Ո՞ւմ է պատկանում Հարավային Սուդանում կործանված ինքնաթիռը և ինչ բացահայտումներ էր արել Վերահսկիչ պալատը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն հայտնել էինք, որ նոյեմբերի 4-ին Հարավային Սուդանում՝ Ջուբայի օդանավակայանում,  կործանվել էր  «ԱՆ-12» բեռնատար ինքնաթիռը, որը, ըստ տեղեկությունների,  պատկանում է «Տարոն Ավիա» ընկերության սեփականատեր Գառնիկ Պապիկյանին: Այս վթարի հետևանքով զոհվել էին հայեր, ովքեր ինքնաթիռի անձնակազմի անդամներն էին:

Հայտնի է նաև, որ «Տարոն Ավիա» ընկերությունը գրանցված չէ Հայաստանում, սակայն դեռևս այս տարվա հուլիսին տեղեկություններ էին տարածվել, որ այս ընկերությունը պատրաստվում է քաղաքացիական կանոնավոր չվերթեր իրականացնել Boeing 737-500 ինքնաթիռներով դեպի Ռուսաստանի քաղաքներ:

Չնայած այս ընկերության մասին սուղ տեղեկություններ են առկա, սակայն հայտնի է, որ ընկերությունը ստեղծվել է  2007-ին և օգոստոսին ստացել պետական գրանցում,  100 տոկոսի փայատերը Գառնիկ Պապիկյանն է, որը հաշվառված է Գյումրիում: Նա նաեւ ընկերության տնօրենն է: Հենց վերջինիս բնակարանն էլ գրանցված է որպես ՍՊԸ-ի իրավաբանական հասցե: ՍՊԸ-ն կրում է հիմնադրի որդու անունը: Նշենք, որ իր գոյության ընթացքում, «Տարոն-Ավիան» ունեցել է 10 օդանավ:

Գաղտնիք չէ, որ Հայաստանում գրանցված ավիաընկերություններից շատերը գործունեություն են ծավալում արտերկրում, սակայն գրանցվում են Հայաստանում, քանի որ անվճար է: Այս խնդրին տարիներ առաջ` 2009թ. անդրադարձել էր նաև Վերահսկիչ պալատը և բացահայտումներ արել: Ամենատարբեր տվյալներով, օրինակ ԱՄԷ-ում գանձվում է պետտուրք՝ 382 մլն դրամ, Մեծ Բրիտանիայում էլ՝ 1,1 մլրդ դրամ: Բացի դրանից՝ պարզվել էր, որ այստեղ գրանցված, բայց դրսում գործող ընկերությունները ՀՀ պետբյուջե մուծում են չնչին հարկեր:

Մասնավորապես՝ ՎՊ-ի ստուգումների արդյունքում պարզվել էր, որ 2007-2008 թթ. Հայաստանում գրանցվել, սակայն արտերկրում են աշխատել 9 ընկերություն՝ «Էյր Հայնեսսես» ՍՊԸ, «Միապետ-Ավիա» ՍՊԸ, «Տարոն-Ավիա» ՍՊԸ, «Սաութ Էըրլայնզ» ՍՊԸ, «Քլիք Էյրվեյզ Ինթ.Լ» ՍՊԸ, ««Հայք Ավիա» ավիաընկերություն» ՓԲԸ, «Ֆենիքս Ավիա» ՍՊԸ, «Վերթիռ» ՍՊԸ, «Բլյու Էյրվեյս» ՍՊԸ (ներկայում լուծարված է): Սրանք երկու տարում ընդհանուր շահագործել են մոտ 60 ինքնաթիռ եւ ՀՀ պետբյուջե մուծել ընդամենը 37.200.000 դրամ հարկ (շահութահարկ եւ այլ վճարներ):

«Տարոն Ավիա» ընկերությունն իր գոյության մասին հիշեցրեց վերջին ժամանակներս, երբ տեղի ունեցավ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի և «Էյր Արմենիա»-ի սեփականատեր Արսեն Ավետիսյանի միջև միջադեպը: Այս ընկերությունը երկար ժամանակ չի կարողացել «Էյր Արմենիայի» տնօրենից ստանալ իր գումարը (թե ինչպես է կուտակվել այն, հայտնի չէ), դիմել է քրեական աշխարհի ներկայացուցիչներին (տվյալ դեպքում՝ Ռ. Հայրապետյանին), որոնք մեր երկրում հանդես են գալիս «արբիտրաժային» դատարանի դերում: Ըստ այդ «դատարանի օրենքների»՝ քրեականները կանչում, անպարտելի թվացողներից գումարը «ստանում են»՝ ակնկալելով պարտքատիրոջից համապատասխան վերաբերմունք:

Հավելենք, որ այս «ԱՆ-12» տիպի բեռնատար ինքնաթիռի գրանցման մասին ամենատարբեր տեղեկություններ են շրջանառվում: Փաստ է, որ այն հայկական գրանցում չունի և Հայաստանում գրանցված ավիաընկերությունները նման ինքնաիռ չունեն: Սակայն Տաջիկստանի տրանսպորտի նախարարության քաղավիացիայի վարչության պետ Յուսուֆ Ռահմոնովն իր հերթին նշել էր, որ կործանված օդանավը պատկանում էր Ala International LTD հայկական ընկերությանը, բայց նախկինում այն հաշվառված է եղել տաջիկական մասնավոր Asia Airways ընկերության ռեեստրում։

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս