ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏՆ ԻՐ ԴԵՄ ՄԱՀԱՓՈՐՁԻ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, անդրադառնալով իր դեմ իրականացված մահափորձի գործով Արա Բուդաղյանին կալանքի տակ պահելու հիմնավորված չլինելուն, ասաց, թե այդ ամենը հորինվածք է:

Ինչպես արդեն «Ժողովուրդ»-ը գրել է՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձ հրահրելու մեջ մեղադրվող Արա Բուդաղյանի կալանքի ժամկետը հոկտեմբերի 29-ին եւս երկու ամսով երկարաձգվել է: Նախաքննություն իրականացնող մարմինը Արա Բուդաղյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու միջնորդությունը, որը դեռեւս այս տարվա հունիսի սկզբին ներկայացվել էր դատարան, հիմնավորվել է, թե իբր մեղադրյալն ազատության մեջ մնալով՝ կարող է թաքնվել քննությունից կամ խոչընդոտել գործի քննությանը:
Արա Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանն էլ հայտարարել էր, որ քննիչի միջնորդությունը անհիմն է: Իսկ Արա Բուդաղյանը միջնորդությունը քննելիս դրա դեմ առարկել էր եւ վստահեցրել, որ իրեն կալանավորելու կարիք չկա, քանի որ ինքը նախաքննությունից թաքնվելու մտադրություն չունի: Իհարկե, քննիչը չէր կարողացել ներկայացնել ոչ մի փաստ, որ կապացուցեր, որ Բուդաղյանը կփորձի թաքնվել նախաքննությունից կամ կխոչընդոտի դրա ընթացքին: Բայց, միեւնույն է, Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը բավարարել էր քննիչի միջնորդությունը:
Հետագայում լուրեր տարածվեցին այն մասին, որ ՀՀ իշխանությունները որոշել են Արա Բուդաղյանին «պատանդի» կարգավիճակում պահել այնքան ժամանակ, մինչեւ իրենց կհաջողվի հանգուցալուծել Գորիսի Սդղլի գյոլ կոչվող տարածքում Սուրիկ Խաչատրյանի որդիների եւ հարազատների մասնակցությամբ ծեծի պատմությունը: Ըստ այդ լուրերի՝ քանի որ ծեծի գործով տուժած Զաքարյան եղբայրները Բուդաղյանի մտերիմներից են, նրանք պետք է գիտակցեն, որ եթե իրենց ցուցմունքներն ուղղված չլինեն մարզպետի որդիների, նրա եղբայրների եւ եղբոր որդիներ դեմ, ու վերջիններիս հաջողվի նրանց ազատ արձակել, ապա մահափորձի գործով էլ Բուդաղյանի մասին «կմոռանան»:
Ինչպես հայտնի է՝ մարզպետի որդին` Տիգրան Խաչատրյանը, հոկտեմբերի 1-ին ազատ արձակվեց: Դրանից մեկ շաբաթ անց ազատ արձակվեց նաեւ մարզպետի վարորդի տղան` Դերենիկ Ղեւոնդյանը: Այնուհետեւ ինքնակամ ոստիկանություն ներկայացավ Սուրիկ Խաչատրյանի եղբոր՝ Սերոբ Խաչատրյանի որդին՝ Մայիսը, որը 4 ամիս հետախուզվում էր: Ենթադրվում է, որ նա եւս երկար չի մնա անազատության մեջ:
Ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեցինք Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ՝ պարզելու համար, թե ինչպես է մեկնաբանում լուրերն այն մասին, որ մայիսի 2-ին Սդղի գյոլում տեղի ունեցած ծեծկռտուքի եւ իր դեմ մայիսի 20-ին իրականացված մահափորձի գործերի ճակատագրերը փոխկապակցված են:
-Պարո՛ն Խաչատրյան, մայիսի 20-ին Ձեր դեմ մահափորձի գործով Արա Բուդաղյանի կալանքը եւս երկու ամսով երկարաձգվեց, մինչդեռ ասում են՝ դրա համար հիմքեր չեն եղել: Ի՞նչ եք մտածում այս մասին:
-Ինչ կապ ունեմ ես դրա հետ, դա եմ ուզում հասկանալ:
-Ձեր դեմ էր մահափորձը իրականացվել, ու այդ պատճառով 4 անձ են կալանավորվել, որոնցից Արա Բուդաղյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանք, եւ նրա փաստաբանը պնդում է, որ որեւԷ հիմք չկա նրան կալանքի տակ պահելու համար:
-Իմ նկատմամբ է արվել, բայց ես չգիտեի, որ նա է արել: Հետո ազգային անվտանգության կողմից պարզվել է, որ նա է արել եւ ազգային անվտանգության կողմից էլ ձերբակալվել է: Հիմա ինձ որ հարցնում եք, ինչ կապ ունեմ: Քննությունը գնում է, քննություն էլ կպարզի:
-Բայց ասում են՝ նրան անազատության մեջ պահելու այլ միտում կա:
-Ես կողմնակից չեմ, որ անմեղ մարդիկ գնան, տուժվեն:
-Բայց լուրեր կան, որ Բուդաղյանին կալանքի տակ պահում են, մինչեւ կլուծեն Ձեր կալանավորված հարազատների ազատման հարցերը: Այսինքն՝ մի գործի միջոցով լուծելու են մյուսի ճակատագիրը:
-Ինչ կապ ունի մեկը մյուսի հետ: Ղալաթ են անում ասողները, դա դուք եք ավելի շատ հորինում:
-Բայց այդ կապը, կարծես, ակնհայտ է:
-Ձեզանից բան մի հորինեք, ինչ կապ ունեն դրանք իրար հետ: Նրան ձերբակալել են հունիսի 3-ին, իսկ իմ տղան այդ ժամանակ ոչ մի պատմության մեջ հայտնված չէր:
-Սդղլի գյոլի ծեծկռտուքը եղել է մայիսի 2-ին, որի շրջանակներում Ձեր որդին մեղադրվում էր, իսկ Ձեր նկատմամբ մահափորձը եղել է մայիսի 20-ին: Շատերը հենց այս փուլում Ձեր նկատմամբ նման մահափորձ կազմակերպելը պատահական զուգադիպություն չեն համարում:
-Հորինում եք, հորինում:
-Իսկ վստա՞հ եք, որ Ձեր դեմ իրականացված մահափորձի գործով ճիշտ անձանց են կալանավորել:
-Ոնց կարող եմ վստահ չլինել, որ ազգային անվտանգության ծառայությունն արդեն քանի ամիս է՝ այս քննությունը տանում է, եւ շատ բաներ բացահայտված է:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 
ԿԱՍԿԱԾՅԱԼԸ ՑՈՒՑՄՈՒՆՔ ԿՏԱ
«Յանուս» թատրոնի գեղարվեստական ղեկավար Մուշեղ Մխիթարյանը, որը կալանքի տակ է գտնվում էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության գործով, պատրաստվում է ցուցմունք տալ: Այս մասին «Ժողովուրդ»-ին հայտնեց ինքը` Մուշեղ Մխիթարյանը՝ նշելով, որ դեռեւս չի դադարեցրել իր հացադուլը.«Նշեմ, որ նամակ եմ գրել Սերժ Սարգսյանին, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին, Էդուարդ Շարմազանովին եւ հայտնել, որ ինձ անհիմն են պահում կալանքի տակ: Սպասում եմ իրենց արձագանքներին, թե ինչ են մտածում նրանք ստեղծված իրավիճակի մասին: Բայց ներկա պահին ինձ մտահոգում է նաեւ իմ առողջական վիճակը: «Նուբարաշեն» ՔԿՀ-ում որեւէ մեկին չեն ուղարկում՝ տեսնելու համար, թե ինչ վիճակում եմ, գոնե հաշվի առնեն իմ վիճակը եւ տեղափոխեն դատապարտյալների հիվանդանոց»: Հիշեցնենք, որ Անի Մաջնունյանը սպանվել է օգոստոսի 5-ին, սպանության կասկածանքով կալանավորվել է «Յանուս» թատրոնի գեղարվեստական ղեկավար Մուշեղ Մխիթարյանը, որը մինչ օրս ցուցմունք չի տվել, իսկ հոկտեմբերի 13-ից էլ հացադուլ է հայտարարել:

 

ԲԱՆՏԻ ԿՅԱՆՔ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նախօրեին արտառոց դեպք է տեղի ունեցել Գյումրի քաղաքում: Նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբոր որդին` Հովհաննես Ղուկասյանը, մասնակցել է հարսանեկան արարողության, որից հետո խնջույքի մասնակիցները գնացել են Ղուկասյանին պատկանող այգի եւ կրակոցներ արձակել: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ այգում գտնվող քաղաքացիները վախից փախել են, իսկ ավելի ուշ նրանց ասել են, թե պարզապես խնջույքի մասնակիցները օդ են կրակել, եւ որեւէ արտառոց բան չկա: Կատարվածի կապակցությամբ զրուցեցինք Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբոր` Գեւորգ Ղուկասյանի հետ:
-Պարո՛ն Ղուկասյան, Ձեր եղբոր որդին նախօրեին հարսանեկան խնջույքի ժամանակ կրակոցներ է արձակել, իսկ հետո այգուց փախչող քաղաքացիներին ասել են, թե պարզապես զվարճանում են եւ ընդամենը օդ են կրակել:
-Սուտ է, հեյրուրանք:
-Վստահ ե՞ք:
-Այո՛:
-Գրեթե բոլոր դեպքերում Դուք պնդում եք, թե սուտ է: Օրինակ՝ Վահիկ Ղուկասյանը, որը եւս Ձեր եղբոր որդին է, Գյումրիում 2013 թվականի ապրիլի 23-ին արձակված կրակոցների հեղինակն էր, նա եւս չէր ընդունում իր մեղքը, սակայն հիմա ազատազրկման է դատապարտված: Այցելե՞լ եք նրան:
-Ո՛չ:
-Ինչո՞ւ չեք հետաքրքրվում Ձեր եղբոր որդու որպիսությամբ, Ձեզ չի՞ մտահոգում, թե նա ինչ վիճակում է կալանավայրում:
-Ինչ այցելեմ, բանտի կյանք է, ինչպիսին պետք է լինի, ընդամենը խոսում ենք:

 

 

 

ՆԱՏՕ-Ի ՇԱԲԱԹԸ
Նոյեմբերի 2-6-ը Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակում Հայաստանում կանցկացվի հերթական՝ թվով 9-րդ «ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառումը:

 

ԱԿԱՆԱԶԵՐԾՈՒՄ ԵՆ
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը երեկ ընդունել է Landmine Free Artsakh Campaign նախաձեռնության ղեկավար Օջենի Փանոսյանին եւ HALO Trust կազմակերպության Հայաստանի ու Ղարաբաղի ծրագրերի ղեկավար Յուրի Շահրամանյանին: Հանդիպմանը քննարկվել են Ղարաբաղում ականազերծման գործընթացին վերաբերող հարցեր:

 

ՀԱՑԱԴՈՒԼ ԵՆ ԱՆՈՒՄ
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում երեկ հինգ կալանավոր հացադուլ է սկսել: Մինչ այդ էլ՝ նախորդ շաբաթվա վերջից, եւս երեք կալանավոր էր հացադուլ հայտարարել: Բոլոր 8 հացադուլավորներն էլ բողոքում են վաղաժամ ազատ արձակման անկախ հանձնաժողովի դեմ՝ պնդելով, թե այն թափանցիկ չի գործում եւ պատշաճ կերպով չի հիմնավորում իր կայացրած որոշումները: Նշենք, որ հացադուլ հայտարարած կալանավորների թվում է նաեւ վեց տարվա ազատազրկման դատապարտված Վոլոդյա Ավետիսյանը: Անկախ հանձնաժողովը երկրորդ անգամ մերժել է նրա դիմումը։ ԱՆ ՔԿ ծառայության մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանի տեղեկացմամբ` հացադուլավոր դատապարտյալները տեղափոխվել են առանձնացված խցեր եւ բժիշկների հսկողության տակ են։

 

ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐ ԿՏԱՆ
«Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնը այս տարի տեղի կունենա նոյեմբերի 26-ին եւ կկրի «Մեր տունը» խորագիրը։ Հիմնադրամի հաղորդագրության համաձայն՝ «Հեռուստամարաթոն 2015»-ի գլխավոր նպատակն է բնակարաններով ապահովել հինգ եւ ավել երեխա ունեցող բազմազավակ ընտանիքներին։ «Հեռուսատամարաթոնը կմեկնարկի Երեւանի ժամանակով ժամը 22։00-ին եւ կշարունակվի մինչեւ առավոտյան ժամը 10։00-ը:

 

ՁԵՎԱՎՈՐԵՑԻՆ
ՀՅ Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմինը երեկ հաղորդել է, որ ձեւավորել է սահմանադրական բարեփոխումների քարոզչական հանձնախումբ: Առայժմ, սակայն, հանձնախմբի անդամների մասին տեղեկատվություն չի հրապարակվել:

 

200 ԱՆԳԱՄ
ԼՂՀ ՊՆ փոխանցմամբ` հանգստյան օրերին Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2500 կրակոց:

 

ՆՈՐ ՁԵՎԱՉԱՓ
«Ազատության» փոխանցմամբ` Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Կենտրոնական Ասիայի հինգ երկրները համագործակցության վերաբերյալ հռչակագիր են ստորագրել։ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին եւ Ուզբեկստանի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի ու Թուրքմենստանի արտգործնախարարները հավանություն են տվել հռչակագրին՝ ստեղծելով նոր՝ 5+1 ձեւաչափ։

 

ԷՐԴՈՂԱՆԸ ՀԱՂԹԵՑ
Անցած կիրակի օրը Թուրքիայում տեղի ունեցած խորհրդարանական արտահերթ ընտրությունների նախնական արդյունքների համաձայն՝ նախագահ Ռեջեփ Էրդողանի ղեկավարած «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը ստացել է քվեների շուրջ 49.4 տոկոսը` այդպիսով ստանալով խորհրդարանի 550 տեղերից առնվազն 315-ը եւ դրանով իսկ միանձնյա կառավարություն կազմելու հնարավորություն։




Լրահոս