Գարեգին Բ-ն ընդունել է կաթոլիկ ուխտավորների

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր՝ ապրիլի 5-ին, Մայր աթոռ սուրբ Էջմիածնում Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ֆրանսիայի Մոմպելիե քաղաքից Հայաստան ժամանած կաթոլիկ ուխտավորների` առաջնորդությամբ Հայր Քրիստիան Դամեռոնի:
Հանդիպման սկզբում Հայր Դամեռոնն ուրախություն է հայտնել Սուրբ Էջմիածնում գտնվելու կապակցությամբ, ապա տեղեկացրել, որ խումբն այցելել է Հայաստան` Հայ Եկեղեցուն ու հայկական մշակույթին ավելի մոտիկից ծանոթանալու նպատակով:
Այնուհետեւ կաթոլիկ ուխտավորներին իր օրհնությունն է բերել Գարեգին Բ-ն` ողջունելով Քույր Եկեղեցու հավատավոր զավակների այցը Հայաստան: Նա ուխտավորներին համառոտ ներկայացրել է Հայ Եկեղեցու պատմությունը` ընդգծելով, որ Հայոց Եկեղեցին, հակառակ պատմության ընթացքում կրած բազմաթիվ դժվարություններին ու խոչընդոտներին, այսօր էլ շարունակում է իր ծառայությունը բերել հավատավոր հայ ժողովրդին:
Զրույցի ընթացքում Գարեգին Բ-ն անդրադարձել է նաեւ կրթադաստիարակչական եւ սոցիալական ոլորտներում Եկեղեցու կողմից կատարվող աշխատանքներին, ինչպես նաեւ Հայ Առաքելական եւ Հռոմի Կաթոլիկ Եկեղեցիների ջերմ հարաբերություններին ու համագործակցությանը:




Լրահոս