Ինչպես հայտնի է՝ հոկտեմբերի 5-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, քրեական հեղինակություն համարվող Արթուր Ղազարյանին (Քանաքեռցի Տույ) դատապարտեց ազատազրկման` 1 տարի ժամկետով:
ArmLur.am-ի հետ զրույցում Արթուր Ղազարյանի պաշտպան Երեմ Սարգսյանը հայտնեց, որ այս պահի դրությամբ վճիռը չի բողոքարկվել, դրա համար ժամանակ դեռևս կա: Կբողոքարկեն առաջիկայում, թե` ոչ, դեռևս հստակ չեն որոշել:
Ինչի հիման վրա դատարանը նման որոշում կայացրեց
Ըստ ընդհանուր իրավասության դատարանի՝ հաշվի է առնվել Քանաքեռցի Տույի կողմից կատարած հանցագործության բնույթը և հանրության համար վտանգավորության աստիճանը, դրա կատարման եղանակը, խախտված հասարակական հարաբերության սոցիալական նշանակությունը, միևնույն ժամանակ՝ դրանք համադրվել են ամբաստանյալի անձը բնութագրող և պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքների հետ:
Դատարանը գտել է, որ Արթուր Ղազարյանն իր կատարած` ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության համար ենթակա է պատժի` այդ հանցագործության համար նախատեսված պատիժներից առավել խիստ պատժի` ազատազրկման ձևով, քանի որ ըստ դատարանի՝ տվյալ դեպքում պատժի ավելի մեղմ տեսակը չի կարող ապահովել պատժի նպատակները։
Իսկ առավել խիստ պատիժը, դատարանի գնահատմամբ, մեկ տարվա ազատազրկումն է:
Իսկ Արթուր Ղազարյանի անձը բնութագրող ինչ հատկանիշների է դատարանը հղում արել
Պարզվում է՝ «Կայմ-11» համատիրության նախագահ Վարդուհի Իսպիրյանը Արթուր Ղազարյանին բնութագրող գրություն է ներկայացրել, որի համաձայն՝ նա դեռևս մանուկ հասակից աչքի է ընկել իր ընկերասիրությամբ, մարդասիրությամբ, թույլերին պաշտպանելու իր առանձնակի մղումով։ Վայելել է և՛ ուսուցիչների, և՛ հասակակիցների, և՛ հարևանների ու ողջ շրջապատի սերն ու հարգանքը։ Դեռ երիտասարդ հասակից նա դրսևորել է սրտացավ, գթառատ և հոգատար վերաբերմունք իրեն դիմած, օգնության կարիք ունեցող յուրաքանչյուրի նկատմամբ, ինչն արտացոլվում է նրա կողմից թե՛ նյութական, թե՛ բարոյախրատական առումներով.
«Բազում ու բազմաթիվ են նման օրինակները։ Տարեցների նկատմամբ դրսևորած Արթուրի հարգանքն ու պատկառանքն օրինակելի է երիտասարդների համար։ Արթուրին սիրում և հարգում են բոլոր թաղեցիները։ Իր մարդասիրական վեհ և անկողմնակալ դրսևորումներից բացի` Արթուր Ղազարյանը ջատագովն է ազգի, հասարակության, կրոնի և պետականության միասնականությանն ու հզորացմանը, որի ապացույցն է Երևան համայնքի և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի կողմից կազմակերպված բազմաթիվ և տարաբնույթ միջոցառումերին իր աջակցությունն ու մասնակցությունը բերելը։ Արթուրն ունի օրինակելի և բազմանդամ ընտանիք` տարեց մայր, կին, երկու որդի և մեկ դուստր։ Նրա զավակներն աչքի են ընկնում իրենց դաստիարակությամբ, հորից ժառանգած՝ մեծերի հանդեպ ունեցած հարգանքով, դպրոցում ցուցաբերած իրենց բարձր առաջադիմությամբ»,- հավելել է համատիրության նախագահը:
Որպես անձը դրականորեն բնութագրող հանգամանք՝ դատարանը հաշվի է առել նաև հետևյալը. Արթուր Ղազարյանը ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի հաշվառումներով անցնում է որպես դատվածություն չունեցող անձ, հանդիսանում է Հայաստանի Քիքբոքսինգի Ազգային ֆեդերացիայի պատվավոր անդամ։
Բացի այդ՝ Արթուր Ղազարյանն արժանացել է մի շարք շնորհակալագրերի։ Մասնավորապես, Հայ Առաքելական Եկեղեցու Գուգարաց թեմի շնորհակալագրին, դպրոցի տնօրեն Ռ.Խաչատրյանի կողմից տրված շնորհակալագրին, համաձայն որի` «Արթուր Ղազարյանը հարազատ գյուղի միջնակարգ դպրոցի նկատմամբ մարդասիրական վերաբերմունք է դրսևորել»։
Դատարանի գնահատմամբ՝ Արթուր Ղազարյանի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք է խնամքին երեք անչափահաս երեխաների, մոր և կնոջ առկայությունը, կատարած հանցանքի համար անկեղծորեն զղջալը։
Քրեական հեղինակությունը նաև երկրորդ կարգի հաշմանդամ է. նրա մոտ ախտորոշվել է` «անձի օրգանական փսիխոպաթոնման խանգարում, օրգանական աֆեկտիվ խանգարում` հաճախակի դեկոմպեսացիաներով, գիտակցության աֆեկտիվ բնույթի պարոքսիզմերով։ Օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարում, աջ աչքի հետտրավմատիկ միդրեազ, արյունահոսող խրոնիկ թութք»: Դատարանն արձանագրել է, թե Արթուր Ղազարյանի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքներ գործում առկա չեն։
Հիշեցնենք, որ Արթուր Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա գործով չպարզված հանգամանքներում ապօրինի կերպով ձեռք է բերել և կրել հրազեն հանդիսացող «Վիկինգ» մոդելի 9մմ տրամաչափի գործարանային արտադրության ակոսափող ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող 9մմ/9X19/ տրամաչափի թվով 17 փամփուշտներ, որոնք նրա մոտ հայտնաբերվել է ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնում կատարված անձնական խուզարկության ժամանակ: Արթուր Ղազարյանն ընդունել էր իրեն առաջադրված մեղադրանքն ամբողջությամբ և միջնորդել դատարանին քննությունն անցկացնել արագացված ընթացակարգով: