Հոկտեմբերի 29-ին խորհրդարանում երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ՝ 86 կողմ, 25 դեմ եւ 1 ձեռնպահ ձայներով ընդունեց «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը: Նշենք, որ գարնանը սկսած նախագծի քննարկումները սկանդալային ընթացք ունեցան, ու դա էր պատճառը, որ ՀՀ կառավարության ներկայացրած նախագծի ընթերցումը հետաձգվեց: Սակայն, ինչպես միշտ է արվում նման դեպքերում, ԱԺ վերջին քառօրյայում այն հապշտապ դրվեց քվեարկության:
Հիշեցնենք, որ այս օրինագծով առաջարկվում է վերանայել ծխախոտի արտադրանքի եւ օղու ակցիզային հարկի դրույքաչափերը, որի անհրաժեշտությունը, ըստ ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանի, պայմանավորված է ԵՏՄ անդամակցության շրջանակում նշյալ ապրանքատեսակների ակցիզային հարկի դրույքաչափերի ներդաշնակեցման քաղաքականության իրագործմամբ: Նախագծով առաջարկվում է նաեւ որոշակիորեն ինդեքսավորել վառելիքի համար նախատեսված ակցիզային հարկի դրույքաչափերը եւ ավտոտրանսպորտային միջոցների վառելիքի բոլոր տեսակները ներառել ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների ցանկում:
Գարնանը՝ նախագծի քննարկման ժամանակ, ընդդիմադիր պատգամավորները հայտարարում էին, որ նշված օրինագծի ընդունումը խիստ բացասաբար է անդրադառնալու տեղական արտադրության վրա եւ բերելու է տրանսպորտի թանկացման, սոցիալական ցնցումների, արտադրական գործընթացներում անհավասար մրցակցության: Իսկ Վ. Միրումյանն էլ ընդդիմադիրներին համոզում էր, թե նախաձեռնությունը ոչ թե վնասում է տեղական արտադրությանը եւ թուլացնում մրցակցությունը, այլ հակառակը՝ առավել բարենպաստ պայմաններ է ստեղծում տեղական արտադրության համար:
ԱԺ անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանն էլ զգուշացնում էր, որ օրինագծի կյանքի կոչման դեպքում տեղական արտադրության որոշակի ճյուղեր փակվելու վտանգի տակ են հայտնվելու. «Այս դեպքում օղու արտադրությունը փակվելու է: Անխուսափելի է լինելու թանկացումը, անխուսափելի է լինելու տեղական արտադրողի անպաշտպան վիճակը եւս մեկ անգամ խորացնելը»,- նշել էր նա: Իսկ, ահա, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը հայտարարել էր, որ նախագիծը իրատեսական է ու անհրաժեշտ ՀՀ տնտեսության համար.«Մի սկզբունք կա, որը 70 տարուց ավելի կիրառվում է ծխախոտի արտադրությունում. հարկի թանկացումը վճարում է սպառողը: Հայաստանը պատկանում է այն երկրներին, որտեղ օրինական սիգարետն ամենաէժանն է: Հայաստանի բնակչությանը հասցվում է էժան գնով առողջությանը վնաս պատճառող արտադրանք: Ես ողջունում եմ ակցիզի բարձրացման կառավարության առաջարկը: Դա պետք է ավելի շուտ լիներ»,- ասել էր պատգամավորը:
Ի դեպ, նշենք, որ օրենքը շրջանառության մեջ է մտնելու 2017 թվականի հունվարի 1-ից:
Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանի հետ՝ պարզելու համար, թե ինչու իշխանությունները որոշեցին այս կարեւոր եւ սկանդալային օրինագիծը նման արագ ձեւով ընդունել:
-Ակցիզային հարկը մեղքի հարկ է, երկրները դնում են այդ հարկը նրա համար, որպեսզի հարկատուները վճարեն հարկերը: Այստեղ ափալ-թափալ որեւէ բան չի եղել, եղել է առաջին ընթերցում, որի ժամանակ շատ կոնկրետ քննարկվել է, իսկ սա արդեն երկրորդ ընթերցումն է, այնպես որ այս ժամանակահատվածում լուրջ քննարկումներ են տեղի ունեցել այս հարցի հետ կապված:
-Բայց վերջին փոփոխություններից հետո ակնհայտ է դառնում, որ վառելիքի, ծխախոտի ու խմիչքի շուկայում թանկացումներ են լինելու: Ինչո՞ւ որոշվեց նման արագությամբ ընդունել այդ նախագիծը, երբ առաջին քննարկման ժամանակ ակնհայտ դարձավ, որ այն առաջացնելու է հանրության դժգոհությունը:
-Բարձրացվել է ակցիզային հարկը, իսկ եթե լինի մրցակցություն, թանկացումներ չեն լինելու, ինչո՞ւ պետք է լինեն թանկացումներ, եթե լինի առողջ մրցակցություն: Տեսնում եք, թե այս հարցում քանի եթե-ներ կան: Գուցե մրցակցությունն ավելանա՞: Եթե ընդդիմության ասածն եք ասում, ապա ընդդիմությունը միշտ էլ նման հայտարարություններ անում է: Եթե Դուք ուզում եք, որ ես համաձայնեմ ու ասեմ, որ օրենքը շատ վատն է, ապա նման բան չի լինելու, եթե ուզում եք ասեմ, թե որն է իրականությունը, ասեմ: «Ակցիզային հարկ»-ի մասին օրենքն ասում է, որ գազի վաճառքի վրա ակցիզային հարկ է դրվում որպես խոշոր շահութաբերություն ապահովվող մի քանի ոլորտներից, իսկ երկրորդն էլ դրված է ծխախոտի եւ օղու վրա, բայց այնտեղ դրված են նաեւ սահմանափակումներ: Եթե նայում ենք, ապա ավելի շատ դրված է ներկրողների վրա, իսկ դա էլ մրցակցության որակի առումով կարող է ազդեցություն ունենալ, կարող է եւ չունենալ: Այս դեպքում պետք է նայել շուկային:
-ԱԺ ընդդիմադիր պատգամավորները պնդում են, որ օրենքի կիրառման դեպքում հասկանալի կդառնա, թե ինչպիսի ֆինանսական կորուստներ է ունենալու հասարակությունը, քանի որ թանկացումներն այս պարագայում անխուսափելի են:
-Ամեն մեկը կարող է իր տեսակետն ասել, հայտարարել այն, ինչ ցանկանում է, բայց ես արդեն նշեցի, որ շուկայում գուցե մրցակցությունն է ուժեղանում, ինչի պատճառով էլ այդ հայտարարություններն իրական չեն դառնում: Հիմա խոսել եթե-ներով, ասել բաներ, որոնք վերաբերում են ապագային, իրական չի լինելու: Ժամանակը կգա, ամեն ինչն էլ պարզ կդառնա, շուկայում կորոշվի ամեն ինչ:
ՈՒՈԼԹԵՐԸ ԿԱՏԱՐԵՑ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊԱՏՎԵՐԸ. ԶԵԿՈՒՅՑՆ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ Է
Երեկ Փարիզում ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի նիստում «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» անվանումով հակահայկական զեկույցն ընդգրկվել է ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանի օրակարգ: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ հայկական պատվիրակության ներկայացուցիչները հորդորել են հետաձգել զեկույցի քննարկումը, սակայն քաղաքական հանձնաժողովի ներկայացուցիչները մերժել են հայկական պատվիրակության առաջարկությունը:
Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի անդամ Նաիրա Կարապետյանի հետ՝ պարզելու համար, թե ինչպես որոշում կայացվեց զեկույցն օրակարգ ընդգրկել:
-Քաղաքական հանձնաժողովը հավանություն է տվել Ռոբերտ Ուոլթերի զեկույցին՝ որոշելով այն ներկայացնել հունվարի լիագումար նիստի քննարկմանը: ԵԽԽՎ հայկական պատվիրակության ներկայացուցիչներս մի քանի եվրոպացի պատգամավորների հետ միասին առաջարկել ենք զեկույցի լիագումար նիստում ընդգրկելը հետաձգել, քանի որ այն բալանսավորված չէ, միակողմանի է, ու պարտադիր չէ, որ պետք է հենց Ուոլթերը լինի զեկույցի հեղինակը մինչեւ վերջ:
Նշեմ, որ Ռոբերտ Ուոլթերի պատգամավորական մանդատի ավարտը նոյեմբերի 7-ին է, ու ըստ կանոնակարգի՝ պետք է ընտրվեր այլ զեկուցող: Բայց Ուոլթերն ամեն ինչ արեց, որպեսզի իր քաղաքական պատվերն ինքնուրույն վերջացնի: Հանձնաժողովն էլ դեմ քվեարկեց մեր առաջարկությանը հարցը հետաձգելու մասին՝ 24 դեմ, 14 կողմ հարաբերակցությամբ, որից հետո արդեն քվեարկության դրվեց հարցը, թե ովքեր են համաձայն, որ զեկույցն ընդգրկվի լիագումարի օրակարգ: Որոշումն ընդունվեց 26 կողմ, 10 դեմ հարաբերակցությամբ: Այսպիսով` հարցը արդեն քննարկվելու է հունվարի լիագումար նիստի ժամանակ:
Ուոլթերն իր զեկույցում կոչ է արել. «Ժամանակավորապես ընդունել Լեռնային Ղարաբաղի նոր կարգավիճակը` երաշխավորելով անվտանգություն ու ներքին ինքնակառավարում` համաձայնեցված միջանցքով Հայաստանից ԼՂՀ, այլ վստահելի կառույցներով, նաեւ նոր միջանցքով դեպի Նախիջեւան»: Անդրադառնալով սահմանամերձ «քաղաքացիական բնակավայրերի դիմակայությանն ու այնտեղ տիրող իրավիճակին»` ԵԽԽվ քաղաքական խորհուրդը նշում է. «Հապաղումը միայն կվատթարացնի վիճակն այս բնակավայրերում «ոչ սառած» այս պատերազմի ժամանակ, որը հարյուրավոր կյանքեր է խլել սկսած 2014-ից եւ որը կարող է վերաճել պատերազմի ԵԽԽՎ անդամ պետությունների մեջ»: Ի հավելումն այս ամենի` կառույցը հորդորում է ԵԱՀԿ-ին համաշխարհային ազդեցության ուժը կիրառել Լեռնային Ղարաբաղում եւ մյուս «օկուպացված տարածքներում» եւ ապահովել «տեղափոխված» անձանց անվտանգությունն ու վերադարձնել նրանց: Փաստաթուղթն այս դեպքում նույնպես չի կոնկրետացնում, թե որ անձանց մասին է խոսքը:
Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
300 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՆՈՐ ՎԱՐԿ
ՀՀ կառավարությունն այսօր կայանալիք նիստում կհաստատի Հայաստանի եւ Եվրասիական զարգացման բանկի միջեւ հերթական վարկային համաձայնագիրը: Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից նախատեսվում է ՀՀ կառավարությանը տրամադրել 300 միլիոն դոլարի վարկ: Վարկը կտրվի երեք մասնաբաժիններով՝ յուրաքանչյուրը 100 մլն դոլարի չափով: Վարկի տարեկան տոկոսադրույքը կազմում է 2,1 տոկոս, մարման ժամկետը՝ 20 տարի, որից 10 տարին արտոնյալ ժամանակահատվածն է, այսինքն՝ այդ ընթացքում ՀՀ կառավարությունը միայն տոկոսներն է վճարելու, իսկ մայր գումարի մարումը սկսելու է երկրորդ տասնամյակում: Նշենք, որ երեկ «Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր, որ ՀՀ կառավարության կողմից այս տարվա ընթացքում վերցված վարկերը տարեվերջին կկազմեն 894 մլն դոլար: Վերը նշված վարկը հենց այդ գումարների մեջ է մտնում: Առաջիկայում ՀՀ կառավարությունը մի քանի այլ վարկային համաձայնագրեր եւս կհաստատի:
ԻՆՔՆԱԶԱՏՎԵԼ Է
Սերժ Սարգսյանի երեկ ստորագրած հրամանագրով ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Սամվել Արաբաջյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: «Ժողովուրդ»-ը ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանից հետաքրքրվեց, թե ինչն է եղել Արաբաջյանի պաշտոնանկության պատճառը: Մեր հարցմանն ի պատասխան՝ Ռ. Նազարյանն ասաց. «Ինքը վաղուց էր ցանկանում դուրս գալ: Մասնավոր սեկտորից աշխատանքի առաջարկ է ստացել՝ բարձր աշխատավարձով: Նա իր դիմումի համաձայն, իր ցանկությամբ է ազատվել աշխատանքից»: ՀԾԿՀ նախագահը նշեց նաեւ, որ այս պահին Արաբաջյանին դեռ փոխարինող չկա:
90 ՀԱԶԱՐ ՆՈՐ ՔԱՂԱՔԱՑԻ
ՀՀ ոստիկանությունը «Ժողովուրդ»-ի հարցմանն ի պատասխան՝ տրամադրել է վերջին 10 տարիներին Հայաստանի քաղաքացիություն ստացած օտարերկրյա քաղաքացիների թվերը: Ստորեւ ներկայացնում ենք աղուսյակ, որում բերված է, թե որ թվականին քանի մարդ է ՀՀ քաղաքացիություն ընդունել:
2005թ. 223
2006թ. 290
2007թ 216
2008թ. 1554
2009թ 4323
2010թ 9588
2011թ. 14992
2012թ. 14866
2013թ. 21142
2014թ. 13252
2015թ. 7540 (հոկտեմբերի դրությամբ)
Ստացվում է, որ տասը տարիների ընթացքում 87 հազար 986 մարդ, որոնք մինչ այդ այլ երկրի քաղաքացի են եղել, ՀՀ քաղաքացիություն են ստացել: Իսկ այն, որ 2011թ.-ից ՀՀ քաղաքացիություն ստացողների թիվը կտրուկ աճել է, թերեւս պայմանավորված է սիրիահայերի՝ Հայաստան տեղափոխվելու փաստով: Ինչպես հայտնի է՝ Սիրիայում սկսված քաղաքացիական պատերազմից հետո հազարավոր սիրիահայեր (որպես երկրորդ քաղաքացիություն) դարձել են ՀՀ քաղաքացի եւ բնակության համար տեղափոխվել Հայաստան: