ԱՇՈՒՆ-ՁՄԵՌ ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅՈՒՆ. ՎԵՐՋԻՆ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շուտով ձմեռ է, եւ անհրաժեշտ է դրան պատրաստվել նաեւ զգեստապահարանը համալրելով եւ թարմացնելով: Անհրաժեշտ է ոչ միայն տաք հագնվել, այլեւ լինել ոճային, ուստի ժամանակն է ծանոթանալ նորաձեւության աշուն-ձմեռ հավաքածուի թելադրած վերջին միտումներին: Թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է ոճաբան Արայիկ Գաբաջյանի հետ:

-Այս տարի աշուն-ձմեռ նորաձեւությունը ի՞նչ նոր միտումներ է թելադրում, նախորդ տարվա հետ համեմատած` ի՞նչ փոփոխություններ են նկատվում…
-2015-2016 աշուն-ձմեռ հավաքածուներում մեծ տարածում ունեն լայն, անհամաչափ ձեւվածքով, գործվածքների նախշերին համապատասխան ձեւվածքով վերնահագուստները: Շատ նորաձեւ են MILITRY (զինվորական) ոճի ե՛ւ բաճկոնները, ե՛ւ տաբատները, ե՛ւ վերնաշապիկները: Այս սեզոնին բարձր նորաձեւության տները մեզ առաջարկում են բրդյա գործվածքների լայն տեսականի, որում ներառված են ե՛ւ բաճկոններ ու թիկնոցներ, ե՛ւ շարֆ համարվող վերնազգեստներ: Կարելի է բրդյա գործվածքները համադրել նուրբ, թավշյա, մետաքսե գործվածքների հետ: Այս տարի եւս շատ թրենդային են մուշտակները, որոնք մեծավ մասամբ ներկայանում են լայն ձեւվածքներով:
-Այս ձմեռ ո՞ր գույները եւ ո՞ր երանգներն են գերակշռող լինելու, ի՞նչ համադրություններ են նորաձեւ:
-Հավաքածուներում աչքի են ընկնում ոչ շատ վառ գույները: Նույնիսկ եթե դրանք առկա են, ապա ներկայացված են ավելի մեղմ երանգները: Շատ նորաձեւ են բորդոյի երանգները, որոնք օգտագործված են հնամաշ պողպատագույնի եւ արծաթագույնի հետ, ակտուալ են լազուր կապույտը եւ զմրուխտյա կանաչը. հավաքածուներում հաճախ հանդիպում ենք նաեւ այս երկուսի համադրությանը, որն, ըստ իս, իդեալական է: Մոդայիկ են նաեւ «գոլ» կապույտը, վարդագույնը, մանուշակագույնի մուգ երանգները եւ, ինչպես միշտ, սեւը, կարմիրն ու ճերմակը:
-Իսկ ո՞ր ոճի, ձեւի, գույնի տաբատներն ու բլուզներն են նորաձեւ լինելու:
-Բլուզներից շատ նորաձեւ են կաշվե առաջամասով ու ետնամասով, նուրբ օձիքով եւ թեւերով տեսակները: Թրենդային են նաեւ ավելի կարճ առաջամասով եւ երկար ետնամասով բլուզները, որոնք ներկայացված են ինչպես մետաքսե գործվածքով, այնպես էլ բրդյա նուրբ գործվածքներով: Նորաձեւ են նաեւ վերնաշապիկ-բլուզները, որոնք կարծես առաջին հայացքից վերնաշապիկ լինեն, այնինչ իրականում դասվում են բլուզների շարքին: Ինչ վերաբերում է տաբատներին, ապա այս սեզոնին դրանք բոլորին զարմացրեցին. նորաձեւության գրեթե բոլոր տներն առաջարկեցին նույն բանը: Ակտուալ են կոնքից շատ բարձր ու հոլիդե կոչվող մոդելները: Սակայն մի հավելում իմ կողմից. տաբատի այս երկու տեսակի ընտրության դեպքում գրեթե միշտ կանանց մեծամասնությունը վիզուալ առումով գիրանում է ու ավելի կարճահասակ է թվում, հատկապես հայերիս դեպքում:
-Իսկ ինչպիսի երկարաճիտք կոշիկներ խորհուրդ կտաք հագնել այս ձմռանը:
-Կոշիկներից շատ են ներկայացված հաստ տակերով կոպիտ մոդելները: Աչքի են ընկնում ընդհանուր գույնից առանձնացված կրունկով տեսակները, նորաձեւ են նաեւ զարդարված կրունկով մոդելները: Այս սեզոնին մեծ մասամբ ներկայացված են մինչեւ կոճ հասնող կիսաճտքավոր կոշիկները: Միշտ թրենդային են կոշիկի` դասական համարվող նավանման մոդելները:
-Գլխարկի, ձեռնոցի, ակնոցի եւ մյուս աքսեսուարների մասով ի՞նչ նորույթներ է խոստանում այս ձմեռը:
-Այս սեզոնի հավաքածուներում շատ են հանդիպում գլխարկի` վերնազգեստի հետ կարված տեսակները, ինչպես մորթիների, այնպես էլ ավելի չոր գործվածքների դեպքում: Ինչպես նշեցի, նորաձեւ են շարք հանդիսացող վերնազգեստները, որոնք ունեն նաեւ գլխարկներ: Ակտուալ են մորթե գլխարկները` եզերված կաշվով: Շատ են բրդյա գործվածքներով գլխարկները, որոնք համալրված են ե՛ւ ուլունքներով, ե՛ւ մետաղյա զարդերով: Այս սեզոնին մեր դատին է ներկայացված մեծ ծավալով շարֆերի տեսականի, դրանց մեջ ներառված են մորթյա, բրդյա շարֆեր: Իսկ, ահա, ձեռնոցն այս սեզոնին իր տեղը զիջել է շարֆերին: Եվ չնայած դրան` նորաձեւության մի քանի տներ մեզ են ներկայացրել ձեռնոցների շլացուցիչ տեսականի, որի կազմում գերակշռող են կաշվե տեսակները` համալրված մեծ ու փայլուն զարդերով:
-Եվ վերջում, առհասարակ, ձմռանը ի՞նչ կրեատիվ մոտեցումներ կարելի է կիրառել` մեր արտաքին տեսքն ապահովելիս:
-Ձմռանը նախ պետք է տաք հագնվել` մտածելով մեր առողջության մասին, սակայն միեւնույն ժամանակ չպետք է անտեսել նորաձեւությունը: Հայերին խորհուրդ կտամ իրենց առօրյայում մտցնել գլխարկ կրելու մշակույթը: Այդպիսով կարելի կլինի ե՛ւ պաշտպանվել ցրտից, ե՛ւ լինել ոճային: Ձմռանը մենք` հայերս, շատ ենք մռայլ գույներ կրում, ուստի բոլոր կանանց խորհուրդ կտամ` տանից դուրս գալուց առաջ մեկ անգամ եւս թող իրենց նայեն հայելու մեջ ու որեւէ շտրիխ ավելացնեն իրենց հագուկապի մեջ, կլինի դա շարֆ, բրոշ թե մորթյա օձիք:

 

 
«ԵՐԲԵՄՆ ԺՅՈՒՐԻԻ ՎՐԱ ՃՆՇՈՒՄ ԵՆ ԳՈՐԾԱԴՐՈՒՄ»

Թեքեյան մշակութային միությունը 2015-ի դեկտեմբերին կամփոփի հերթական ամենամյա մրցանակաբաշխության արդյունքները: Մրցանակներ կշնորհվեն հետեւյալ անվանակարգերում` գրականություն, երաժշտություն, կերպարվեստ, մանկապատանեկան ստեղծագործություններ:

Մշակութային միության գրասենյակի պատասխանատու Գայանե Մուրադյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ հայտարարված մրցույթը որեւէ տարիքային, տարածքային սահմանափակում չի ենթադրում. միակ պայմանն այն է, որ տվյալ գործը ստեղծված լինի 2014-ին (օր.` գրական գործը այդ թվականին պետք է տպագրված լինի, երաժշտությունը` որեւէ համերգասրահում հնչած): Երաժշտություն անվանակարգում առաջադրվելու համար պարտադիր է միայն, որ մասնակիցը լինի հեղինակ-կատարող:
Մեր այն հարցին, թե ովքեր են ընդգրկված լինելու ժյուրիի կազմում, Գ. Մուրադյանը պատասխանեց, որ ցանկալի չէ` անդամների անունները հրապարակվեն. «Պատճառն այն է, որ հայ իրականության մեջ երբեմն սկսում են ճնշում գործադրել ժյուրիի անդամների վրա, փորձում են բարեխոսել, ծանոթ «մեջ գցել», որպեսզի մրցանակի արժանանան: Նրանք իրենց նպատակին չեն հասնում, բայց ժյուրիի անդամները բողոքում են: Սա Հայաստանն է, եւ այդ խնդիրը միշտ առկա է»,-մեկնաբանեց գրասենյակի պատասխանատուն` հավելելով միայն, որ գրականություն անվանակարգում ժյուրիի կազմում սփյուռքահայ գրականագետ Երվանդ Ազատյանն է:
Գ Մուրադյանը նաեւ նշեց, որ իրենք հետմահու մրցանակներ չեն շնորհում, ինչպես նաեւ պետական մրցանակի արժանացած գործչի մրցանակի չեն արժանացնում. «Մեր նպատակը նոր տաղանդների, շնորհալի ստեղծագործողների գտնելն ու հայտնաբերելն է, վերջինիս անվանը նաեւ միջազգային ասպարեզում հնչղություն հաղորդելը»:
Հ.Գ. Նշենք, որ մրցույթին մասնակցել ցանկացողներն իրենց հեղինակած աշխատանքները կարող են միության գրասենյակ ներկայացնել նոյեմբերի 3-ից դեկտեմբերի 3-ը:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 
MISTER X-Ն ԱՄՈՒՍՆԱՑԵԼ Է
Հայտնի երգիչ Արթուր Հակոբյանը՝ Mister X-ը, եւ հաղորդավարուհի Սվետլանա Բոսնոյանը ամուսնացել են։ Այս մասին տեղեկանում ենք Սվետլանայի ֆեյսբուքյան էջում տեղ գտած շնորհավորանքներից ու բարեմաղթանքներից: Նշենք, որ Mister X-ը տեւական ժամանակ բնակություն է հաստատել ԱՄՆ-ում:
Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ «Ժողովուրդ»-ին տված հարցազրույցում Mister X-ը, պատասխանելով այն հարցին, թե երբ սպասենք իր ամուսնությանը եւ ինչպես է ծրագրում անցկացնել այն՝ հայկակա՞ն, թե՞ ամերիկյան տարբերակով, նշել էր. «Ամուսնությանը սպասեք հաջորդ տարվա ընթացքում: Այն կլինի հայկական, բայց յուրահատուկ հարսանիք»:

 

ՀԵՐՈՍՈՒՀԻՆ ԴՈՒՍՏՐՆ Է
Երգիչ-երգահան Արտավազդ Բայաթյանը երգեր ստեղծելուց բացի՝ նաեւ գրում է արձակ գործեր։ Bravo.am-ի փոխանցմամբ` վերջերս նա ներկայացրել է իր «Գիրք ցնցուղ» («Книга душ»)-ը։ Հայերեն եւ ռուսերեն տարբերակներով գրված գրքի շապիկին նրա դուստրն է՝ դերասանուհի Անի Բայաթյանը։ Արտավազդ Բայաթյանի խոսքով՝ այն ի սկզբանե գրել է որպես պիես դստեր համար, սակայն ընդլայնել է ու գրքի վերածել, որի հերոսուհին՝ Ժաննան, հավաքական կերպար է։ Հերոսուհու նախատիպը հենց Անին է. «Շատ բաներ գրում էի` հաշվի առնելով Անիի մոտեցումները, բայց ընթացքում ծավալվեցի։ Մենք այժմ մտածում ենք այն ներկայացման վերածել, ինչը կապված է ֆինանսական միջոցների հետ։ Եթե բեմադրվի, ավելի հետաքրքիր կլինի երեք կերպարով խաղալ։ Դերասանուհի կինը, հաղթահարելով դժվարությունները, պայքարում է ու վերածնվում։ Գիրքը ցնցուղ եմ անվանել` բառի լայն իմաստով, մարդու ներքին աշխարհի մաքրման իմաստով, ռուսերեն տարբերակում նաեւ հոգի է նշանակում, բայց հայերենում այդ իմաստը չունի»,-մեկնաբանել է նա։
Ի դեպ, գիրքն ունի նաեւ աուդիո տարբերակ, որը հեղինակը ձայնագրել է իր հիմնադրած «Արձագանք» ստուդիայում։




Լրահոս