
Օրերս Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը հայտարարել էր, որ ինքը դիտել է մի տեսանյութ, որտեղ “Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հայրը՝ հայագետ, պատմաբան Ռիչարդ Հովհաննիսյանը, ներկայացված է որպես պատմության կեղծարար: Սա առիթ դարձավ մարզպետի ու Ր. Հովհաննիսյանի “փոխհրաձգության”: “Ժողովուրդ”-ի ձեռքում է հայտնվել այդ սկանդալային տեսանյութը, որտեղ իսկապես Ռիչարդ Հովհաննիսյանի գործունեությունը բացասական է բնութագրվում. “1997թ. ամերիկյան հայագիտական կեղծ դպրոցի ներկայացուցիչները Ռիչարդ Հովհաննիսյանի գլխավորությամբ կազմեցին եւ հրատարակեցին “Հայ ժողովուրդը հնագույն ժամանակներից մինչեւ մեր օրերը” հակագիտական եւ հակահայկական երկհատոր դասագիրքը: Այս նույն պրոֆեսորի որդին՝ ԱՄՆ հետախուզության կողմից հովանավորվող (տեսանյութում Ր. Հովհաննիսյանի լուսանկարն է) Ֆլետչերենի համալսարանն ավարտած Ր. Հովհաննիսյանը, Ստրասբուրգում՝ Եվրախորհրդի նիստում, թուրք եւ ադրբեջանցի ներկայացուցիչների հետ միասին պահանջեց, որ ՀՀ-ին զրկեն ձայնի իրավունքից”: