Իշխանությունը գնում է կրկնակի քվեարկության խթանման ուղիով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ իշխանությունները երեկ վերջնականապես ազդարարեցին, որ ցանկանում են ընտրողներին թույլատրել նույնականացման պլաստիկ քարտերով մասնակցել քվեարկությանը: Բանն այն է, որ ԱԺ-ի երեկ ընդունած որոշմամբ ՀՀԿ խմբակցության անդամներ Հովհաննես Սահակյանի, Արտակ Դավթյանի, Գագիկ Մելիքյանի եւ Գագիկ Մինասյանի հեղինակած օրենսդրական փաթեթը ոչ միայն խորհրդարանի քառօրյա ընդգրկվեց, այլ նաեւ դրա քննարկման հատուկ կարգ սահմանվեց: Ըստ այդմ, նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո 24 ժամվա ընթացքում պետք է նաեւ երկրորդ ընթերցմամբ քվեարկվի:

Նշված օրենսդրական փաթեթին մենք արդեն մեկ անգամ անդրադարձել ենք: Ըստ այդմ, ՀՀԿ-ական պատգամավորներն առաջարկում են փոփոխություններ կատարել ՀՀ ընտրական օրենսգրքում եւ «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքում: Մասնավորապես, առաջարկվում է փոխել ԸՕ 64-րդ հոդվածում, որպեսզի ընտրողները նույնականացման քարտերով եւս քվեարկելու իրավունք ունենան: ԸՕ-ում առաջարկվող մեկ այլ փոփոխությամբ էլ (66-րդ հոդվածում) ամրագրվում է, որ նույնականացման քարտերի վրա դրոշմակնիք չի դրվում, եւ քարտերի դրոշմակնքված լինելու հանգամանքը չի ստուգվում: Հիշեցնենք, որ նույնականացման քարտերը անձնագրին փոխարինող պլաստիկ փաստաթղթեր են, որոնց մեջ առկա է նաեւ էլեկտրոնային կրիչներ: Այսինքն՝ նույնականացման քարտերի վրա պարզապես հնարավոր չէ ժամանակավոր դրոշմակնիք դնել, որը 12 ժամ հնարավոր չլինի մաքրել, ինչպես դա արվում է անձնագրերի դեպքում: Մյուս կողմից նույնականացման քարտերի վրա բացակայում է քաղաքացու հաշվառման հասցեի մասին նշումը: Հենց այս երկու հանգամանքները հաշվի առնելով՝ միանշանակ կարող ենք պնդել, որ ընտրողներին նույնականացման քարտերով քվեարկելու իրավունք տալով՝ իշխանություններն ընտրությունները կեղծելու նոր եւ անսպառ հնարավորություն են ստեղծում: Իհարկե, նման համոզմունք չէր լինի, եթե ընտրությունները հենց իշխանությունները չկեղծեին: Բայց ողջ խնդիրն այն է, որ վերջին քսան տարիներին Հայաստանում տեղի ունեցած բոլոր տեսակի ընտրությունների փորձը ցույց է տվել, որ իշխանությունները բոլոր հնարավոր ձեւերով կեղծում են ընտրությունների արդյունքները:

Իսկ իրավապահներն էլ ոչ թե կեղծիքների դեմ են պայքարում, այլ ապահովում են, որպեսզի կեղծարարները հնարավորինս անկաշկանդ կեղծեն: Ծայրահեղ դեպքում, երբ ընդդիմությանը հաջողվել է ընտրակեղծարարի ձեռքից բռնել, կատարողները, որպես կանոն, ձեւական պատիժների են արժանացել, եւ հետագայում իշխանությունները նրանց առատաձեռն վարձատրել են իրենց «ծառայությունների» համար: Այսինքն՝ երբ ասվում է, որ ընտրական գործընթացները հնարավորինս պետք է թափանցիկ լինեն եւ վերահսկելի, դա հատուկ նրա համար է, որպեսզի ընդդիմությունը հնարավորություն ունենա վերահսկել իշխանությունների կողմից ընտրությունները կեղծելու գործընթացը: Ի դեպ, հնարավորությունը դեռ չի նշանակում, որ ընդդիմությունը կկարողանա դա անել: Մինչ օրս նման հնարավորություն եղել է, բայց ընդդիմությունը, որպես կանոն, ռեսուրսների անբավարարության պատճառով չի կարողացել լիարժեք վերահսկել բոլոր՝ մոտ 2000 տեղամասերը:

Դեկտեմբերի 6-ին նշանակված սահմանադրական հանրաքվեն անցկացնելու նպատակով կազմավորվել է 1997 տեղամաս, այս թիվը հրապարակվել է երեկ: Սահմանադրական փոփոխությունների «Ոչ»-ի ճամբարում արդեն իսկ կոչեր են հնչում, որ իրենք պետք է 4 հազար դիտորդ ունենան: Ուստի չի կարելի բացառել, որ այս անգամ ընդդիմությանը կարող է հաջողվել տեղամասերը լիարժեք վերահսկողության տակ վերցնել: Բայց մյուս կողմից էլ ՀՀ 176 հազար քաղաքացիներ անձնագիր չունեն, եւ նրանց անձը հաստատող միակ փաստաթուղթը նույնականացման քարտն է: Եւ որպեսզի լուծվի նրանց՝ ընտրություններին եւ հանրաքվեներին մասնակցելու հնարավորության հարցը, պետք է քվեարկեն նույնականացման քարտերով, որը, ինչպես նշեցինք, կրկնակի քվեարկության անսահման հնարավորություն է ստեղծում: Եւ այս մեխանիզմը բացահայտելու համար դիտորդները նույնականացման քարտով տեղամաս եկող բոլոր ընտրողներին մանրակրկիտ պետք է ստուգեն, ինչը ընտրողների ակտիվ հոսքի ժամերին գրեթե անհնար է: Սակայն ցանկության դեպքում իշխանությունները կարող են ներդնել «ընտրողի վկայականի» ինստիտուտը:

Այս նպատակով ընտրողներին կարող են տրվել սովորական կապույտ անձնագրերի պես հատուկ պաշտպանությամբ փաստաթղթեր՝ կոնկրետ ընտրություններին մասնակցելու համար: Սակայն այս համակարգը ներդնելը իր մեջ մի «վտանգ» է պարունակում. եթե անցում կատարվի «ընտրողի վկայականին», ապա ընտրական ցուցակները եւս պետք է սկսեն մաքրել՝ դրանցում ներառելով միայն համապատասխան փաստաթուղթն ստացած քաղաքացիներին: Արդյունքում, ընտրությունների կեղծման ամենամեծ ռեսուրսը՝ ավելի քան 600 հազար գոյություն չունեցող ընտրողների գործոնը վերանում է: Իսկ ամբողջությամբ կեղծիքի վրա հիմնված իշխանությունները չեն կարող իրենց նման «շռայլություն» թույլ տալ:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս