Հայաստանը կանգնա՞ծ է դեֆոլտի առջև. ինչ է սպասվում 2016-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խորհրդարանում շարունակվում են 2016թ. պետական բյուջեի քննարկումները: Այժմ տեղի է ունենում ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի համատեղ նիստ, որի ընթացքում ներկայացվեցին սոցիալական ոլորտին տրամադրվելիք գումարները:

Ֆինանսական տվյալները ներկայացնելուց հետո ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանին հարց ուղղեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը, ով հետաքրքրվեց, թե Հայաստանն արդյոք գտնվում է  դեֆոլտի եզրին, և կան նման ռիսկեր, թե` ոչ:

Ի պատասխան` Սաֆարյանն առաջարկեց «դեֆոլտ» բառը չօգտագործել` տպավորություն չստեղծելու համար: «Դեֆոլտի մասին խոսում են այն ժամանակ, երբ պետությունը ֆինանսական հնարավորություններ չունի: Հայաստանը 2016-ին ունի հնարավորություններ, դրանք բյուջեում արտացոլված են, չկան վարկեր, որոնք պետք է մարվեն, բայց բյուջեում արտացոլված չեն», – ընդգծեց Սաֆարյանը:

Վերջինս հայտարարեց, որ այս քննարկումը պետք է ունենային այն դեպքում, երբ թեկուզ մեկ վարկի գծով տեսնեինք, որ չկան գումարներ: Նրա խոսքով` դեֆոլտ առաջանում է այն ժամանակ, երբ վարկերի վճարման համար համապատասխան միջոցներ և հնարավորություններ չկան: Սաֆարյանն ընդգծեց, որ այդպիսի խնդիրներ չեն  առաջանա ոչ միայն 2016-ին, այլև` մինչ 2018-ը:




Լրահոս