«Ժողովուրդ»-ն արդեն տեղեկացրել է, որ նոյեմբերից «Շանթ» հեռուստաընկերությամբ եթեր կհեռարձակվի ռեժիսոր Ռոման Մուշեղյանի «Սահմանին» նոր բազմասերիանոց գեղարվեստական ֆիլմը, որը կպատմի սահմանին տիրող իրավիճակի մասին: Հայտնի է, որ ֆիլմի գլխավոր դերակատարներից մեկը Ռոզի Ավետիսովան է: Նա մեզ հետ զրույցում պատմել է այն դժվարությունների մասին, որոնք ստիպված է եղել հաղթահարել նկարահանումների ընթացքում:
Ռոզին խաղում է հատուկ ջոկատի ծառայող, կին դիպուկահարի դեր: Նրա խոսքով` այն, ինչ իրեն առաջարկվել է, ի սկզբանե անսովոր էր` նախագիծը, դրա մասշտաբները, պահանջվող ջանքերը: «Ֆիլմի նկարահանումները մեծ մասամբ քաղաքից դուրս են տեղի ունենում` անտառներում, սարերում, ուստի «բազմոցային» հերոսուհիների մարմնավորելուց հետո ստիպված ես որոշ բարդությունների առաջ կանգնել: Ինքս սպորտային մարդ չեմ, դերն էլ որոշակի ֆիզիկական պատրաստվածություն էր պահանջում, որի համար ես ժամանակ չունեի, քանի որ նկարահանումները հանկարծակի կերպով սկսվեցին, սակայն բոլոր խոչընդոտները դեռեւս հաղթահարելի են: Ամենադժվարը, թերեւս, զենք բռնելն էր. սկզբում ինձ թվում էր, թե չեմ կարողանա տանել այդ ծանրությունը, չի ստացվի զենքով վազել, սակայն կամաց-կամաց սովորեցի»,-ասաց Ռոզին:
Մեր այն հարցին, թե արդյոք իր կերպարը նախատիպ ունի, դերասանուհին պատասխանեց. «Այդ նախատիպը գուցե կա, գուցե եւ ոչ, մենք շատ կին դիպուկահարներ ունենք… Գուցե իրականում Լիլիթը գոյություն ունի: Մեր կերպարները որքանով հորինված են, այդքան էլ իրական են»:
Ռոզիի հետ զրույցում չշրջանցեցինք նաեւ նրա անձնական կյանքի թեման: Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Ռոզին չեղյալ էր հայտարարել իր նշանադրությունը:
«Անձնական կյանքում հիմա խաղաղ շրջան է, կյանքի այս փուլում շատ տարված եմ աշխատանքով, իսկ անձնականս, կարելի է ասել, «քնած» վիճակում է»,-ասաց նա:
Դերասանուհին բոլորին խորհուրդ է տալիս` ինչ էլ պատահի, կողակցին ընտրելու հարցում առաջնորդվել միայն սրտի թելադրանքով. «Ու սխալվելու դեպքում անգամ, եթե դա քո ընտրությունն է, ափսոսանքդ այդքան մեծ չէ»:
Աննա Բաբաջանյան