ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ 11 ՄԵՂԱՎՈՐՆԵՐԻՑ ՄԵԿԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռեւս հին փիլիսոփաներից մեկն է նկատել, որ երբեմն անձի մասին ձեւավորված պատկերացումները հօդս են ցնդում, երբ նա հայտնվում է պաշտոնական աստիճանահարթակի վրա ու սկսում վերեւ բարձրանալ՝  ճանապարհին չգոյության մատնելով այն բոլոր դրական դրսեւորումները, որոնք նա կուտակել է իբրեւ կենսագրություն… Այսպես պատահեց նաեւ 1980-ականներին հեռուստատեսությամբ իրավաբանական հաղորդումներ վարող համեստ իրավաբան Տարիել Բարսեղյանի հետ:
Չթաքցնենք, նա էկրանի հերոսներից էր դարձել, ում սպասում էին… Հետո արդեն ոչ թե սկսեցին սպասել, այլ հիասթափվել, քանի որ ներքաշվելով դատական համակարգի մեջ ու արդեն իսկ վայելելով այս համակարգի «բարիքները»՝ նա դարձավ մեկը նրանցից, ովքեր խորհրդանշում էին համակարգի տխուր բարքերը…
Նա, համաձայն խորհրդային տարիներին հաստատված «սկզբունքների», ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը: Դեռ այն տարիներին էր բոլորին հայտնի, որ այս ֆակուլտետ շատերը չեն ընդունվում վասն արդարության ու օրենքին հավատարմության… Բայց կարծես թե Տ. Բարսեղյանը տարբերվում էր շատերից, որովհետեւ 1967-ին ավարտելով համալսարանը՝ նա ընդունվեց ասպիրանտուրա: Այսինքն՝ նպատակն էր դառնալ գիտնական: Ու դարձավ: 1972թ. դարձավ իրավաբանական գիտությունների թեկնածու` պաշտպանելով  թեկնածուական ատենախոսություն` «Մատակարարի պատասխանատվությունը մատակարարման պայմանագրի առարկային ներկայացվող պահանջների խախտման համար» վերտառությամբ: Այս «խուճուճ» բառերն այսօր շատ դժվար է հասկանալ, բայց խորհրդային տարիներին գիտության մեջ ընդունված էին նման անհասկանալի բառակապակցությունները: 2006թ., երբ արդեն ունեցվածքի ու փառքի գագաթնակետին էր, դարձավ իրավաբանական գիտությունների դոկտոր՝ գրելով «Գույքային պատասխանատվության ինստիտուտի էվոլյուցիան եւ արդիական հիմնահարցերը» վերտառությամբ ատենախոսությունը: Այստեղ էլ շատ բան անհասկանալի էր, մանավանդ որ նոր իրականության մեջ փոխվել էին պատկերացումները գույքային պատասխանատվության մասին: Բայց այդ ժամանակ ո՞վ կհանդգներ դատական համակարգի երեւելիներից մեկին ասել, որ այս թեմայով կարելի է ընդամենը մի ծավալուն գիտական հոդված գրել, բայց ոչ երբեք դոկտորական ատենախոսություն…
Իր աշխատանքային կենսագրությունն էլ Տ. Բարսեղյանը սկսել է շատ համեստ «տեղերից»: Ավարտելուց հետո աշխատել է ԵՊՀ-ում որպես դասախոս, իսկ 1967-ից մինչեւ 1972թ. ՀԽՍՀ ավտոտրանսպորտի մինիստրության թիվ 1 տրեստում եղել է իրավախորհրդատու: 1973թ. դարձել է ավագ դասախոս, 1977-ին՝ քաղաքացիական իրավունքի ամբիոնի դոցենտ: Դանդաղ, շատ դանդաղ է առաջ գնացել գիտական պաշտոնների ճանապարհով՝ միայն 1988թ. դառնալով քաղաքացիական իրավունքի ամբիոնի վարիչ: 1990-ին շատերի համար անսպասելի դարձել է ՀՀ Գերագույն դատարանի նախագահ: Խոստովանենք, որ սա չափազանց անակնկալ թռիչք էր, որովհետեւ միշտ համեստ, երբեք գիտության ու բուհական աշխատանքների կազմակերպման մեջ աչքի չընկնող, բանակում չծառայած, դատական համակարգում չաշխատած մարդն անմիջապես նշանակվում էր երկրի գլխավոր դատավորի պաշտոնում:  Ասում են, որ այս նշանակման հարցում մեծ է եղել այդ ժամանակ վարչապետ նշանակված Վազգեն Մանուկյանի դերը, քանի որ նա է իր համալսարանական գործընկերոջը բերել այդ պաշտոնին: Զարմանալի էր նաեւ այն, որ Գերագույն դատարանի նախագահ էր դառնում քաղաքացիական իրավունքի մասնագետը, ընդամենը դոցենտը, մինչդեռ այդ դատարանին առաջին հերթին անհրաժեշտ էր քրեական իրավունքի մասնագետ նախագահ:
Տ. Բարսեղյանի՝ Գերագույն դատարանի նախագահության շրջանում լսվեց այսպես կոչված «Դրոյի գործը»՝ ամենաաղմկահարույցը նորանկախ Հայաստանի պատմության մեջ: Դրանից հետո նույն դատարանը սկսեց լսել «Վահան Հովհաննիսյան գումարած երեսուն» գործը… Նշենք, որ Գերագույն դատարանն ամենից շատ գնդակահարության դատավճիռներ կայացրել է Տ. Բարսեղյանի նախագահության տարիներին: Իհարկե, այն բանից հետո, երբ գլխավոր դատախազ նշանակվեց Հենրիկ Խաչատրյանը, մի շարք վճռաբեկ բողոքներ վերանայել տվեցին Գերագույն դատարանի կայացրած վճիռները, սակայն դա մի կարճ ժամանակաշրջան էր…
Տ. Բարսեղյանը Գերագույն դատարանի նախագահի պաշտոնում մնաց ուղիղ 12 տարի, մինչեւ «Դատարանակազմության մասին» օրենքի կիրառումը, իսկ հետո արդեն նորից վերադարձավ համալսարան… Ու դարձյալ, ընդամենը գիտությունների թեկնածուի աստիճան ունենալով, ընտրվեց ամբիոնի վարիչ:
Իհարկե, հեռանալով դատարանի նախագահի պաշտոնից՝ Տ. Բարսեղյանը չհեռացավ համակարգից, նրան նշանակեցին ՀՀ արդարադատության խորհրդի անդամ: Այսինքն՝ չմոռացվեց այն, որ Տ. Բարսեղյանը սրբորեն ծառայել էր վարչակարգին: Ու նաեւ նրա մասին էր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը գրել. «Մեր դատարանի ու մեր ժողովրդի այս վիճակի համար մեղավոր են ՀՀ վճռաբեկ դատարանը (17 մարդ) եւ ՀՀ արդարադատության խորհուրդը (11 մարդ): Շատերը չգիտեն, թե ովքեր են այդ  մարդիկ, ում պատճառով ծանր վիճակում է մի ամբողջ ժողովուրդ»:

ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ




Լրահոս