“Մենք կարողացել ենք Հայաստանը դարձնել գործարարի համար անհամեմատ ավելի գրավիչ ու ներդրումների համար անհամեմատ ավելի հուսալի երկիր: Բայց դեռ շատ անելիքներ ունենք”,-2012թ. դեկտեմբերի 15-ին՝ ՀՀԿ համագումարի ժամանակ, նման հայտարարություն էր արել Սերժ Սարգսյանը:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է “ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2013թ. հունվար-փետրվարին” վերնագրով զեկույցը, որը, մեղմ ասած, կասկածի տակ է դնում Ս. Սարգսյանի հայտարարությունները. վերջին տարիներին օտարերկրյա ներդրումները Հայաստանում նվազել են: Ըստ ԱՎԾ տվյալների` 2011թ. օտարերկրյա ներդրումների ծավալը կազմել է 906.3 մլն, իսկ 2012թ.` 656.7 մլն դոլար: Այսինքն` նախորդ տարվա ընթացքում օտարերկրյա ներդրումների ծավալները 2011թ. համեմատ նվազել են 27.5 տոկոսով:
Այլ կերպ ասած՝ պաշտոնական վիճակագրությունն ապացուցել է, որ Սերժ Սարգսյանը ստել է` հայտարարելով, թե իբր Հայաստանը դարձել է գործարարի համար գրավիչ եւ ներդրումների համար հուսալի երկիր: Համենայնդեպս, հազիվ թե ներդրումների համար հուսալի երկրում 27.5 տոկոսով նվազեին ուղղակի ներդրումների ծավալները: Ընդ որում, իրենց ներդրումների ծավալները կրճատել են այնպիսի երկրներ, ինչպիսիք են` ՌԴ-ն, ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Կիպրոսը եւ այլն: Ըստ ԱՎԾ տվյալների, եթե 2011թ. ՌԴ-ն Հայաստանում կատարել է 338.1 մլն դոլարի ներդրում, ապա 2012թ. այդ թիվը հասել է 88.2 մլն-ի: ԱՄՆ-ի կողմից ներդրումների ծավալները եւս զգալիորեն նվազել են. 2011թ. իրականացվել է 23.2 մլն, իսկ 2012թ.` 3.7 մլն դոլարի ներդրում: Կիպրոսի Հանրապետության ներդրումները եւս բավական նվազել են. 2011թ. կազմել են 16.3 մլն, 2012թ.` 5.2 մլն դոլար: Հարկ է նկատել, որ Հայաստանը գնալով իր ներդրումային գրավչությունը կորցնում է նաեւ իր ռազմավարական գործընկերոջ` Ռուսաստանի համար: Խոսքն այն երկրի մասին է, որը Հայաստանում բավական մեծ թվով սեփական ձեռնարկություններ ունի (հիշենք, օրինակ, “Գույք պարտքի դիմաց” հայտնի գործարքի շրջանակներում ՌԴ-ին փոխանցված գործարանները, որոնց նկատմամբ, փաստորեն, այդ երկիրն այլեւս հետաքրքրություն չի ցուցաբերում եւ գումարներ չի դնում): Ու հիմա այս երկիրն անգամ իրեն պատկանող ձեռնարկություններում ներդրումներ չի իրականացնում:
Ըստ ԱՎԾ տվյալների` նախորդ տարի աճել են միայն Ֆրանսիայի, Արգենտինայի եւ Շվեյցարիայի կողմից արված ներդրումների ծավալները: Ֆրանսիան նախորդ տարի իրականացրել է 230.4 մլն դոլարի ներդրում 2011թ. 100 մլն-ի փոխարեն, Արգենտինան 8.7 մլն-ից ներդրումների ծավալը հասցրել է 51.3 մլն-ի, իսկ Շվեյցարիան` 7.9 մլն-ից 43.7 մլն դոլարի: Հատկանշական է, որ ներդրումներ հիմնականում իրականացվել են հեռահաղորդակցության, մետաղական հանքարդյունաբերության եւ անշարժ գույքի հետ կապված գործունեության ոլորտում:
Տնտեսագիտական խորը գիտելիքներ պետք չեն՝ հասկանալու համար Հայաստանում օտարերկրյա ներդրումների նվազման պատճառները: Սա հետեւանք է Հայաստանում տնտեսական ոլոտի, հարկային ու մաքսային դաշտերի անկայունության, ՀՀ իշխանությունների հանդեպ անվստահության եւ տարածաշրջանում տիրող քաղաքական անկայուն վիճակի: Հիշեցնենք` անցած հինգ տարիների ընթացքում գործարարության վրա անմիջական ազդեցություն ունեցող հիմնական օրենքները Տիգրան Սարգսյանի կառավարության առաջարկով 170 անգամ ենթարկվել են փոփոխությունների:
Միլիոն, միլիոն,
միլիոն… դոլարներ
“Ժողովուրդ”օրաթերթը տեղեկացրել էր, որ Կիպրոսում կատարվող իրադարձությունների պատճառով հայաստանյան բարձրաստիճան պաշտոնյաներից շատերը կանգնել են լուրջ խնդրի առաջ. նրանցից շատերն իրենց գումարները պահում են Կիպրոսի բանկերում, քանի որ այդ երկիրը գտնվում է օֆշորային գոտում, ուստի եւ հարկավոր չէ մատնանշել գումարների աղբյուրը: Եվ հիմա, երբ Կիպրոսի կառավարությունը քննարկում է բանկային ավանդները հարկելու հնարավորությունը, այդ անձինք մտահոգված են իրենց ունեցվածքով: Ավելին, հայաստանյան շատ բանկերում բաժնեմասեր ունեն հենց կիպրոսյան գործընկերները, եւ մտահոգիչ ապագա է սպասվում նաեւ հայաստանյան մի շարք բանկերի:
“Ժողովուրդ”-ի աղբյուրների փոխանցմամբ՝ նախորդ տարի ի հայտ են եկել “վերահաս վտանգի” նախանշանները, եւ իշխանությունները փորձել են կամաց-կամաց դուրս բերել իրենց ունեցվածքը: Տեսակետ կա, որ հենց դրա հետեւանքով են 2012թ. կտրուկ նվազել Հայաստանում Կիպրոսի կողմից իրականացրած ներդրումների ծավալները: Այնինչ նախորդ տարիներին՝ հատկապես 2009թ. սկսած, այդ ցուցանիշը տարեցտարի աճել է. 2009թ. Կիպրոսից Հայաստանում իրականացվող ներդրումների ծավալները կազմել են 6,9 մլն, 2010թ.՝ 11 մլն, 2011թ.` 16 մլն դոլար: Իսկ ահա 2012թ. այդ թիվը դարձել է 5.2 մլն դոլար: Ինչպես հայտնի է, բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց ընկերությունները գրանցում են օֆշորային գոտիներում, օրինակ` Կիպրոսում` խուսափելու համար բազմաթիվ խնդիրներից: Այնուհետեւ օտարերկրյա կազմակերպության անվան տակ Հայաստանում գործունեություն են ծավալում՝ այդպես փարատելով կասկածները, թե իրենք “կեղտոտ փողեր” ունեն:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ
“Ժողովուրդ” օրաթերթի 510 համար