Իշխանությունը սկսել է քրեական մոբիլիզացիան. ընտրակեղծարարության համակարգը սկսում է ակտիվանալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրը որքան մոտենում է, իշխանությունների ընտրակեղծարարության համակարգն այնքան սկսում է ակտիվանալ: Ինչպես հայտնի է՝ Հայաստանում ընտրությունների կեղծման կարեւոր օղակներից մեկը քրեական հեղինակություններն են: Վերջիններս ընտրությունների ժամանակ մշտապես իրենց ողջ կարողությունները ներդնում են իշխանական թեկնածուի «հաղթանակն» ապահովելու համար: Դիմացը որոշակի արտոնություններ են ստանում, իրենց ծանոթ-բարեկամներին կարողանում են պետական կառավարման համակարգում աշխատանքի տեղավորել, ազատել քրեական պատասխանատվությունից, տարածքներ սեփականաշնորհել եւ այսպես շարունակ:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հանրաքվեի տարածքային պատասխանատուներն արդեն սկսել են իրենց մոտ կանչել թաղային քրեական հեղինակություններին: Այդ բանակցությունները հիմնականում նախնական բնույթ են կրում, այսինքն՝ այո-ի տարածքային պատասխանատուները փորձում են հասկանալ, թե քրեական հեղինակություններից ովքեր են պատրաստ «աշխատել» այո-ի համար: Իշխանական շտաբների պատասխանատուներն արդեն իսկ սկսել են իրենց վերադասներին դժգոհել թաղային հեղինակությունների, այսպես կոչված, «պասիվությունից»: Մեր տեղեկություններով՝ «հարցվածների» մի մասը տարբեր պատրվակներով փորձում է խուսափել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ իշխանությունների համար այո-ի ձայներ ապահովելուց:

Իհարկե, նրանց՝ նման մոտեցումը պայմանավորված չէ այն հանգամանքով, որ թաղային հեղինակությունները սկսել են հասկանալ, թե ինչ ասել է ժողովրդավարություն, եւ որ ընտրություններ կեղծելը հայրենիքի դավաճանությանը հավասարազոր է: Բանն այն է, որ ոչ ոք առայժմ թաղային հեղինակություններին հստակ չի կարողանում ասել, թե իրենք ինչ կստանան իրենց «ծառայությունների» դիմաց: Իհարկե, ընդհանուր բնույթի ինչ-որ խոստումներ տրվում են, բայց ըստ ամենայնի, դա ամենեւին էլ չի բավարարում «գործ անող» տղերքին:

Այս անվստահությունն իշխանությունների նկատմամբ ամենեւին էլ պատահական չէ, քանի որ, ըստ լուրերի, 2013 թվականի նախագահական ընտրություններից հետո իշխանությունները բազմաթիվ դեպքերում, հատկապես այն տեղամասերում, որտեղ չեն կարողացել Սերժ Սարգսյանի համար «հաղթանակ» ապահովել, թաղային հեղինակություններին «քցել» են եւ խոստացված արտոնությունը չեն տվել կամ նրանց հարազատին այդպես էլ աշխատանքի չեն տեղավորել: Այս քայլն իշխանությունները պատճառաբանել են այն հանգամանքով, որ քվեարկության խոստացված արդյունքները ապահովված չեն եղել: Իսկ երբ թաղային հեղինակությունները սկսել են հաշիվ պահանջել, արդեն գործին խառնվել է ոստիկանությունը: Այլ կերպ ասած՝ «բողոքողներին» հասկացրել են, որ եթե նրանք ստեղծված իրավիճակի հետ չհամակերպվեն, ապա այդ հանգամանքը իրենց համար ծանր հետեւանքներ կարող է ունենալ: Հենց այս իրողությունն է պատճառը, որ ներկայումս թաղային հեղինակությունները դեռ չեն շտապում «գործի լծվել»:

Իհարկե, թաղային հեղինակությունների այս «չեզոքությունը» երկար չի կարող շարունակվել, եւ կասկածից վեր է, որ նրանք վաղ թե ուշ յուրաքանչյուրն իր «պարտավորությունը» կստանձնի կամ ստիպված պետք է լինի Հայաստանն առնվազն մեկ ամսով լքել, որպեսզի իր «անգործությունը» կարողանա զբաղվածությամբ հիմնավորել:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս