ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎՈՒՄ ԵՆ ՄԱԿԱԲՈՒՅԾՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Ժառանգություն” կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել էր, որ Սերժ Սարգսյանի երդմնակալությունը կլինի միայն իր դիակի վրայով, եւ որ հացադուլը ոչ թե ծոմ է, այլ քաղաքական ակցիա: Սակայն երբ նա հացադուլից դուրս եկավ, հայտարարեց, որ դա ծոմ էր: Իհարկե, Ր. Հովհաննիսյանն իր տասնամյա քաղաքական գործունեության ընթացքում միշտ էլ աչքի է ընկել հակասական հայտարարություններով ու գործողություններով, սակայն նրա ներկայիս կարգավիճակում նման հակասականությունը շատերի կողմից կարող է ընկալվել որպես անհետեւողականության դրսեւորում` դրանից բխող բացասական հետեւանքներով: 
ՀԱՐՑ. Ըստ Ձեզ, ի վերջո, դա ծո՞մ էր, թե՞ հացադուլ` քաղաքական ակցիա, եւ ի՞նչը ստիպեց Րաֆֆի Հովհաննիսյանին փոխել իր մտադրությունն ու դադարեցնել այն:
ՊԱՏԱՍԽԱՆ. Այս վերջին իրադարձությունները ինձ էլ են մտահոգում, եւ դեռ չեմ ձեւավորել իմ վերաբերմունքը: Հետեւում եմ իրադարձություններին, ուստի դեռեւս բան չունեմ այս առումով ասելու:
ՎԱՀԱՆ ԱՐԾՐՈՒՆԻ
երգիչ, երգահան 
ՊԱՏԱՍԽԱՆ. Նախագահի նախկին թեկնածուն շարունակում է իր մարզային արշավը՝ այսպես, մեր կարծիքով, երեւութականություն ստեղծելով, թե իր պայքարը շարունակում է: Սակայն, ըստ էության, այդ պայքարն արդեն ավարտվել է, որովհետեւ թե՛ Ազատության հրապարակն է կիսով չափ դատարկվել, թե՛ մարել են համաժողովրդական կրքերը, թե՛ Րաֆֆի Հովհաննիսյանի թիմն է արդեն պատրաստվում Երեւանի ավագանու ընտրություններին՝ այսպիսով հաստատելով, որ նախագահի ընտրությունների արդյունքները, այնուհանդերձ, ընդունելի են… Հետեւաբար ի՞նչ է լինելու այս օրերին եւ հատկապես ապրիլի 9-ին՝ նախագահի երդմնակալության օրը: Վերջին օրերի տրամադրությունները հուշում են, որ Ր. Հովհաննիսյանն այս պահին սպառել է իր գործողությունների զինանոցը եւ հայտնվել “պատային” վիճակում, որովհետեւ այլեւս չկա մի քայլ, որը կարող է նրա պայքարին իմաստ եւ բովանդակություն հաղորդել: Թե՛ հրապարակում ձեւավորված կառավարության “մոդելը”, թե՛ “միայն  դիակիս վրայով” հայտարարությունն արդեն առ ոչինչ են, քանզի պարզ դարձավ, որ չունենալով քաղաքական պայքարի առավել հստակ ծրագիր՝ Ր. Հովհաննիսյանը կուլ գնաց որոշ ամբոխավարների մղումներին, որոնք էլ, ի վերջո, օգտագործելով “Ժառանգության” առաջնորդի լավատեսությունը՝ ձեւավորեցին ավագանու համամասնական ցուցակը՝ այստեղ ընդգրկելով բացարձակորեն Հովհաննիսյանի ընդվզումի հետ կապ չունեցող մարդկանց… Կամ, գուցե, լավ էլ ունեին, պարզապես ստեղծվեց անչափ թատերականացված իրավիճակ, որն էլ պետք էր համամասնական ցուցակ ձեւավորելու, այստեղ Ր. Հովհաննիսյանի համար մի շարք նախընտրելի մարդկանց ընդգրկելու համար: Մարդիկ, որոնց հայտնությունը ցուցակում մեկ այլ պարագայում կարող էր քննարկման նյութ դառնալ, մինչդեռ այժմ կրքերի բովում շատերն անգամ ուշադրություն չդարձրեցին այդ ցուցակին: Ասել է թե՝ ողջ հանրապետության տրամադրությունները ոմանք օգտագործեցին ընդամենը Երեւանի ավագանիում տեղեր ունենալու համար: Հետեւաբար տեղին էր օրեր առաջ Ազատության հրապարակում մեր հնչեցրած անհանգստությունը, որ հեղափոխություններից օգտվում են մակաբույծները:
ԼԵՎՈՆ ՄՈՒԹԱՖՅԱՆ 
թատերագետ
Պատրաստեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ




Լրահոս