Նոյեմբերի 4-ին լույս 5-ի գիշերը Արմավիրի մարզի Գեղակերտ գյուղում ավազակային հարձակում է եղել: ArmLur.am-ը ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացավ, որ անհայտ անձինք մտել են գյուղի տներից մեկը, ծեծի ենթարկել տարեց ամուսիններին, թալանել տունը, ապա դիմել փախուստի: Այս պահին ճշտվում են հասցված վնասները եւ դեպքի հանգամանքները: Միջոցներ են ձեռնարկվում հանցագործությունը կատարողներին հայտնաբերելու ուղղությամբ:
ArmLur.am-ի հետ զրույցում Գեղակերտ համայնքի ղեկավար Սերյոժա Առաքելյանը հայտնեց, որ դեպքը տեղի է ունեցել ժամը 03:30-ի սահմաններում: Տարեց ամուսինները՝ 82 և 79 տարեկան, երկուսով են ապրում, նրանք 4 երեխաներից երկու որդիները արտասահմանում են, երկու դուստրերը՝ Երևանում: Սերյոժա Առաքելյանի փոխանցմամբ՝ ամուսինների տանը որոշակի գումար և ոսկեղեն է եղել. նրանց ամբողջությամբ թալանել են. «Ամուսինն է ամենից շատ տուժել: Նրան կապկպել են, ծեծել: Ասում են՝ իրենց հիշելով 4 հոգով են եղել: Երկուսը կապկպել են, վախեցրել, մյուս երկուսը՝ տունը տակնուվրա արել, ինչ կա-չկա գողացել, թալանել, հետո փախել»:
Համայնքապետը նաև հայտնեց, որ այս պահին իրավապահները գյուղացիներին հարցաքննում են. «Կասկածներ կան, իհարկե, յուրաքանչյուրն էլ կարող է կասկածյալ լինել: Նախկինում մի անգամ էլ այստեղ նման դեպք էր եղել՝ 2001-ին: Այդ դեպքը բացահայտվել է»:
Սերյոժա Առաքելյանը նկատեց, որ տարեց ամուսինները առանձնապես հարուստ չէին, պարզապես նրանց որդիները հաճախ են գումար ուղարկում արտասահմանից, նրանք էլ բարվոք պայմաններում են ապրում:
Նկատենք, որ վերջին շրջանում ավազակային հարձակումները շատացել են: Դեռևս մեկ ամիս չի անցել այն օրից, երբ Աջափնյակ վարչական շրջանում նմանատիպ հարձակման ենթարկվեցին ազգությամբ եզդի ամուսիններ Շիրին Ալիյանն ու Թառլան Սայդոյանը: Դիմակավորված երեք անձ մտել էր նրանց տուն, կապկպել, ապա ծեծի ենթարկել ամուսիններին, տունն ամբողջությամբ տակնուվրա արել, թալանել ու փախել: