարեկան շուրջ 1250 հիվանդի բուժման համար: