«ԱՅՆ ԱԶԳԸ, ՈՐԸ ՀՈԳՆՈՒՄ Է, ՍԿՍՈՒՄ Է ԿԵՐԱԿՐԵԼ ՈՒՐԻՇԻ ԲԱՆԱԿԻՆ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ հայկական կողմը մշտապես պետք է ղարաբաղյան հարցով բանակցություններին ներկայանա բարձր դիրքերից, քանի որ մեր բանակն ու դիվանագիտական ներուժը դրա հնարավորությունը տալիս է:

-Պարո՛ն Պողոսյան, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը օրերս հայտարարել է, որ իրենց բանակցությունների շնորհիվ տարվա վերջին կայանալու է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Չնայած դրան` սահմանին կրակոցները չեն դադարում: Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ օրական 700-ից ավել կրակոց է հնչում ԼՂՀ եւ ՀՀ սահմանին: Արդյո՞ք այս իրավիճակում սպասվող հանդիպումից կարող ենք շոշափելի ակնկալիքներ ունենալ:
-Նախ նշվել է՝ կարող է, ինչը նշանակում է, որ այդ հանդիպման վերաբերյալ դեռեւս նախնական պայմանավորվածություն կա, իրենք հույս ունեն, որ իրենց երկարատեւ ջանքերը, որոնք փորձել են ներդնել այդ հանդիպման կայացման գործում, ի վերջո, արդյունք կունենան: Ու իրենք հենց այդ նպատակով էին տարածաշրջանում՝ հույս ունենալով, որ կկարողանան այդ հանդիպումը իրականացնել: Երկրորդ խնդիրն այն է, թե նման հանդիպումների ժամանակ ինչ հարց կարող է լուծվել, ու ինչու են անհրաժեշտ նման հանդիպումները. դրանք իսկապես կարեւոր են, դրանք իսկապես սպասելի են: Հանդիպումը կարող է ինչ-որ չափով նպաստել լարվածության նվազմանը, որն իսկապես այս ժամանակահատվածում առկա է: Կարելի է կանխատեսել, որ այդ հանդիպման ժամանակ կառաջարկվեն ինչ-որ մեխանիզմներ, հարցեր կլինեն՝ ելքեր գտնելու համար, կամ գուցե պայմանավորվածություն ձեռք կբերեն, որ այլեւս հրետանային չեն օգտագործելու: Այսինքն` կքննարկվեն այն հարցերը, որոնք առկա են ու լուծում են պահանջում: Բայց նաեւ պետք է մտածել, որ մյուս կողմում նստած է մի մարդ, որի ցանկացած խոստում կամ պայմանավորվածություն ունի զրոյական արժեք, որը տալով խոստում, ձեռք բերելով պայմանավորվածություն՝ կարող է հաջորդ օրն իսկ խախտում անել: Մենք մի բան էլ պետք է հաշվի առնենք. քանի որ հակառակորդն այս անգամ ավելի շատ է կրակել, քան նախկինում, իսկ Ադրբեջանն էլ պարտվածի դիրքերում է, դրա համար պետք է գիտակցենք, որ հանդիպումից առաջ, նախքան բանակցային սենյակ մտնելը, ադրբեջանական կողմը փորձելու է իր դիրքերն ուժեղացնել: Կարծում եմ, երբ որ արդեն նախագահների հանդիպման օրը պարզ լինի, կլինեն ադրբեջանական սադրանքներ՝ մեզ ուղղված, լարվածություն, որի ժամանակ էլ պետք է մեր բանակը իր նույն ուժեղ «դաստիարակությունը» տա հակառակորդին, ինչպես դա արվում էր այն ժամանակահատվածում, երբ հակառակորդը իրեն ագրեսիվ էր դրսեւորում:
-Տեսակետ կա, թե լավագույն տարբերակն այն կլինի, որ ՀՀ-ին հաջողվի՝ Ադրբեջանին ստիպել հրադադարի նոր համաձայնագիր ստորագրել: Արդյո՞ք այդ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը պետք է հակառակորդի առջեւ դնի նման բովանդակության փաստաթուղթ, ո՞րն է, ըստ Ձեզ, հակառակորդին «լռեցնելու» ճիշտ տարբերակը:
-Մենք պետք է միշտ մի բան գիտակցենք ու առաջնորդվենք դրանով, երբեւէ պետք չէ վախենալ բանակցություններից ու այն առաջարկություններից, որոնք արվել են ու պետք է արվեն: Դա կանոն է, ու եթե մի կողմը մյուս կողմի հետ ունի ինչ-որ խնդիր, անպայման պետք է բանակցի, գտնի ելքեր, որոնք օգուտ են բերելու իր երկրի անվտանգության համար, որոնք երաշխավոր են դառնալու իր պետության համար: Այս իմաստով մենք պետք է մի բան գիտակցենք, որ բանակցությունները այն դաշտն են, որտեղ հնարավորություններ ենք ունենում անել այն, ինչն իրատեսական է: Քանի որ մենք այսօրվա դրությամբ ունենք այս խնդիրը, մենք պետք է անպայման մասնակցենք բանակցություններին: Խնդրին չհետեւելով, դրա հետեւից չգնալով՝ մենք հաստատ որեւէ լավ բան չենք ունենալու: Պետք է մշտապես գիտակցել մի բան, որ հայկական կողմը բանակցությունների սենյակ միշտ պիտի մտնի բարձր դիրքից եւ ներկայացնի իր պահանջներն ու դիրքորոշումը: Ինչու բարձր դիրքից, քանի որ մեր բանակը հզոր է, ամեն ինչ անում է, որպեսզի պատժիչ գործողություններ իրականացնի ադրբեջանական բոլոր սադրանքներին ի պատասխան, իսկ իրավական հարցերում էլ մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի գտնվենք ավելի ուժեղ դիրքերում: Մեր երկիրն էլ պետք է անի ամեն ինչ, որպեսզի իսկապես մենք բանակցության սենյակում ամեն տեսանկյունից հզոր լինենք, բարձր լինենք, իսկ մեր խոսքն էլ լսելի լինի բոլորի համար:
-Բայց կարծես թե այս տարիների ընթացքում ՀՀ-ին չի հաջողվում լսելի դարձնել իր ձայնը միջազգային կառույցներում. հակառակորդի սադրիչ գործողությունները նրանց կողմից չեն դատապարտվում, իսկ եթե ինչ-որ կերպ արձագանքում էլ են, ապա մշտապես հավասարության նշան են դնում կողմերի միջեւ: ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին դիտարկումների ժամանակ հակառակորդը կրակել էր, սակայն դա եւս հաշվի չառնվեց: Ինչո՞ւ են միջազգային կառույցները կույր եւ խուլ ձեւանում:
-Այնպես է ստացվել, որ միշտ էլ մեզ հաջողվել է հակառակորդին բացատրել իր սխալ գործողությունները, պատժել նրան այդ գործողությունների համար, դա այն գինն է, որը պատերազմի ժամանակ հաղթող կողմը, պայքարող կողմը միշտ ունենում է: Մենք չպետք է վախենանք, քանի որ գիտակցում ենք՝ պատերազմը չի ավարտվել: Ինչ-որ մեկի վրա հույս դնելով՝ պատերազմել չի լինում, մենք ամեն անգամ պետք է պաշտպանենք մեր շահերը: Մնացած հարցերը, թե երբ կհասկանա դիմացինը, կամ երբ կարձագանքեն միջազգային կառույցները, դրանք իրատեսական չեն: Մի բան գիտեմ, եթե չես հոգնում, պայքարում ես, ուրմեն հարցիդ լուծմանը հասնում ես, իսկ այն ազգը, որը հոգնում է, սկսում է կերակրել ուրիշի բանակին: Մենք պետք է կարողանանք հզոր Հայաստան, հզոր Արցախ կերտել:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

 

 
ՀՀԿ-ՈՒՄ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ ԵՆ ՓՆՏՐՈՒՄ

Նույնականացման քարտերով ընտրելու իրավունք տվող օրենսդրական փաթեթի խորհրդարանական քննարկումները իշխանություններին հանգիստ չեն տալիս: Ինչպես հայտնի է՝ անցած շաբաթ տեղի ունեցած քառօրյայի վերջում ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Ընտրական օրենսգրքում» եւ «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերը, որոնք հեղինակել են ՀՀԿ-ական պատգամավորներ Հովհաննես Սահակյանը, Արտակ Դավթյանը, Գագիկ Մինասյանը եւ Գագիկ Մելիքյանը:

Ընդդիմադիր եւ ոչ իշխանական պատգամավորները միաբերան ՀՀԿ-ից պահանջում էին ներդնել քվեարկած ընտրողի մատը թանաքոտելու գործառույթը, որպեսզի բացառվի նույնականացման քարտերով կրկնակի քվեարկության հնարավորությունը: Մի խոսքով, բազմաթիվ առաջարկություններ հնչեցին, սակայն, ՀՀԿ-ականները ոչ մեկը չընդունեցին: Արդյունքում, բոլորի համար ակնհայտ դարձավ, որ իշխանությունները չեն ցանկանում ընտրակեղծարարության իրենց գործիքներից հրաժարվել:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀԿ-ում մտմտում են՝ մինչեւ օրենսդրական փաթեթը երկրորդ ընթերցմամբ քննարկելը, ընդդիմության առաջարկներից ինչ-որ մեկը ներառել նախագծում: Երեկ նույնսիկ լուրեր տարածվեցին այն մասին, որ փաթեթի հեղինակներին Սերժ Սարգսյանը կանչել է իր մոտ: Մեզ այդպես էլ չհաջողվեց նախագծերի հեղինակներից այս առնչությամբ մեկնաբանություն ստանալ:
Սակայն քվեարկած ընտրողի մատերը թանաքոտելու հարցում իշխանությունները չեն կարող զիջումների գնալ: Մատի թանաքոտման դեպքում մեկ անձը չի կարողանա մի քանի անգամ քվեարկել: Սահմանադրական փոփոխություններն անցկացնելու համար իշխանություններին անհրաժեշտ է 700 հազար այո, որից առնվազն 500 հազարը պետք է ձեւավորեն ընտրակաշառք բաժանելով եւ տարբեր ընտրակեղծիքների օգնությամբ: Մատների թանաքոտման դեպքում իշխանությունները ստիպված կլինեն այդ 500 հազարին ընտրակաշառքով շահագրգռելով տեղամաս տանել: Եթե մեկ քվեն 5 հազար դրամով հաշվարկենք, ապա ստացվում է, որ այս նպատակով իշխանություններն առնվազն 2,5 միլիարդ դրամ պետք է ծախսեն: Մի խոսքով, ՀՀԿ-ականներին մի կողմից փոխզիջում է պետք գտնել, որ կարողանան ասել, թե արդար ընտրություններից չեն վախենում, մյուս կողմից էլ այնպես անել, որ չզրկվեն ընտրությունները կեղծելու իրական լծակներից:

Վ. Հ.

 

 

 
ԱՂԲԱՄԱՆԻ ԱՃՈՒՐԴ
ՀՀ արդադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության աճուրդներում երբեմն զավեշտների կարելի է հանդիպել: Մասնավորապես, «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ԴԱՀԿ-ն ներկայումս աճուրդի է հանել ընդամենը մեկ երկաթե աղբաման, որը նախատեսված է տեղադրել խանութների մուտքերի մոտ: Ի դեպ, աղբամանի աճուրդի ավարտին մնացել է երկու օր: Երեկվա դրությամբ աղբամանը գնելու համար ոչ մի գնային առաջարկ դեռեւս չէր ներկայացվել: Ի դեպ, այս առանձնահատուկ աղբամանն արժի 3750 դրամ: Նշենք նաեւ, որ աճուրդի հանված առարկայի նկարագրության մեջ ոչ մի տվյալ չկա այն մասին, թե այս «հատուկ» աղբամանն օգտագործված է, թե ոչ:

 

ՄԱՐԶԻ ՀԱՐՈՒՍՏ ԴԱՏԱՎՈՐԸ
ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ավագ Գաբրիելյանի դրամական միջոցները, ըստ նրա պաշտոնական հայտարարագրի, անցած տարվա վերջին կազմել են 5 մլն դրամ, 80 հազար դոլար եւ 10 հազար եվրո: Ի դեպ, դրամով դրամական միջոցները տարվա ընթացքում ավելացել են 3 մլն դրամով, իսկ դոլարով դրամական միջոցները աճել են 10 հազար դոլարով: Մարզային դատավորի աշխատավարձը ամսական կազմել է 620 հազար դրամ: Ուշագրավ է նաեւ այն փաստը, որ դատավորը տարվա ընթացքում 54 մլն դրամ փոխառություն՝ վարկ է վերցրել եւ վերադարձրել: Իսկ թե ինչ միջոցների հաշվին է նա կարողացել այդ ֆինանսական խնդիրները լուծել, հայտարարագրից հասկանալի չի դառնում: Անհասկանալի է մնում նաեւ այն փաստը, թե մարզային դատավորն ինչ միջոցների հաշվին է կարողացել 20 մլն դրամով բնակարան գնել: Այսինքն՝ դատավորի դրամական միջոցները չեն պակասել, դեռ մի բան էլ ավելացել են, բայց նա միաժամանակ կարողացել է տուն գնել:

 

ԳՈՐԾԸ ԿԱՐՃՎԵՑ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ քննչական կոմիտեն կարճել է այս տարվա հունիսին 30-ին «Արմենիա» ԲԿ-ում ծննդկան կնոջ ուղղությամբ նրա ամուսնու կողմից հրազենային կրակոցներ արձակելու փաստի առիթով հարուցված քրեական գործը: Հիշեցնենք, որ վերը նշված օրը Հայկ Վարդանյանը բարձրացել էր «Արմենիա» ԲԿ ծննդատան այն հիվանդասենյակը, որտեղ եղել էր իր կինը, եւ հրազենով կրակել կնոջ՝ Միլենա Ասատրյանի ուղղությամբ, ապա ինքնասպան եղել: Դեպքի փաստի առիթով ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` դիտավորյալ սպանություն, եւ 235-րդ հոդվածի 1-ին մասի` ապօրինի զենք-զինամթերք պահելու հատկանիշներով: Չորս ամիս տեւած քննությունից հետո ՀՀ քննչական կոմիտեի քննիչները որոշել են կարճել քրգործը, քանի որ հանցագործություն կատարած անձը մահացել է:




Լրահոս