Սուր աղիքային հիվանդությունների թիվն ավելացել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամռան ամիսներին Հայաստանում աղիքային հիվանդությունների բազմաթիվ դեպքեր արձանագրվեցին. հիմնականում նախադպրոցական շրջանի երեխաների մոտ: Սա հաստատում է նաեւ ազգային վիճակագրական ծառայությունը:

Ըստ մասնագետների՝ ամռան ամիսներին աղիքային վարակները արձանագրվել են շոգի եւ ամառային սննդի պատճառով: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ Հայաստանում 2015 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին սուր աղիքային հիվանդությունների դեպքերը 34.9 տոկոսով ավելացել են. այս տարվա սեպտեմբերին արձանագրվել է 1778 դեպք, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 1052: Իսկ սալմոնելոզային վարակների դեպքերը այս տարվա սեպտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել են: Օրինակ՝ այս տարվա սեպտեմբերին արձանագրվել է սալմոնելոզային վարակների 43 դեպք, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 52:

Սուր աղիքային հիվանդություններից բակտերիալ դիզենտերիայի արձանագրված դեպքերը կազմել են 300, որը նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ նույնպես ավելացել է՝ կազմելով 92: Ավելացել է նաեւ չհաստատված եւ չճշգրտված հարուցիչներով սուր աղիքային վարակների արձանագրված դեպքերի քանակը: Դրանք այս տարվա սեպտեմբերին կազմել են 1035, իսկ նախորդ տարվա սեպտեմբերին՝ 599:

Ի դեպ, 822 դեպք գրանցվել է 0-14 տարեկան երեխաների մոտ, մինչդեռ նախորդ տարի նույն տարիքի երեխաների մոտ արձանագրված դեպքերի քանակը կազմել է 430: Այս տարվա 9 ամիսներին ՀՀ-ում գրանցվել է սուր աղիքային հիվանդությունների 8965 դեպք, մինչդեռ այն նախորդ տարվա նույն ժամանակահատվածում կազմել է 7314: Իսկ չհաստատված եւ չճշգրտված հարուցիչներով սուր աղիքային վարակների արձանագրված դեպքերի թիվը կազմել է 5065՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի՝ 4142-ի համեմատ:

Չնայած սրան՝ այս տարվա սեպտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել են վերին շնչուղիների սուր վարակների արձանագրված դեպքերը՝ կազմելով 6054:

Ըստ ԱՎԾ-ի՝ սեպտեմբերին գրիպի դեպքեր չեն արձանագրվել: Սակայն 9 ամիսների ընթացքում Հայաստանում գրիպի արձանագրված դեպքերը կազմել են 32, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում 13-ն էր: Ըստ առողջապահության նախարարության՝ այս պահին երկրում համաճարակային իրավիճակը հանգիստ է: «ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այժմ ԱՆ-ն հանրապետությունում անցկացնում է սուր շնչառական վարակների ամենշաբաթյա մոնիտորինգ:

Նշենք, որ ձմռան ամիսներին սեզոնային հիվանդություններ են համարվում օդակաթիլային ճանապարհով փոխանցվող սուր շնչառական վարակներն ու գրիպը: Ինչի հետ կապված մասնագետները նշում են, որ փակ, չօդափոխվող տարածքներում գտնվելը ավելի է նպաստում հիվանդությունների տարածմանը:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս