Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ՍԾՏՀԿ գլխավոր քարտուղարին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր՝ ապրիլի 3-ին, Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Վիկտոր Տվիրկունին:
ԱԳՆ մամուլի ծառայությունից armlur .am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը շնորհավորել է Վիկտոր Տվիրկունին ՍԾՏՀԿ գլխավոր քարտուղար ընտրվելու կապակցությամբ եւ հույս հայտնել, որ նա իր ներդրումը կունենա կազմակերպության արդյունավետության բարձրացման մեջ: Էդվարդ Նալբանդյանը նաեւ նշել է, որ Հայաստանը կարեւորում է տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացները եւ, հենց այդ սկզբունքով առաջնորդվելով, ակտիվորեն մասնակցում է  ՍԾՏՀԿ շրջանակներում ընթացող բազմաոլորտ համագործակցությանը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության եւ բարեմաղթանքների համար՝ Վիկտոր Տվիրկունը վստահեցրել է, որ առավելագույն ջանքերը կներդնի ՍԾՏՀԿ շրջանակներում համագործակցության զարգացման նպատակով:
Էդվարդ Նալբանդյանն ու Վիկտոր Տվիրկունը հանգամանալից անդրադարձել են այս տարվա երկրորդ կեսին ՍԾՏՀԿ-ում Հայաստանի նախագահության առաջնահերթություններին: Այս առումով Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ հայկական նախագահությունը հատկապես ուշադրություն է դարձնելու տնտեսական, տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների, գիտության, զբոսաշրջության եւ արտակարգ իրավիճակների հետեւանքների վերացման ոլորտներում համագործակցությանը:
Հանդիպմանը զրուցակիցները հանգամանալից քննարկել են կազմակերպության շրջանակներում իրականացվող համագործակցության խորացման, տարածաշրջանում տնտեսական համագործակցության խթանման նպատակով ձեռնարկվելիք քայլերը: Մասնավորապես անդրադարձ է կատարվել անցյալ տարի ընդունված Կազմակերպության նոր Տնտեսական Օրակարգի իրականացման ընթացքին, ՍԾՏՀԿ արդյունավետության բարձրացման եւ այսօրվա պահանջներին ՍԾՏՀԿ գործունեության համապատասխանեցման հարցերին:




Լրահոս