Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը “Խորհրդարանական շաբաթ” հաղորդման շրջանակում.
“Սիրելի հայ ժողովուրդ,
Հարգելով մեր նախնիներին, հավատալով սեփական ներուժին և մեր լուսավոր ապագային, hանուն Հայկական բարձրավանդակում ապրելու՝ մեզ պատկանող անօտարելի իրավունքի, հանուն Տիգրան Մեծից ժառանգած արժանապատիվ և հզոր՚ ազատ, անկախ և միացյալ Հայկական պետության քաղաքացի լինելու մեր իրավունքի, 2013 թվականի փետրվարի 18-ին հայ ժողովուրդը կայացրեց որոշում:
Այդ որոշմամբ ստանձնեցինք պարտականություն՝
Կազմակերպել Մեծ վերադարձ ազգահավաք՝ աշխարհի շուրջ 10 միլիոն հայերին հայրենի հողում հավաքելու և համախմբելու համար,
Աառաջնորդվել Հայոց քաղաքակրթության սկզբնաղբույրով՝ մեր հայկականի վերականգման, արժևորման և հավերժ շարունակության համար,
Հարգել հիշատակը Ցեղասպանության ենթարկված միլիոնավոր հայերի՝ ազատագրել մեր հայրենիքը,
Հաղթահարել ցեղասպանության աղետը՝ միլիոնավոր ցեղասպանված հայերի կյանքը շարունակելու համար լույս աշխարհ բերել միլիոնավոր հայ մանուկներ:
Ճանաչել Արցախի անկախությունը:
Պարտականության և պատասխանատվության գիտակցությամբ փետրվարի 18-ից հայ ժողովուրդի գերակշիռ մեծամասնությունը հետևողական բանեցնում է իրեն պատկանող իրավունքը և անկաշկանդ վարում հայ ազգի շահերին համահունչ քաղաքականություն:
Ապրիլի 9-ին Սերժ Սարգսյանի գլխավորությամբ մի խումբ մարդիկ, անտեսելով և անհարգելով հայ ժողովրդի իրավունքը, ցանկանում են հայտարարել հայ ժողովրդին պատկանող Հայաստանի Հանրապետության իշխանության յուրացման մասին:
Ափսոս, որ նրանց դեռ հասու չէ Հայ ժողովրդի պատմական անբեկանելի այս ընթացքի խոչընդոտման փորձերի ձախողված լինելը:
Հնարավոր չէ դիմակայել՝ կուտակված հազարամյակների ուժի, մեր մեջ հասունացած իմաստության, մեր իղձերի իրականացման և արդարության վերականգնման գիտակցության առկայությանը:
Ուրեմն, հիմք ընդունելով վերը թվարկվածները, 2013 թվականի ապրիլի 9-ին մենք՝ Հայ ժողովրդի զավակներս, հայտարարում ենք հանուն մեր իղձերի իրականացման և արդարության վերականգման Նոր Հայաստանի՝ մեզ բոլորիս պատկանող Հայաստանի հռչակման օր, որի համար գալիս ենք Հայաստանի և աշխարհի տարբեր տեղերից Երևան՝ Ազատության հրապարակ ապրիլի 9-ին ժամը 11-ին”: