«Մարդկանց ուղորդում ենք, բացատրում ենք». ի՞նչ հրահանգ է ստացել Հրազդանի քաղաքապետը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին քիչ ժամանակ է մնացել և անհայտ է, թե շատ համայնքներում ինչպես են պատրաստվում հանրաքվեին և ինչպիսի տրամադրվածություն է տիրում բնակչության մոտ: Armlur.am-ն այս առնչությամբ զրուցեց Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի քաղաքապետ Արամ Դանիելյանի հետ: Վերջինս փոխանցեց, որ աշխատանքներ են տարվում և բնակչության մոտ «այո»-ն գերակշռում է:

-Պարոն Դանիելյան, մեկ ամսից քիչ ժամանակ է մնացել Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին: Դուք ինչպե՞ս եք պատրաստվում հանրաքվեին:

-27 շտաբ ենք բացել, շտաբի պետը ես եմ, քարոզչություն ենք անում, ժողովուրդի հետ աշխատում ենք:

-Բնակիչների մոտ ինչպիսի՞ տրամադրվածություն կա Սահմանադրական փոփոխությունների հետ կապված, ավելի շատ հակված են այո ասելու, թե ոչ:

-Տրամադրվածությունները նորմալ հիմքերի վրա են:

-Այսինքն, բնակիչների մոտ այո-ն է գերակշռում:

-Աշխատանքները ընթացքի մեջ են, դեռ չեմ կարող ասել այո-ն է շատ, թե ոչ-ը: Բայց այո-ն ավելի շատ կլինի, որովհետև տրամադրվածությունը դեպի այո-ի կողմն է:

-Նոր Հայաստան փրկության ճակատը քարոզարշավի շրջանակներում տարբեր մարզերում շրջում է: Հնարավոր է Ձեր քաղաքում ևս քարոզչական աշխատանքներ իրականացնեն: Դուք ինչպե՞ս կընդունեք նրանց, կխոչընդոտեք, թե ոչ:

-Բայց ինչու պետք է խոչընդոտենք: Մարդիկ իրենց քարոզչությունն են իրականացնում, ինչ-որ մեզանից կախված է կընդառաջենք, ինչ է եղել, որպես համայնքի ղեկավար:

-Ըստ Ձեզ նրանց կհաջողվի բնակչությանը քարոզարշավի ընթացքում ուղղորդել դեպի ոչ-ի, և շատերի մոտ այո-ն ոչ դառնա:

-Դա իրենց աշխատանքից է կախված, քարոզչությունից: Բայց չեմ կարծում, որ իրենք ավելի շատ ոչ-ին կտանեն մեր համաքաղաքացիներին, որովհետև մեր համաքաղաքացիների մեծամասնությունն արդեն տրամադրվածությունը այո է, այո- ի կողմնակից են:

– Ձեզ հրահանգել են, որ քաղաքում այո-ն ապահովեք:

– Մեզ ոչ մի բան չեն հրահանգել: Մենք մեր աշխատանքն ենք կատարում: Մարդկանց ուղորդում ենք, բացատրում ենք , թե այո-ն ինչի համար են ասել:

Արփինե Թովմասյան




Լրահոս