ԿՐԱԿԵԼ ԵՆ ԳԱԳԻԿ ՄԵԼԻՔՅԱՆԻ ՓԵՍԱՅԻ ՎՐԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մարտի 23-ին  Ավան-Առինջի 4/2 շենքի բակում կրակոցներ են հնչել: Դրանք ուղղված են եղել Տավուշի մարզի Բերդ քաղաքի քաղաքապետ Հարություն Մանուչարյանի հարազատ որդուն եւ քրոջ տղային: Ի դեպ, Բերդի քաղաքապետի որդին ` Անուշավան Մանուչարյանը, նաեւ ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին քարտուղար Գագիկ Մելիքյանի փեսան է:
Դեպքի մանրամասները պարզելու նպատակով «Ժողովուրդ»-ն այցելեց Ավան-Առինջի 4/2 շենք: Տեղեկացանք, որ դեպքը տեղի է ունեցել ժամը 15:30-ի սահմաններում: Այդ օրը Հարավարեւմտյան թաղամասի բնակիչ, 39-ամյա Արմեն Սիմոնյանը, որն ամուսնացած է եւ ունի երկու աղջիկ, այցելության է գնացել իր եղբորը: Տղաները շենքի բակում կանգնած են եղել, երբ նրանց ուղղությամբ հնչել են կրակոցներ:
Հարեւաններից շատերը, կատարվածից վախեցած, չբացեցին դռները եւ չցանկացան խոսել: Բայց հարեւանուհիներից Արմինեն պատմեց, որ ինքը լսել է կրակոցները, սակայն չի պատկերացրել, որ ամեն ինչ այդքան լուրջ կարող է լինել. «Այդ օրը շատ ուժեղ քամի էր, եւ երբ լսեցի առաջին կրակոցը, մտածեցի, թե երեխաներն են պայթուցիկներ օգտագործել, բայց երբ մոտեցա պատուհանին, հասկացա, որ շատ ավելի լուրջ բան է կատարվում»: Նա նկատել է, թե ինչպես է կրակոցների ժամանակ իրենց պատուհանի դիմացով մի երիտասարդ վազում: «Փախչողը սեւ շորերով մի տղա էր ու վազեց կանգնեց. միգուցե ինչ-որ բան էր ընկել, նաեւ նկատեցի, որ ոտքը բռնած էր»,-պատմեց 5 ամսվա հարս Արմինեն: Հետո բակում  հայտնվել են ոստիկանության աշխատակիցները, ու ինքն այլեւս ոչինչ չի տեսել:
Տեղեկացանք, որ երիտասարդներից մեկը` 40-ամյա Արմեն Սիմոնյանը, որը Բերդի քաղաքապետ Հարություն Մանուչարյանի քրոջ տղան է, կրակոցների հետեւանքով գոտկատեղի հատվածում վնասվածք է ստացել, եւ նրան տեղափոխել են «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Նրա հետ այդ պահին եղել է Հ. Մանուչարյանի որդին` 27-ամյա Անուշավան Մանուչարյանը: Վերջինս փախել է, ու կրակողներից մեկը հետապնդել է նրան մինչեւ այն պահը, երբ Անուշավանը մտել է իր բնակության վայրի շքամուտք:
Այցելեցինք «Գրիգոր Լուսավորիչ» բկ եւ իմացանք, որ Ա. Սիմոնյանը գտնվում է նեյրովիրաբուժության բաժնում: Զրուցեցինք վերջինիս մայրիկի՝ Բերդի քաղաքապետի քրոջ` Տալիտա  Մանուչարյանի հետ: «Իմ տղան թշնամիներ չունի, իսկ թե ինչու են նման բան արել, չեմ կարող ասել, մենք էլ ենք զարմացած»,-ասաց մայրը: 
Զրուցեցինք նաեւ Արմենի հետ: «Դժվար էլ փորձեք հասկանալ, թե ինչ է կատարվում: Ի՛նձ նայեք. բա ես թշնամիներ ունեցող մարդու տե՞սք ունեմ: Ո՛չ, թշնամիներ չունեմ»,-ընդգծեց Արմենը` չցանկանալով շարունակել զրույցը:
Վերջինիս ընկերները, որոնք միջանցքում կանգնած էին, նշեցին, որ Արմենը եւ Անուշավանն իրենց մտերիմ ընկերներն են. «Մենք էլ ենք զարմացած, թե ինչն է եղել այս ամենի պատճառը: Լսել ենք, որ կրակողները գժի թուղթ ունեն, եւ եթե դա այդպես է, ուրեմն ամեն ինչի ընդունակ են: Բայց նրանց չենք ճանաչում»:
Կատարվածի շուրջ զրուցեցինք Բերդի քաղաքապետ Հարություն Մանուչարյանի հետ:
-Պարո՛ն Մանուչարյան, ինչպե՞ս կմեկնաբանեք կատարվածը:
-Չգիտեմ… Իմ կարծիքով՝ այդ կրակոցները, որ եղել են իմ տղայի եւ քրոջ տղայի ուղղությամբ, շփոթմունքի արդյունք են:
-Դուք խոսե՞լ եք Ձեր տղայի հետ, նա ի՞նչ է ասել:
-Իհարկե խոսել եմ: Ինքն էլ է զարմացած: Ներկա պահին էլ ինձ մոտ է:
-Ճանաչո՞ւմ է կրակողներին:
-Բացարձակապես չի ճանաչում:
-Միգուցե Ձեր տղան թշնամիներ ունի, եւ նրա՞նք են վարձել այդ երիտասարդներին:
-Ո՛չ, նա թշնամիներ չունի:
-Գուցե գաղտնի է պահում Ձեզանից եւ լուրջ խնդիրներ ունի, ինչի պատճառով էլ կրակել են նրա ուղղությամբ, ավելին, մինչեւ իր բնակարանի դուռը հետապնդել են: Սա՞ էլ է շփոթմունք:
-Իմ տղան գաղտնիքներ չունի ինձանից:
-Նորընտիր քաղաքապետ եք, միգուցե Դո՞ւք թշնամիներ ունեք:
-Ես թշնամիներ չունեմ, իսկ Բերդի նախկին քաղաքապետի հետ էլ նորմալ հարաբերություններ  ունեմ, ու նման բան չի կարող լինել:
-Եթե պարզվի, որ Ձեր տղան գաղտնիքներ ունի, եւ նրանից վրեժ են լուծել, այդ դեպքում ի՞նչ կանեք:
-Օրենքը կորոշի:
«Ժողովուրդ»-ը պարզեց նաեւ, որ Բերդի քաղաքապետի որդին` Ա. Մանուչարյանը, ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին քարտուղար Գագիկ Մելիքյանի փեսան է: «Այս ամենը շփոթմունք է եղել, եւ իմ փեսան թշնամիներ չունի»,-մեր հարցին ի պատասխան՝ ասաց Գ. Մելիքյանը:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ մարտի 24-ին՝ ժամը 02:30-ին, Երեւան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչներ 25-ամյա Բեգլար Հովհաննիսյանն ու 30-ամյա Հրանտ Հարությունյանը ներկայացել են ոստիկանություն եւ ներկայացրել հանցագործության գործիք «Մակարով» ատրճանակը՝ պահունակով` առանց փամփուշտների, եւ «Մարգուլին» ատրճանակը` պահունակով` լիցքավորված 1 փամփուշտով: Նրանք ձերբակալված են, ատրճանակներն ուղարկվել են փորձաքննության, կատարվում է նախաքննություն:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս