ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԿՍԵԼ Է ՔՐԵԱԿԱՆ ՄՈԲԻԼԻԶԱՑԻԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրը որքան մոտենում է, իշխանությունների ընտրակեղծարարության համակարգն այնքան սկսում է ակտիվանալ: Ինչպես հայտնի է՝ Հայաստանում ընտրությունների կեղծման կարեւոր օղակներից մեկը քրեական հեղինակություններն են: Վերջիններս ընտրությունների ժամանակ մշտապես իրենց ողջ կարողությունները ներդնում են իշխանական թեկնածուի «հաղթանակն» ապահովելու համար: Դիմացը որոշակի արտոնություններ են ստանում, իրենց ծանոթ-բարեկամներին կարողանում են պետական կառավարման համակարգում աշխատանքի տեղավորել, ազատել քրեական պատասխանատվությունից, տարածքներ սեփականաշնորհել եւ այսպես շարունակ:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հանրաքվեի տարածքային պատասխանատուներն արդեն սկսել են իրենց մոտ կանչել թաղային քրեական հեղինակություններին: Այդ բանակցությունները հիմնականում նախնական բնույթ են կրում, այսինքն՝ այո-ի տարածքային պատասխանատուները փորձում են հասկանալ, թե քրեական հեղինակություններից ովքեր են պատրաստ «աշխատել» այո-ի համար: Իշխանական շտաբների պատասխանատուներն արդեն իսկ սկսել են իրենց վերադասներին դժգոհել թաղային հեղինակությունների, այսպես կոչված, «պասիվությունից»: Մեր տեղեկություններով՝ «հարցվածների» մի մասը տարբեր պատրվակներով փորձում է խուսափել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ իշխանությունների համար այո-ի ձայներ ապահովելուց: Իհարկե, նրանց՝ նման մոտեցումը պայմանավորված չէ այն հանգամանքով, որ թաղային հեղինակությունները սկսել են հասկանալ, թե ինչ ասել է ժողովրդավարություն, եւ որ ընտրություններ կեղծելը հայրենիքի դավաճանությանը հավասարազոր է: Բանն այն է, որ ոչ ոք առայժմ թաղային հեղինակություններին հստակ չի կարողանում ասել, թե իրենք ինչ կստանան իրենց «ծառայությունների» դիմաց: Իհարկե, ընդհանուր բնույթի ինչ-որ խոստումներ տրվում են, բայց ըստ ամենայնի, դա ամենեւին էլ չի բավարարում «գործ անող» տղերքին:
Այս անվստահությունն իշխանությունների նկատմամբ ամենեւին էլ պատահական չէ, քանի որ, ըստ լուրերի, 2013 թվականի նախագահական ընտրություններից հետո իշխանությունները բազմաթիվ դեպքերում, հատկապես այն տեղամասերում, որտեղ չեն կարողացել Սերժ Սարգսյանի համար «հաղթանակ» ապահովել, թաղային հեղինակություններին «քցել» են եւ խոստացված արտոնությունը չեն տվել կամ նրանց հարազատին այդպես էլ աշխատանքի չեն տեղավորել: Այս քայլն իշխանությունները պատճառաբանել են այն հանգամանքով, որ քվեարկության խոստացված արդյունքները ապահովված չեն եղել: Իսկ երբ թաղային հեղինակությունները սկսել են հաշիվ պահանջել, արդեն գործին խառնվել է ոստիկանությունը: Այլ կերպ ասած՝ «բողոքողներին» հասկացրել են, որ եթե նրանք ստեղծված իրավիճակի հետ չհամակերպվեն, ապա այդ հանգամանքը իրենց համար ծանր հետեւանքներ կարող է ունենալ: Հենց այս իրողությունն է պատճառը, որ ներկայումս թաղային հեղինակությունները դեռ չեն շտապում «գործի լծվել»:
Իհարկե, թաղային հեղինակությունների այս «չեզոքությունը» երկար չի կարող շարունակվել, եւ կասկածից վեր է, որ նրանք վաղ թե ուշ յուրաքանչյուրն իր «պարտավորությունը» կստանձնի կամ ստիպված պետք է լինի Հայաստանն առնվազն մեկ ամսով լքել, որպեսզի իր «անգործությունը» կարողանա զբաղվածությամբ հիմնավորել:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 
ՓՈՂ ԵՆ «ԿԼՊՈՒՄ»
«Ժողովուրդ»-ը Երեւանի պետական հենակետային բժշկական քոլեջի ուսանողներից ահազանգ է ստացել այն մասին, որ տնօրինությունը քոլեջում 600-ական դրամներ է հավաքում` առանց հստակ հիմնավորում ներկայացնելու: Բացի այդ, ըստ ուսանողների՝ յուրաքանչյուր բացակայության դիմաց իրենք ստիպված են գումար վճարել: Այս առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց նշված քոլեջի փոխտնօրեն Նաիրա Ներսիսյանի հետ՝ պարզելու վերը բերված լուրերի իսկությունը: «Հանրապետությունում գոյություն ունի քույրական ասոցացիա: Յուրաքանչյուր ուսանող, որ տալիս է 600 դրամ, պայմանագիր է կնքում եւ դառնում քույրական ասոցացիայի անդամ, եւ հետո այդ գումարով սոցիալապես անապահով ընտանիքի ուսանողների ուսման վարձի մի մասն ենք զեղչում»,- ասաց Ներսիսյանը: Իսկ ինչ վերաբերում է բացակայության դիմաց գումար գանձելուն, ըստ փոխտնօրենի, այդ կարգը վերաբերում է միայն անհարգելի բացակայություններին: «Եթե ուսանողը հարգելի է բացակայում, ապա բացակայությունը լրացնում է անվճար կարգով: Եթե անհարգելի բացակայություն է, ծնողը չի զգուշացրել, բժշկի տեղեկանք չունի, յուրաքանչյուր բացակայի համար 400 դրամ վճարում է»,- պարզաբանեց փոխտնօրենը: Թե այդ 400 դրամ պատժաչափը որտեղ է ծախսվում կամ ում գրպանն է մտնում, այդպես էլ անհայտ մնաց:

 

ՀԱՆՈՒՆ ԻՐԵՆՑ ՇԱՀԻ
Արդեն հայտնի է, որ նոյեմբերի 10-ին` ժամը 11:00-ին, ՀՀ ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի: Այս նիստը կհրավիրվի միայն մեկ նպատակով՝ ՀՀ ընտրական օրենսգրքում եւ «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծերը երկրորդ ընթերցմամբ քվեարկելու համար: Ինչպես հայտնի է՝ այս օրենսդրական փաթեթի նպատակն է հնարավորություն ստեղծել, որ ընտրողները կարողանան նույնականացման քարտերով քվեարկել: Սա հատկապես դեկտեմբերի 6-ին նշանակված սահմանադրական հանրաքվեին ընդառաջ իշխանություններին «օդ ու ջրի» պես է անհրաժեշտ, որպեսզի ընտրակեղծարարության սահմանները էլ ավելի ընդլայնվեն:

 

ՀԱՆԳԻՍՏ «ՆՍՏԱԾ» ԵՆ
ՕԵԿ-ի ստեղծած «Հայկական վերածնունդ» միավորման շտաբի պետ Թելման Արամյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ իրենք առայժմ քարոզարշավը միայն հեռուստատեսությամբ են իրականացնելու: Նրա փոխանցմամբ՝ մարզեր գնալ եւ հանրահավաքներ անել դեռեւս չեն նախատեսում:

 

ՊԱԿԱՍՈՒԹՅՈՒՆ Է ԱՆՈՒՄ
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ԱԺ-ն առաջիկա քառօրյայում քննարկելու է դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որով առաջարկվում է Երեւան Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն, ինչպես նաեւ Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարաններում դատավորների թիվը 4-ով ավելացնել:

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ԲԱՑԱՀԱՅՏՈՂ ՇՓՈԹՄՈՒՆՔ
«Հրավիրում ենք ֆինանսների նախարար Արմեն Մուրադյանին»,- երեկ առողջապահության նախարարին Աժ-ում բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ այսպես է ներկայացրել ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը, որին սթափեցրել է պատգամավորների ծիծաղը: Բաբլոյանը, սակայն, նեղսրտել է՝ ասելով.«Դուք էլ կարող էիք շփոթվել»: Իրավիճակը հարթել է քննարկմանը ներկա ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը` ասելով. «Լավ բան ես ասել, ոչինչ»: Արա Բաբլոյանի այս շփոթմունքը պատգամավորներից ոմանց տեղիք է տվել հիշելու, որ առողջապահության նախարարի պաշտոնը նախկինում զբաղեցնում էր հենց ինքը` Բաբլոյանը, ով ըստ նրանց՝ այդպես էլ չի հաշտվել նախարարական պաշտոնի կորստյան հետ եւ քանիցս փորձել է կրկին վերադառնալ այդ պաշտոնին:

 

ԿՆԵՐԿԱՅԱՑՆԵՆ
ՀՀ Հանրային խորհուրդը նոյեմբերի 5-ին գումարել է փոքր խորհրդի նիստ, որի ընթացքում ներկայացվել են առաջարկներ նոյեմբերին տեղի ունենալիք լիագումար նիստի օրակարգային հարցերի վերաբերյալ: Խորհրդի անդամները եւս մեկ անգամ անդրադարձել են Հայաստանի քաղավիացիայի հիմնախնդիրներին եւ Հարավային Սուդանում նոյեմբերի 4-ին տեղի ունեցած ավիավթարին զոհ դարձած 5 հայ օդաչուների խնդիրը դիտարկել Հայաստանում քաղավիացիայի ոլորտում առկա ճգնաժամի համատեքստում: Քաղավիացիայի հարցը ներառվել է ՀԽ լիագումար նիստի օրակարգ եւ ընդգծվել, որ այն կքննարկվի նաեւ ՀՀ նախագահի հետ հանդիպման ժամանակ:

 

ԽԱՅՏԱՌԱԿ ԿԱՐԾԻՔ
Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ ԵԽԽՎ ընդունած բանաձեւը հստակ էր եւ հավասարակշռված, որը արտացոլում էր եվրոպական կառույցի կողմից հարցի խորը ըմբռնումը: Այս մասին  հայտնել է Հարավային Կովկասի հարցով ԱՄՆ պետքարտուղարի նախկին օգնական, Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Մեթյու Բրայզան: Նա նաեւ ուշադրություն է հրավիրել նրան, որ ԵԽԽՎ-ում քննադատում են Ռուսաստանի կողմից ռազմական մատակարարումը Հայաստանին: «ԵԽԽՎ փաստաթղթում ասվում է, որ Հայաստանը հրաժարվում է այդ հարցի շուրջ համագործակցել քաղաքական հարցերով Կոմիտեի հետ»,-հավելել է դիվանագետը:

 

ՊՈՒՏԻՆՆ ԱՌԱՋԱՏԱՐՆ Է
Forbes պարբերականն արդեն 3-րդ տարին անընդմեջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին աշխարհի ամենաազդեցիկ մարդն է ճանաչել՝ 2015թ. արդյունքների համաձայն, փոխանցում է Elle.ru-ն: Երկրորդ տեղում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն է: Ինչպես գրում է պարբերականը, ակնհայտ է, որ Մերկելի քաղաքական վարկանիշի աճը կապված է ուկրաինական ճգնաժամի եւ ներգաղթյալների խնդրի լուծման հարցում մասնակցության հետ: Սպիտակ տան ղեկավար Բարաք Օբամային, ով անցած տարի երկրորդ տեղում էր, «բրոնզն» է բաժին հասել: Առաջին հնգյակում են հայտնվել նաեւ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը եւ Չինաստանի ղեկավար Սի Ցզինպինը:

 

ՆՈՐԻՑ ԵՐԴՎԵՑ
Ալեքսանդր Լուկաշենկոն, ով հաղթել է հոկտեմբերի 11-ին կայացած Բելառուսի նախագահական ընտրություններում, 5-րդ անգամ ստանձնել է Բելառուսի նախագահի պաշտոնը: Լուկաշենկոյի երդմնակալության արարողությանը ներկա է եղել ավելի քան 1000 մարդ: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 11-ին կայացած նախագահական ընտրություններում Լուկաշենկոն հաղթել է ձայների 83,5%-ով:

 

ԼԱՎՐՈՎԸ ԿԳԱ
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով` նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Այցի ընթացքում կայանալու են Հայաստանի եւ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների բանակցությունները, որոնց հաջորդելու է Էդվարդ Նալբանդյանի եւ Սերգեյ Լավրովի համատեղ մամուլի ասուլիսը: Երեւանում ՌԴ ԱԳ նախարարին կընդունի նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:




Լրահոս