Մոսկվա-Երևան երթուղու ուղևորատար ավտոբուսի վթարից հետևանքով գլխի և դաստակի բաց վերքեր ունեցող տուժածներից մեկը Մխ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի թիվ 1 Համալսարանական հիվանդանոցում այսօր վիրահատվել է: Վերականգնողական վիրաբուժության և պլաստիկ վիրաբուժության բաժանմունքի գլխավոր բժիշկ, Միկրովիրաբուժության և պլաստիկ վերականգնողական համալսարանական կենտրոնի բաժնի վարիչ Արտավազդ Սահակյանի կողմից արված բարդ վիրահատությունը բարեհաջող է անցել: Հիվանդին անմիջապես վիրահատությունից հետո այցելել է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
«Նախարարի հանձնարարականով հիվանդը հոսպիտալացվել է, այնուհետև կատարվել է ճակատային շերտի և ձեռքի դաստակի դեֆեկտի վիրահատություն: Երկու վիրահատություններն էլ բարեհաջող են անցել, հիվանդը հետվիրահատական շրջանում է, վիճակը կայուն է»,- նշեց Արտավազդ Սահակյանը:
Նրա տեղեկացմամբ` երկու ամիս անց նախատեսվում է, որ վթարից տուժած երիտասարդը կենթարկվի ևս մեկ` ջղերի պլաստիկ վիրահատության: Մասնագետի վստահեցմամբ` մեկ տարի անց հիվանդը կկարողանա լիովին ապաքինվել:
Պատասխանելով լրագրողների հարցին` ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը նշեց, որ երեկ այցելել է ավտոբուսի վթարից տուժած Մոսկվայի Սկլիֆոսովսկու անվան անհետաձգելի բժշկական օգնության քաղաքային գիտահետազոտական ինստիտում նեղ մասնագիտական բժշկական օգնություն ստացող տուժածին: Ռուս մասնագետների հետ հիվանդի բուժման ռազմավարության քննարկման արդյունքում որոշվել է կատարել բարձր տեխնոլոգիական միջամտություն պահանջող երկու վիրահատություն: Այս և ՌԴ-ում գտնվող մյուս հիվանդների բուժման մանրամասները քննարկվել են նաև ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովայի հետ:
«Մոսկվայում բուժվող հիվանդի վիճակը գնահատվում է միջին ծանրության: Այսօր առավոտյան կատարվել է վիրահատություն, որը հաջողությամբ է ավարտվել: Սպասվում է ևս մեկ վիրահատություն: Ողնաշարի պարանոցային հատվածում պետք է նոր ֆիքսացիա իրականացվի: Մյուս հիվանդներն անցնում են իրենց բուժման փուլը: Կա ևս մեկ հիվանդ, ում առողջական վիճակը ծանր էր վթարի առաջին օրերից, սակայն նրա մոտ էլ առկա է դրական դինամիկա, վիճակի կայունացում»,- նշեց Արմեն Մուրադյանը` ընդգծելով, որ մասնագետների ջանքերով հիվանդները կանցնեն ոչ միայն ապաքինման, այլև ամբողջական վերականգնողական բուժման փուլ:
Այս պահի դրությամբ ՀՀ ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում բուժումը դեռ շարունակում է վթարից տուժած 2 հիվանդ:
Տուլայի շրջանային կլինիկական հիվանդանոցում այօրվա տվյալներով` բուժումը շարունակում է Ուզլովսկի քաղաքի մոտ տեղի ունեցած Մոսկվա-Երևան երթուղու ուղևորատար ավտոբուսի վթարից հինգ տուժած: Վերակենդանացման բաժանմունքում գտնվող երկու հիվանդների առողջական վիճակը բժիշկները գնահատում են կայուն ծանր: Բուժօգնությունն իրականացվում է ողջ ծավալով: