Ավտոբուսի վթարի զոհերի աճյունները Հայաստան կբերվեն հատուկ չվերթով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի Դաշնության Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկի քաղաքի մոտ տեղի ունեցած Մոսկվա-Երևան չվերթի ուղևորատար ավտոբուսի վթարի զոհերի աճյունները Երևան կտեղափոխվեն վաղը՝ նոյեմբերի 5-ին, հատուկ չվերթով, – այս ամսին ArmLur.am-ը տեղեկանում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունից:

Երևան ուղևորվող ինքնաթիռի թռիչքը Մոսկվայից նախատեսված է նոյեմբերի 5-ին՝ տեղական ժամանակով ժամը 17.00-ին: Ինքնաթիռի վայրէջքը Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում նախատեսվում է Երևանի ժամանակով ժամը 20.00-ի սահմաններում:

Զոհերի աճյունները դուրս կբերվեն «Զվարթնոց» օդանավակայանի բեռնային համալիրից (CARGO), մուտքը՝ Թաիրով գյուղի կողմից: Աճյունների տեղափոխումը կկազմակերպվի ՀՀ առողջապահության նախարարության կողմից, իրենց տրամադրած մեքենաներով:

Ուղևորների դիմավորումը կկատարվի «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից:

Ինչպես արդեն հայտնել ենք, ինքնաթիռով Երևան կտեղափոխվեն նաև այն վիրավորները, որոնց առողջական վիճակը բժիշկների գնահատմամբ թույլ է տալիս մեկնել: Երևան տեղափոխվող վիրավորների անունները կհրապարակենք վաղը՝ նոյեմբերի 5-ին։

Մյուս վիրավորների, այդ թվում՝ վերակենդանացման բաժանմունքներում գտնվողների բուժումը Տուլայի բժշկական հաստատություններում կշարունակվի այնքան ժամանակ, մինչև նրանց առողջական վիճակը ևս թույլ կտա տեղափոխվել Հայաստան:

 




Լրահոս