«ՔԵՖ ԱՆՈՂԻՆ ՔԵՖ ՉԻ ՊԱԿՍԻԼ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնը նոյեմբերի 14-ին կտոնի հիմնադրման 80-ամյակը: Այն հասցրել է մասնակցել մի շարք միջազգային փառատոնների, աչքի ընկնել ոչ միայն տիկնիկային, այլեւ երաժշտական, դրամատիկ, բալետային ներկայացումներով եւ մնջախաղով: Այս տարի արդեն թատրոնը մասնակցել է 10 միջազգային փառատոնի: «Ժողովուրդ»-ը թատրոնի տնօրեն, գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի հետ զրուցել է թատրոնի ձեռքբերումների ու կարիքների մասին, պարզել, թե ինչպես են պատրաստվում նշել հոբելյանը:

-Պարո՛ն Բաբայան, այս 80 տարիների ամենամեծ նվաճումը ո՞րն եք համարում:
-Այն, որ մեր թատրոնը միշտ մնաց երիտասարդ, կենդանի եւ պահանջվող. սա ամենակարեւորն է: Տարբեր ժամանակներում դա տարբեր կերպ է դրսեւորվել, օրինակ` շատ կարեւոր էր, որ պատերազմի տարիներին` իննսունական թվականներին, մեր թատրոնի դռները չփակվեցին: Մենք կարողացանք հետաքրքրել ոչ միայն երեխաներին, այլեւ մեծահասակներին: Թատրոնի երիտասարդները շատ ակտիվ են աշխատում. դա ինձ ուրախացնում է. հասկանում եմ, որ մեր վաղվա օրն ապահովված է: Այսօր մենք փորձում ենք լինել նաեւ մշակութային կենտրոն. անցկացնում ենք բազմաթիվ փառատոններ, ցուցահանդեսներ, շնորհանդեսներ, հաճախ ենք մասնակցում միջազգային փառատոնների, շատ ենք արժեւորում նաեւ մարզերում, սահմանամերձ համայնքներում մեր ելույթները: Մի բան հստակ է` թատրոնը չպետք է լինի թանգարան, քարացած մի բան. այն պետք է կարողանա քայլել իր ժամանակի հետ: Մենք հենց դրան ենք ձգտում:
-Այսօր Ձեր թատրոնի համար դեռեւս չլուծված խնդիրներ կա՞ն:
-Որքան շատ հարցեր են լուծվում, այնքան նոր հարցեր են ի հայտ գալիս: Ես կարծում եմ, որ Հայաստանում հաշվի չի առնվում թատերական գործունեության բնույթը. թատրոնն օրենսդրական նույն դաշտում է, ինչ երշիկի արտադրամասը: Հաշվի չի առնվում, որ թատրոնի ներկայացրած ապրանքն էքսքլյուզիվ է, ստեղծագործական բնույթի, ուստի դրա հանդեպ պետք է լինի առանձնահատուկ վերաբերմունք: Խոսքս վերաբերում է Հայաստանի բոլոր թատրոններին: Ես, իհարկե, կողմ չեմ արտոնություններին, քանի որ երբ դրանք տրվում են, դու արագ փչանում ես:
-Իսկ կոնկրետ Ձեր թատրոնն այս պահին ինչի՞ կարիք ունի:
-Համապատասխան տեխնիկայի: Այսօր թատրոններն իրենց տեխնիկական հնարավորությունների առումով օրեցօր զարգանում են, իսկ մեր թատրոնը, համեմատած աշխարհի թատրոնների հետ, դեռ շատ խնդիրներ պետք է լուծի: Հարկավոր է ապահովել նաեւ որոշակի հարմարություններ հանդիսականի համար. դահլիճի աթոռները 15 տարի է` չեն փոխվել, հատակի ծածկույթը` եւս: Բացի այդ` մթնոլորտը պետք է հանդիսատեսի համար տրամադրող լինի: Քանի որ թատրոնը ոչ մերն է, ոչ էլ մշակույթի նախարարությանը. այն բոլորինն է:
Իսկ եթե հարցին մոտնենաք պրոֆեսիոնալիզմի տեսանկյունից, ապա պետք է նկատենք, որ որակի խնդիրը մշտապես առկա է, քանի որ ժամանակը մշտապես նոր պահանջներ է ներկայացնում այդ առումով: Լավ մասնագետներն էլ իրենց հերթին լավ վարձատրություն են պահանջում. նրանց պետք է գտնել եւ պահել:
-Իսկ թատրոնի հիմնադրման 80-ամյա հոբելյանը ինչպե՞ս եք պատրաստվում տոնել: Հատուկ կերպով այն կնշանավորե՞ք:
-Մենք մեր հոբելյանը նշելու համար բյուջետային գումարներից ոչ մի դրամ չենք ծախսելու. կնշենք սեփական միջոցներով, կլինենք ուրախ, ոչ պաշտոնական: Հատուկ ելույթներ չեն լինի, բայց բարեմաղթանքներ հաճույքով կլսենք: Իսկ բյուջեի գումարները ավելի լավ է ծախսվեն նոր բեմադրություններ անելու, թատրոնին անհրաժեշտ տեխնիկան ձեռք բերելու, փառատոններին մասնակցելու համար:
-Իսկ կա՞ մի բան, որ հաճույքով կիրականացնեիք, սակայն սուղ պայմաններից ելնելով չի ստացվում:
-Ո՛չ: Հիշեցի իմ սիրած հեքիաթներից մեկը, որը նաեւ բեմադրել ենք` Թումանյանի «Քեֆ անողին քեֆ չի պակսիլ»-ը: Եթե մարդ ստեղծագործելու ցանկություն ունի, սիրում է տոն ստեղծել, նա ամենասուղ պայմաններում էլ դա կանի: Իսկ եթե մարդ պահանջում է համապատասխան միջոցներ` դա անելու համար, կասկածելի է: Լավ է, երբ անում ես որեւէ հետաքրքիր բան, դա նկատվում է եւ ֆինանսավորվում, սակայն չի լինի ձեռքերը ծալած սպասել ու ասել` երբ ստանամ միջոցներ, այդ ժամանակ էլ ինչ-որ բան կանեմ: Դու պետք է ցույց տաս, որ հետաքրքիր ես… Մի խոսքով, քեֆ անողին քեֆ չի պակսիլ (ծիծաղում է):

 

 

 

 
«ՄԵԿ ՏԱՐԻ Է` ԵՐԵԽԱՅԻՍ ՀԱՅՐԻԿԻ ՀԵՏ ԵՄ»

DJ Վակցինան (Արուսիկ Մկրտչյան) տեւական ժամանակ է` էկրաններին չի երեւում. նա շարունակում է զբաղվել տարբեր միջոցառումների կազմակերպմամբ, ինչպես հասարակական կարեւորության, այնպես էլ կոմերցիոն բնույթի: Արուսիկը, բնականաբար, զբաղվում է նաեւ դիջեյությամբ. նրան կարելի է տեսնել թե՛ փակ միջոցառումների ժամանակ, թե՛ բացօթյա վայրերում: DJ Վակցինան ծավալում է նաեւ հասարակական գործունեություն:

Արուսիկը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ իր` էկրաններին չերեւալու հանգամանքը պետք չէ կապել խիտ գրաֆիկի հետ. «Բանն այն է, որ ծրագրերը, որոնցում ես նախկինում ընդգրկված էի, ինձ այլեւս դուր չեն գալիս. հիմա փորձում եմ սկանդալային ծրագրերի չմասնակցել: Դրանք վարկանիշ են հավաքում մի մասսայի շնորհիվ, որի առջեւ չպետք է քննարկել վիճահարույց թեմաներ. անգամ առողջ միտքը կարող է ճիշտ չընկալվել: Ինձ որոշակի ժամանակ էր պետք դա հասկանալու համար»,-մեկնաբանեց դիջեյը:
Մեր այն հարցին, թե արդյոք Արուսիկը նման եզրահանգման եկավ եւ ավելի զգուշավոր դարձավ նաեւ երեխայի ծնունդից հետո, վերջինս պատասխանեց. «Իհարկե, ես հիմա այլ կարգավիճակ ունեմ. պետք է մտածել նաեւ երեխայի մասին, երեխային պետք չէ հանրության այդ հատվածի վերապահումներով մոտեցումը իր մայրիկի նկատմամբ»:
Ի դեպ, DJ Վակցինան սպասում է իր երկրորդ զավակին. «Բնական է, որ այդ սպասումը չես կարող համեմատել առաջին բալիկի ծննդյան սպասման հետ, որն ուղեկցվում էր տագնապներով: Ես մտավախություն ունեի, որ առողջական որոշ խնդիրների պատճառով կարող էր ինչ-որ բան չստացվել: Իսկ այս անգամ ես ավելի հանգիստ եմ, ինչ-որ չափով ավելի մեծ հետաքրքրությամբ եմ սպասում բալիկիս ծնունդին, հատկապես, որ շատ հետաքրքիր է, թե ինչպես դրան կարձագանքի առաջնեկս»,-իր հույզերով կիսվեց Արուսիկը` հավելելով, որ երկրորդ երեխայի անունը կորոշեն ինքն ու նրա հայրիկը:
Թե՛ առաջին, թե՛ երկրորդ երեխայի ծննդյան հետ կապված Արուսիկի անձի շուրջ տարատեսակ խոսակցություններ էին շրջանառվում: Երկրորդ հղիությունից հետո էլ դրանք չդադարեցին. հանրությանը հետաքրքրում է, թե ինչ հարաբերություններ ունեն Արուսիկն ու երեխայի հայրը. «Երեխայիս հայրիկի հետ շատ նորմալ հարաբերություններ ունեմ, մենք մեկ տարի է` իրար հետ ենք եւ շատ երջանիկ ենք, որ բալիկ ենք ունենալու»,-ասաց դիջեյը:
Մեր այն հարցին, թե այդ դեպքում ինչու էր նա ֆեյսբուքյան իր էջում երկրորդ հղիության վերաբերյալ մի փոքր տխուր գրառում թողել, Արուսիկը պատասխանեց. «Տխուր պահեր կային, հասարակության հետ կապված խնդիրներ, մարդիկ փորձում էին իրենց քիթը մտցնել այնտեղ, որտեղ պետք չէր. դա չարության դրսեւորում է, որը տարածվեց նաեւ մեզ վրա: Բնականաբար, պետք է այդ ամենը մի կողմ դնել եւ փորձել լինել երջանիկ»:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 
ՔԱՐԴԱՇՅԱՆԻ ՀԱՅ ՄՐՑԱԿՑՈՒՀԻՆ
Շուտով նորաձեւության կուռքերի շարքում հայտնվելու է եւս մեկ հայուհի։ Ինչպես նշում է NEWS.am STYLE-ը, YouTube-ի նորաձեւության աստղ, հայտնի բլոգեր Թենի Փանոսյանը, որն ԱՄՆ-ում հայտնի է MissMaven անունով (այսպես է կոչվում նաեւ նրա բլոգը), աստիճանաբար գրավում է ամերիկյան նորաձեւության ինդուստրիան։ Աղջիկը, որի այցեքարտն իր YouTube-յան ալիքն է, ամեն օր նորաձեւ խորհուրդներ է տալիս երկրպագուներին եւ պատմում դիմահարդարման գաղտնիքների մասին։ Իր բլոգում եւ YouTube-ի ալիքում, որտեղ միլիոնավոր հոլովակներ կան, նա օգտատերերին ներկայացնում է, թե ինչպես կարելի է «smoky eye» դիմահարդարում ստանալ, շեշտել գեղեցիկ դիմագծերը, թաքցնել թերությունները, ինչպես նաեւ փոխել բնակարանի ինտերիերը, սենյակի դիզայնը եւ այլն։ Թենիի մասին գրում են ամերիկյան գրեթե բոլոր պարբերականները՝ նրան համեմատելով մեկ այլ հայուհու՝ Քիմ Քարդաշյանի հետ։ Արեւմտյան լրատվամիջոցները նկատել են երկու գեղեցկուհիների արտաքին նմանությունը եւ փորձում են հասկանալ, թե ով է ում փորձում կրկնօրինակել։

 

ՊՈՒՏԻՆԻ ԶԱՆԳԻՑ ՇՈՅՎԵԼ Է
Բրիտանացի հանրահայտ երգահան, երգիչ Էլթոն Ջոնը հայտարարել է, որ իր համար մեծ պատիվ է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից ստացված զանգը: Այս մասին գրում է lenta.ru-ն՝ ITVNews-ին հղումով։
«Ես շատ շոյված եմ, եւ անհամբերությամբ սպասում եմ, թե երբ կկարողանամ նրան անձամբ հանդիպել հաջորդ տարի»,- ասել է Էլթոն Ջոնը` հավելելով, որ Ռուսաստանի նախագահը խոսել է սիրալիր եւ լավ անգլերենով:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 12-ին Էլթոն Ջոնը հայտարարել էր, որ պատրաստ է հանդիպել Ռուսաստանի նախագահի հետ՝ Ռուսաստանում սեռական փոքրամասնությունների խնդիրները քննարկելու համար: «Ես կցանկանայի հանդիպել Պուտինի հետ… Նա կարող է ծիծաղել իմ մեջքի հետեւում, երբ իմ հետեւից փակի դուռը եւ ինձ հիմար անվանի, բայց ես առնվազն կիմանամ, որ ես քաջություն ունեցա փորձել»,- նշել էր երաժիշտը։

 

«ԱՄԵՆԱԹԱՆԿԸ» ՓԵՐԻՆ Է
Երգչուհի Քեթի Փերին Forbes-ի վարկածով առաջին տեղն է զբաղեցրել երաժշտական ասպարեզում ամենաբարձր վարձատրվող կանանց շրջանում։ Նշվում է, որ նա 2015թ. ընթացքում վաստակել է 135 մլն դոլար։
Պարբերականի տեղեկություններով՝ Փերին գլխավորել է վարկանիշային աղյուսակը Prismatic World Tour համերգային շրջագայության շնորհիվ. վարկանիշային աղյուսակը կազմելու ժամանակահատվածում նա 126 համերգ է տվել՝ ամեն քաղաքում վաստակելով ավելի քան 2 մլն դոլար։
Նշենք, որ վարկանիշային աղյուսակի երկրորդ հորիզոնականում հայտնվել է Թեյլոր Սվիֆթը՝ 80 մլն դոլար եկամուտով, իսկ երրորդում` Fleetwood Mac. խումբը, որի եկամուտը կազմել է 59.5 մլն դոլար։




Լրահոս