Հարավային Սուդանում ջրհեղեղների հետևանքով ավելի քան 1,6 միլիոն երեխա սովի վտանգի տակ է. ՄԱԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համաձայն ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի տվյալների՝ Հարավային Սուդանում մինչև հինգ տարեկան ավելի քան 1,6 միլիոն երեխա հաջորդ տարի տառապելու է թերսնվածությունից՝ հիվանդությունների թվի կտրուկ աճի պատճառով, որոնք առաջացել են ջրհեղեղների հետևանքով, հայտնում է AFP-ն:

Քանի որ երկրի որոշ մասերում ջրհեղեղն ամենամյա է դառնում, ջրհեղեղի գոտիներում ապրող մարդիկ պայքարում են սննդամթերք ձեռք բերելու համար՝ միաժամանակ դիմակայելով հիվանդությունների տարածմանը:

Ռուբկոնա շրջանում, որտեղ ջրհեղեղները զգալի հողատարածքներ են հեղեղել՝ ստիպելով ամբողջ համայնքներին ապրել փոքր կղզիներում 2021 թվականից ի վեր, հիմնական սննդամթերքի արժեքն ապրիլից աճել է ավելի քան 120%-ով:

Ըստ կանխատեսումների՝ մինչև 2024 թվականի ապրիլ այս շրջանում, որը գտնվում է երկրի հյուսիսում, սովն աղետալի չափերի կհասնի։

«Սա է կյանքի իրականությունը կլիմայական ճգնաժամի առաջին գծում», – ասաց Ջուբայում Պարենի համաշխարհային ծրագրի տնօրեն Մերի-Էլեն ՄակԳրոարտին: «Մենք տեսնում ենք թերսնման շատ լուրջ աճ, որը գերբնակեցման և հեղեղումների պայմաններում ապրելու ուղղակի հետևանք է»։

«Ջրային ճանապարհով փոխանցվող հիվանդությունների տարածումը խաթարում է մարդասիրական կազմակերպությունների աշխատանքը՝ թերսնուցումը կանխելու և բուժելու համար, և դրանից ամենաշատը տուժում են փոքր երեխաները», – ավելացրել է նա:




Լրահոս