Տեղի ունեցավ Դպրոցները լուսանկարներում ցուցահանդեսի բացումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեկ “ՆՓԱԿ”-ում տեղի ունեցավ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի կազմակերպած “Դպրոցները` լուսանկարներում” ցուցահանդեսի բացումը: Ցուցահանդեսում ներկայացված են լուսանկարներ` Հայաստանի 6 մարզերի 26 դպրոցներից, որոնք ունեն անբարենպաստ շենքային պայմաններ: Դրանցից շատերը չունեն սանհանգույց, պատուհաններ, որոշները կիսաքանդ վիճակում են, պատերը ճաքճքված, ծեփաթափ ու բորբոսնած, չկան հարմարավետ սեղաններ և նստարաններ, մարզադահլիճներ… Այս ամենը փորձեցին ներկայացնել լուսանկարների միջոցով, որոնք տրամադրել էին Հայաստանի Հելսինկյան կոմիտեի մարզային կամավորները, ինչպես նաև` ՀԿ-ների և դպրոցների ներկայացուցիչները:
Ցուցահանդեսի բացմանը ներկա էին մարզպետարանների, ՏԻՄ-երի, ծրագրում ընդգրկված դպրոցների, լրատվամիջոցների և ՀԿ-ների ներկայացուցիչներ: Ցուցահանդեսի բացմանը Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը խոսեց ցուցահանդեսի նպատակի և ակնկալիքների մասին: “Շատ կարևոր է կրթական միջավայրը, այն պետք է հրապուրիչ լինի աշակերտների համար: Անհրապույր միջավայրում սովորող երեխան անընդհատ կմտածի, թե երբ է դպրոցից դուրս գալու: Միակ բանը, որ կարող է երեխային ավելի երկար պահել դպրոցում, դա այն է, որ տանն ավելի անմխիթար պայմաններ լինեն, քան դպրոցում: Ցուցահանդեսում ներկայացված են 26 դպրոցներ, սակայն, ցավոք սրտի, պետք է նշեմ, որ Հայաստանի մարզերի շատ դպրոցներ են այս վիճակում”,- իր ելույթում ասաց Ավետիք Իշխանյանը: Նա ցավով հավելեց, որ խնդրի նկատմամբ պատկան մարմինների և լրատվամիջոցների ներկայացուցիչների հետաքրքվածությունը ցածր մակարդակի վրա է: Շատերն էին հրավիրվել ցուցահանդեսի բացմանը, սակայն հետաքրքրություն չեն ցուցաբերել խնդրի վերաբերյալ:
“Կարծում եմ, որ Հայաստանում մի դպրոց նորոգելը շատ ավելի կարևոր է, քան որևէ հսկա եկեղեցի կառուցելը: Եկեղեցաշինության ու կղերականությունը դպրոց մտցնելու փոխարեն, թող այս դպրոցները նորոգեն ու կարգին դպրոցներ կառուցեն”,- հավելեց պարոն Իշխանյանը:
Հելսինկյան կոմիտեի տնօրեն Սիրվարդ Մամիկոնյանը նշեց, որ իրեն վրդովեցնում է այն հանգամանքը, որ տարբեր հաստատությունների համար նոր շենքեր են կառուցվում և բարենպաստ պայմաններ ապահովվում, այն դեպքում, երբ անձի ձևավորման և կայացման համար ամենակարևոր օղակը` դպրոցը, նման խնդիր ունի:
Հելսինկյան կոմիտեի ներկայացուցիչ Հասմիկ Հովհաննիսյանը հույս հայտնեց, որ կգտնվեն բարերարներ, ովքեր ֆինանսներ կուղղեն դպրոցների շենքային պայմանների բարելավմանը: Նա խոսեց նաև այն էլեկտրոնային հարթակի մասին, որում տեղադրված են ծրագրում ընդգրկված դպրոցների լուսանկարները, տեղեկություններ այդ դպրոցների մասին, դրանց կոնտակտային տվյալները: Սա մի հարթակ է, որը հնարավորություն կտա բարձրաձայնել և հանրության ուշադրությունը հրավիրել անմխիթար շենքային պայմաններ ունեցող դպրոցների հիմնախնդիրներին: Կայքի միջոցով այլ դպրոցների ներկայացուցիչները և խնդրով մտահոգված ցանկացած անձ կարող է կապ հաստատել Հելսինկյան կոմիտեի հետ և կայքում ներկայացնել այն դպրոցները, որոնք ևս նմանատիպ խնդիրներ ունեն:
Ցուցահանդեսի մասնակիցները տպավորված էին: Ներքին Խնձորեսկի դպրոցի (այս դպրոցը ներկայացված էր ցուցահանդեսում) փոխտնօրեն Սամվել Դիլանչյանը խոսեց ցուցահանդեսի կարևորության մասին: “Մեր դպրոցը 2004 թ.-ին է կառուցվել, բայց նույն տարում աշնանը նկատեցինք, որ տանիքից անձրևաջուր է կաթում: Դրա հետևանքով ողջ շենքը շատ արագ սկսեց քայքայվել, հատակի վրա փոսեր գոյացան. մի անգամ ինքս եմ այդ փոսերից մեկի մեջ ընկել ու մեկ ամիս ստիպված եմ եղել անկողնում անցկացնել”,- պատմեց պարոն Դիլանչյանը: Հարց է առաջանում. ո՞վ և ինչպե՞ս է իրականացրել դպրոցի շինարարական աշխատանքները: Այսինքն, խնդիրը միայն անուշադրությունը չէ, այլ ոչ ադեկվատ վերաբերմունքը:
“Ինտերնյուզ” ՀԿ ներկայացուցիչ Նարինե Սաֆարյանի համար անհասկանալի է այն հանգամանքը, որ դպրոցների շինությունների բարեկարգման համար տրամադրվող պետական ֆինանսավորումը նման ծայրահեղ վատ վիճակում գտնվող դպրոցներին չեն ծառայում: Ինչպե՞ս են դրանք ծախսվում, եթե մենք այսօր ունենք այսպիսի դպրոցներ, որոնք, մեղմ ասած, քիչ չեն: Այս և այլ հարցերի շուրջ քննարկում ծավալվեց և ներկաների կողմից տարբեր առաջարկներ հնչեցվեցին:
Ցուցահանդեսը բաց է նաև մարտի 28-ին` ժամը 11-17-ը:




Լրահոս