Երեկ կառավարության նիստից, ինչպես միշտ, գրեթե բոլոր նախարարները «անհետացան» հետնամուտքով, իսկ պաշտպանության նախարարին օգնեց փախչել մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Իր «բարեկրթությամբ» աչքի ընկավ քաղաքաշինության ՕԵԿ-ական նախարար Սամվել Թադեւոսյանը, որը խրոխտ քայլերով կառավարության շենք մտնելիս խուլ էր ձեւանում՝ տպավորություն ստեղծելով, որ չի լսում լրագրողների կողմից հնչեցված հարցերը: Նիստից հետո նա եւս շենքը լքեց հետնամուտքից:
Միայն ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանն էր, որ չփախավ լրագրողներից՝ հոդաբաշխ հայերենով ասելով, թե նախօրեին շատ է խոսել, այլեւս չի ցանկանում:
Լրագրողների աչքից չվրիպեց, որ կառավարության շենքի միջանցքում շուրջ 20 րոպե ինչ-որ հարցի շուրջ թեժ քննարկում էր տեղի ունենում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի միջեւ: Վերջինս խիստ նյարդայնացած ինչ-որ բան էր պատմում Նալբանդյանին, որը խիստ հայացքով լսում էր՝ փորձելով հանգստացնել նրան:
ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ԹՌԱՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ