Ըստ որոշ տեղեկությունների, երեկ հանդիպել են Սերժ Սարգսյանն ու “Արմավիա” ավիաընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը: Այդ մասին գրում է “Հայկական ժամանակ” թերթը։
“Նույն աղբյուրները հայտնում են, որ Բադդասարովը փորձում է որոշ հստակեցումներ ստանալ իր հետագա անելիքների ու նաեւ հրապարակային ասելիքների շուրջ: Բաղդասարովն առայժմ լռում է իր բիզնեսների շուրջ վերջին շրջանում ծավալվող աղմկոտ գործընթացների եւ “Արմավիայի” սկանդալային սնանկացման մասին: Մինչ հայտնի գործարարը կկողմնորոշվի, թե ինչ հրապարակային պարզաբանումներով է հանդես գալու տեղի ունեցողի վերաբերյալ, “Արմավիայի” լրատվական ծառայությունից երեկ ըստ էության չեն հերքել այն տեղեկությունները, որ Բադդասարովը վաճառում է իր հայաստանյան բոլոր բիզնեսները եւ հեռանում է Հայաստանից: Մեր թղթակցի նույնաբովանդակ հարցին “Արմավիայի” լրատվականից պատասխանել են. “Բիզնեսում ամեն բան վաճառվում է եւ ամեն բան գնվում էե: Հարցին արդյո՞ք “Արմավիայի” սնանկացումը քաղաքական ենթատեքստ ունի, նույն ծառայությունից պատասխանել են, թե իրենք սնանկացման պատճառների մասին հայտնել են իրենց մամուլի հաղորդագրության մեջ:
“Արմավիայի” լրատվական ծառայությունը երեկ հերքել է նաեւ տեղեկություններն այն մասին, որ Բաղդասարովը Ռումինիայում նոր օդանավակայան է պատրաստվում կառուցել: “Այդ մասին հարցրեք նրանց, ովքեր հորինում են այդ լուրերը”,- ասել են մեր թղթակցին ու նաեւ հավելել, որ այս պահին “Արմավիայում” ուղեւորների հաշվառում է կատարվում եւ ապրիլ ամսվա ընթացքում կվերադարձվեն նրանց գնած տոմսերի գումարները: Մինչ այդ “Արմավիայի” եւ Բաղդասարովի շուրջ սկանդալները շարունակվում են”,- գրում է “Հայկական ժամանակը”։