Արդեն տեսանելի է, որ դեկտեմբերի 6-ին տեղի ունենալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին ընդառաջ՝ տարբեր գերատեսչությունների ղեկավարները, պատասխանատուները եւ մարզային իշխանությունները փորձելու են բոլոր միջոցներով ապահովել իրենց հանձնարարված այո-ի քվեների քանակը:
«Ժողովուրդ»-ը զրուցել է Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի եւ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի հետ՝ պարզելու համար, թե ինչպես են պատրաստվում անցկացնել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն եւ ինչպիսի ռեսուրսներով են այո-ն ապահովելու: Նշենք նաեւ, որ «Ժողովուրդ»-ը իր նախորդ համարում, անդրադառնալով հանրաքվեի հնարավոր արդյունքներին, կանխատեսել էր, թե ինչքան այո կարելի է կանխատեսել հանրաքվեին վերոհիշյալ եւ այլ մարզերում` ըստ իշխանությունների պլանի:
Այսպիսով՝ Շիրակի մարզում հնարավոր է կանխատեսել 70 հազար, իսկ Արագածոտնի մարզում 40 հազար այո: Սակայն «Ժողովուրդ»-ի հետ զրույցում թե՛ Շիրակի, թե՛ Արագածոտնի մարզպետները միաբերան նշեցին, որ չեն կարող հստակ թիվ ասել: Նրանց խոսքով՝ գուշակություններով չեն զբաղվում, եւ ամեն ինչ դեկտեմբերի 6-ին կերեւա:
Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյան
-Պարո՛ն Ցոլակյան, դեկտեմբերի 6-ին կայանալիք հանրաքվեին մնացել է ուղիղ մեկ ամիս ժամանակ: Ինչպե՞ս եք պատրաստվում:
-Ինչպես բոլորը:
-Դուք այո-ի ինչպիսի՞ տոկոս եք ակնկալում եւ ի՞նչ ռեսուրսներով եք այն ստանալու:
-Կան մարդիկ, կան ագիտացիայով զբաղվող մարդիկ, կան համապատասխան շտաբներ, որոնք աշխատում են այդ ուղղությամբ: Արդեն սկսել են աշխատանքը: Շտաբի աշխատանքների արդյուքում էլ կերեւա՝ ինչ են արել: Արտառոց որեւէ բան չկա: Ինչ վերաբերում է թվին, չեմ կարող ասել, թե ինչքան այո կլինի: Դա ամսի 6-ին հաշվելուց հետո կերեւա:
-Այսինքն՝ որեւէ թիվ չեք կարո՞ղ կանխատեսել:
-Չէ՛, չէ՛, չէ՛:
-Պարո՛ն Ցոլակյան, իսկ մտավախություն չունեք, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ էլ կպարտվեք, ինչպես դա եղավ 2013 թվականի նախագահական ընտրություններում, երբ մի շարք մարզերում, այդ թվում եւ Ձեր մարզում, Սերժ Սարգսյանին չհաջողվեց ցանկալի արդյունք ստանալ:
-Չեմ մտածում, ոչ մի բանի մասին չեմ մտածում, ես զբաղվում եմ շտաբների աշխատանքները համակարգելով, այդ բաների մասին մտածելու ժամանակ չունեմ
Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյան
-Պարո՛ն Սահակյան, ինչպե՞ս եք պատրաստվում հանրաքվեին:
-Նորմալ:
-Այո-ի ինչպիսի՞ ցուցանիշ պետք է ապահովեք: Ձեր հաշվարկներով մարզում որքա՞ն այո կլինի:
-Չեմ կարող ասել, ես նման գուշակություններ չեմ անում: Այո-ն ես չեմ ապահովելու, մարդիկ են գնալու ընտրության` քվեարկելու:
-Իսկ ի՞նչ ռեսուրսներով եք պատրաստվում այո-ն ստանալ:
-Մեր ռեսուրսն եղել է 1 տարի, 2 տարի, 5 տարի առաջ մեր կատարած աշխատանքը: Այսօր չպետք է գնանք, ռեսուրս գտնենք, այսօր չպետք է գնանք, մարդկանց բացատրենք: Մենք հսկայածավալ աշխատանքներ ենք կատարել: 125 դպրոց կա մարզում, 97-ը հիմնովին վերանորոգվել են, խմելաջրի ներքին ցանց ենք փոխել այս տարիների ընթացքում: 300 կմ ոռոգման ցանց ենք փոխել, 34 հատ նախակրթարան ենք բացել, 43 հատ մանկապարտեզ ենք բացել, մշակույթի տներ ենք վերանորոգել: Այս 5 տարի է՝ գյուղացուն երկրի նախագահի աջակցությամբ շուկայականից զգալի ցածր գնով պարարտանյութ, դիզվառելիք, սերմացուներ են տրամադրվում, այսինքն՝ նոր չպետք է ժողովրդին բան բացատրել, ընտրարշավ պետք է անենք: Կարծում եմ՝ մարդիկ այդ կատարած աշխատանքները չեն կարող մոռանալ, իրենց աչքի առաջ է եղել:
-Իսկ թվարկված աշխատանքներն ի՞նչ կապ ունեն սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի հետ:
-Նոր Սահմանադրություն, նոր առաջընթաց, նոր ծրագրեր, նոր գաղափարներ…
-Պարո՛ն Սահակյան, ըստ Ձեզ՝ մարզում այո ասողների թի՞վն է գերակշռելու, թե՞ ոչ-ի:
-Բնական է, որ գերակշիռ մասը կլինի այո: Միլիարդավոր դրամների աշխատանք է կատարվել մարզում, բա ինչ պետք է լինի:
ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ