Այսօր Ազգային ժողովի էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովում քննարկվում էր Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի դիմումը` ընդդեմ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանի՝ Շմայսի:
Հիշեցնենք, որ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը սպառնացել էր հնարավորության դեպքում «գլխատել ու բռնաբարել» բոլոր նրանց, ովքեր բացասաբար են արտահայտվել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ընտանիքի հասցեին. «Իրանք էդքան մեղք չունեն, ինչքան իրանց պապաները, պապաներին պետք է անպայման ճարվի եւ գլխատվի, անձամբ իմ ձեռքն էլ որ ընկնի, կգլխատեմ: Կոչ եմ անում՝ վեր ընգնեն իրանց տեղը, Աստված մի արասցե, որ բռնեցի, հաստատ իրանք բռնաբարվելու են»,- ասել էր Աժ պատգամավորը:
Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Վահան Բաբայանը նշեց, որ այսօր քննարկմանը պետք է մասնակցեին նաև Մովսիսյանն ու Սաքունցը, սակայն երկուսն էլ ներկա չէին գտնվել: Պատգամավորը նշեց, որ որոշման նախագիծը կուղարկվի Առաքել Մովսիսյանին, իսկ դեկտեմբերի 1-ին էլ հայտնի կդառնա Առաքել Մովսիսյանի ճակատագիրը:
Հավելենք` առաջին անգամը չէ, որ Առաքել Մովսիսյանի հարցով դիմում է քննարկվում էթիկայի հանձնաժողովում:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան