ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԸ ԱՍՈՒՄ ԵՆ «ԾԱՂԻԿ», ՍԱՊԾ-Ն՝ ՄԱՇԿԱԲՈՐԲ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին ամիսներին ՀՀ որոշ մարզերում ինչպես խոշոր, այնպես էլ մանր եղջերավոր անասունների շրջանում վարակիչ հիվանդության դեպքեր են արձանագրվել: «Ժողովուրդ»-ը այս խնդրի շուրջ բազմաթիվ հեռախոսազանգեր է ստանում Գեղարքունիքի, Արմավիրի, Արարատի եւ Կոտայքի մարզերի բնակիչներից: Ըստ նրանց՝ կենդանիների մոտ «ծաղիկ» կոչվող վարակիչ հիվանդությունն է: Սակայն գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունում կարծում են, որ խոշոր եղջերավոր անասունների մոտ նկատված հիվանդությունը մաշկի բորբոքում է:

«Ժողովուրդ»-ին դիմած քաղաքացիները հայտնեցին, որ մոտ երեք ամիս է, ինչ հանրապետության տարբեր շրջաններում անասունների մոտ արձանագրվել են վարակիչ հիվանդության դեպքեր: Օրինակ՝ Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ, Հացառատ, Գանձակ, Արմավիրի մարզի Վարդանաշեն, Երասխահուն, Մարգարա, Արազափ, Եղեգնուտ, Արարատի մարզի Ռանչպար, Սայաթ-Նովա, Արբատ գյուղերի անասունների մոտ վարակիչ հիվանդության դեպքեր են արձանագրվել: Անասնատերերը այս հիվանդությունը նմանեցնում են «ծաղիկ» հիվանդությանը: «Ժողովուրդ»-ը շրջեց մի քանի գյուղերով եւ լուսանկարեց հիվանդ անասուններին: Սակայն պաշտոնապես դեռ հաստատված չէ, որ անասունների մոտ արձանագրվածը հենց այդ հիվանդությունն է:
Նշենք, որ «ծաղիկ» հիվանդությունը սուր ընթացող, վարակիչ, տենդով ուղեկցվող հիվանդություն է, բնորոշ է մարմնի ջերմաստիճանի բարձրացմամբ եւ մաշկի ու լորձաթաղանթների վրա ծաղկաբշտային ցաների առաջացմամբ: «Ծաղիկ»-ով հիվանդանում են գրեթե բոլոր գյուղատնտեսական կենդանիներն ու թռչունները: Վարակի աղբյուրը հիվանդ կենդանին է եւ նրանից ստացված մթերքները: Առողջ կենդանիները վարակվում են շփման միջոցով, բերանով եւ շնչառական ուղիներով: «Ծաղիկ» հիվանդությունն անասուններից փոխանցվում է նաեւ մարդկանց: Ինչ վերաբերում է մսամթերքի ու կաթնամթերքի օգտագործման ռիսկերին, ապա ընդհանրապես արգելվում է հիվանդ անասունի միսը կամ կաթը օգտագործել` առանց համապատասխան մշակման. կաթը 70 աստիճան տաքացնելու դեպքում հարուցիչը մահանում է: Նույնը նաեւ մսի ախտահանմանն է վերաբերում:
Հիշեցնենք, որ Արցախի Մարտակերտի շրջանի սահմանամերձ Թալիշ համայնքում հունիսին բռնկվել էր խոշոր եղջերավոր անասունների «ծաղիկ» հիվանդությունը: Ըստ ԼՂՀ գյուղնախարարության օգոստոսի տվյալներով՝ համաճարակը ՝տարածվել է 96 համայնքներում, որտեղ «ծաղիկ» հիվանդությամբ վարակվել է ավելի քան 1300 անասուն: Դրանցից 544-ն արդեն բուժվել է, մի մասը բուժման ընթացքի մեջ է, իսկ 20-ը սատկել են: Արդյունքում հիվանդության բուժումից անտեղյակ գյուղացիների մոտ խուճապ էր առաջացել, եւ որոշ մարդիկ հապշտապ էժան գներով անասունները սկսել էին վաճառել: «Ժողովուրդ»-ին դիմած քաղաքացիների խոսքերով՝ դեռեւս անհայտ հիվանդությունը Հայաստան է մուտք գործել հենց Արցախից, որտեղի անասնատերերն իրենց անասուններին վաճառել են ՀՀ տարածքում:
Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց ՀՀ ԳՆ ՍԱՊԾ անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանի հետ, ով ասաց, որ ԼՂՀ գործընկերներն իրենց ձեռքի տակ չեն ունեցել լաբորատոր ախտորոշում, որը կհաստատեր, որ անասունների մոտ «ծաղիկ» հիվանդությունն է արձանագրվել: «Քանի որ մեր հարեւան պետություններում՝ Ադրբեջանում, Թուրքիայում, Իրանի Իսլամական Հանրապետութունում գրանցվել է հիվանդություն, որը կոչվում է մաշկաբորբ, իսկ ԼՂՀ-ն էլ հարակից է իմ կողմից նշված հարեւան պետություններին, չի բացառվում, որ մեզ մոտ՝ ՀՀ-ում նույնպես գրանցված լինի նույն մաշկաբորբ հիվանդությունը: Այնուամենայնիվ, դրա մասին վերջնական խոսելը, դեռ վաղ է, չկա լաբորատոր ախտորոշում: Մենք առայժմ լաբորատոր ախտորոշում չունենք»,- փոխանցեց մեր զրուցակիցը: Եւ չնայած դրան` նա տեղեկացրեց, որ հիվանդ անասունների միսը վտանգավոր չէ, եթե հիվանդությունը վտանգավոր լիներ, ապա իրենք կպահանջեին կենդանուն հարկադիր սպանդի ենթարկել: Մասնագետը կոչ արեց նաեւ աչալուրջ լինել եւ անհրաժեշտության դեպքում անասնաբույժին ահազանգել:
«Ժողովուրդ»-ին դիմած անասնատերերը, սակայն, հայտնեցին, որ տվյալ հիվանդության դեմ անասուններին հակաբիոտիկ ներարկելու համար անասնաբույժները 3000-5000 դրամ են պահանջում: Գյուղացիներն էլ, չունենալով գումար, ստիպված իրենք իրենց ուժերով են ներարկումները կատարում:
Այս հարցում, սակայն, ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը չի կարող միջամտել: ԳՆ անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության եւ բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոնի տնօրեն Արմեն Ավագյանը «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ պետպատվերի շրջանակներում, որպես սոցիալական աջակցություն, գյուղկենդանիների պատվաստում ծրագրի շրջանակներում 9 միջոցառումներ են նախատեսված, որոնք իրականացվում են անվճար: «Իսկ մյուս՝ թերապեւտիկ, պարազիտար, մեխանիկական ցանկացած միջոցառում ազատականացված է, պետությունը դրանում ոչ մի միջամտություն չունի: ԳՆ-ն սակագին չի սահմանել, որովհետեւ այդպիսի իրավասություն եւ գործառույթներ չունի»,- փոխանցեց Ավագյանը:
Զրույցի ավարտին ԳՆ ներկայացուցիչը նկատեց, որ արձանագրված վարակիչ հիվանդության դեպքերի մասով համապատասխան լաբորատոր նմուշներ ուղարկվել են, սակայն վերջնական պատասխանը դեռ չկա: «Այս պահի դրությամբ լուրջ խնդիրներ չեն հայտնաբերվել: Երկրում անհանգստացնող իրավիճակ չկա, անասնահամաճարակային վիճակ չկա: Այնպես որ, լաբորատոր հետազոտությունները շարունակվում են»,- նշեց Ավագյանը: Իսկ թե դրանք երբ կավարտվեն, երկու պետական կառույցների ներկայացուցիչներից որեւէ մեկը չկարողացավ նշել:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

 
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԿԱՐՈՒՄ է

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային վարչությունում շարունակվում է Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Սեւքար գյուղում շինաքար արդյունահանած «Գետն գրուպ» ընկերությանն առնչվող քրեական գործի քննությունը:

Մարզային քննչական վարչությունից տեղեկացանք, որ դեռեւս չեն ստացվել հանքավայրին առնչվող փորձաքննության արդյունքները: Քարի վերամշակմամբ զբաղվող, Երեւանի Արցախի պողոտայի 50 հասցեում գրանցված «Գետն գրուպ» ՓԲԸ-ն տարիներ շարունակ Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի Սեւքար գյուղի կարմիր գույնի քարի հանքավայրը շահագործել է անօրինական կերպով:
Այդ բիզնեսի հետ սերտ առնչություն ունի ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը: Լավատեղյակ անձինք ասում են, որ այդ քարով է կառուցվել Երեւանի քաղաքապետարանի շենքը, երբ քաղաքապետը Երվանդ Զախարյանն էր: Պարզվում է՝ «Գետն գրուպ» ՓԲԸ-ն հանքավայրի տարածքի վարձակալության պայմանագիր չի ունեցել Սեւքարի գյուղապետարանի հետ: Եւ նման պայմաններում ընկերությունը 6-7 տարի շահագործել է այդ հանքավայրը: 2010թ. Տավուշի մարզում ստուգումներ կատարած Հայաստանի վերահսկիչ պալատը նշված ընկերության գործունեության հետ կապված բացահայտումներ է արել: Սակայն այդ բացահայտումներին իրավապահ մարմինները ընթացք չեն տվել: 2014թ. աշնանը ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի քննչական բաժինը Սեւքարում «Գետն գրուպ»-ի գործունեության հետ կապված քրեական գործ է հարուցել:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

 
ԵՐԹՈՒՂԻՆ ՉԻ ԳՈՐԾՈՒՄ
2014թ. նոյեմբերից չի գործում Նոյեմբերյան-Երեւան միկրոավտոբուսային երթուղին: Այն նախկինում սպասարկում էր Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին փաստացի պատկանող «Բագրատաշենի մաքսային պահեստ» ՍՊԸ-ն: Դրանից հետո ոչ մի կազմակերպություն ցանկություն չի հայտնել մասնակցելու ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության կողմից հայտարարված երթուղու մրցույթին՝ մտածելով, որ եթե մարզպետը չի կարողանում այն շահագործել, իրենք հաստատ չեն կարողանա: Երթուղին շահագործող ընկերությունը պետք է մրցակցի նույն ուղերթում աշխատող տաքսիների հետ, որոնց մի մասը հարկային դաշտում չի գործում: Միկրոավտոբուսների ուղեվարձը 2 հզ դրամ է, տաքսիներինը՝ 3 հզ դրամ, շատերը նախապատվությունը կտան տաքսիներին: Իսկ մինչ այդ երթուղում գործում են ինչպես անհատ տաքսիներ, այնպես էլ տաքսի ծառայություններ: Սովորաբար տաքսին մեկնում է, երբ հավաքվում են 4 ուղեւորները: Իսկ քանի որ միշտ չէ, որ ուղեւորների անհրաժեշտ թիվը շուտ է լրանում, մարդիկ ստիպված են լինում երկար սպասել: Իսկ Երեւանում ուղեւոր «հավաքելը» մի առանձին երեւույթ է: Ուղեւորները տաքսի են նստում մայրաքաղաքի տարբեր մասերում: Նրանք վարորդներից, վերջիններս էլ ուղեւորներից հեռախոսով ճշտում են հանդիպման վայրը: Լինում է այնպես, որ նոյեմբերյանցիները մայրաքաղաքի փողոցներում չկողմնորոշվելով՝ չեն կարողանում տաքսիստին բացատրել, թե իրենք որտեղ են գտնվում: Արդյունքում մարդիկ լրացուցիչ փող, նյարդեր եւ ժամանակ են վատնում:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

ՈՒՌՃԱՑՎԱԾ ԹՎԵՐ
Երեկ ոստիկանության պաշտոնական կայքում հրապարակվեցին ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների նախնական ցուցակները, որոնք ներկայացված են ըստ տեղամասերի: Գյումրու ՀԱԿ կառույցը ահազանգում է, որ ընտրողների թիվը Շիրակի մարզում, մասնավորապես Գյումրիում, ուռճացված է: Գյումրու ՀԱԿ կառույցի ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը որոշակի հաշվարկներ է ներկայացրել Aravot.am-ին. «2012թ. Գյումրիում ՏԻՄ ընտրողների թիվը եղել է 125 հզ. 657, 2013թ. նախագահական ընտրություններին՝ 125 հզ. 425, 2015թ. այս հանրաքվեի ընտրությանը, նախնական տվյալներով, 126 հզ. 314 է: Ուղղակի աբսուրդ է, որ 2012թ. համեմատ այժմ 657 ընտրողով ավելացել է թիվը, եւ 2013թ. համեմատ մոտ 900 ընտրող ավելացել է ցուցակներում: Հետաքրքիր են նաեւ 2011թ. մարդահամարի տվյալները. Գյումրիում 123 հզ. բնակիչ է եղել՝ ըստ ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված տվյալների: Հիմա ո՞նց եղավ, որ Գյումրիում 126 հզ. ընտրող կա, հենց իրենց հրապարակած թվերն ասեմ ՝18 տոկոս արտագաղթի տեմպ կա Գյումրիում… Այդ ուռճացված թվերը որտեղի՞ց են ստացել: Այդ ուռճացված թվերը միայն Գյումրիում չեն, բոլորս էլ լավ գիտենք արդեն Վանաձորի մասին: Ես չեմ հասկանում այստեղ նորածիններից սկսած ընտրո՞ղ են»: Վ. Խաչատրյանը նկատել է նաեւ, որ Գյումրիի ընտրատեղամասերի թիվը մեկով ավելացել է: «34 ընտրատարածքում, թիվ 32 դպրոցում մեկ տեղամաս ավելացել է: Ինչքան ավելանում է արտագաղթի թիվը, տեղամասերն այնքան ավելանում են»:




Լրահոս