8-ը` հյուսիսում, 8-ը` հարավում. «Այո և ոչ» շոուն սկսված է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօրվանից Հայաստանի մարզերում մեկնարկելու է «այո»-ի եւ «ոչ»-ի քարոզարշավը, որին ընդառաջ երեկ արդեն ուղեւորվել են մի խումբ պատգամավորներ՝ մասնակցելու սահմանադրական «ռեալիթի շոու»-ին:

«Արմնյուզ» և «Ա1+» հեռուստաընկերություններն ուղիղ եթերով հեռարձակելու են պատգամավորների քարոզարշավը: Քարոզչական խմբերը երեկվանից մեկնել են մարզեր, որտեղ 20 օր շարունակ քարոզչություն են իրականացնելու: Խմբերը լինելու են Հայաստանի հյուսիսային եւ հարավային հատվածներում. յուրաքանչյուր ուղղությամբ մեկնել են ութական մասնակից, որոնցից չորսն այո-ի կողմնակիցներ են, չորսը՝ ոչ-ի: Ուղիղ եթերը լինելու է 12-14 ժամ, գիշերային ժամերին կլինի այդ օրվա կրկնությունը, առանձին հարցազրույցներ, իսկ առավոտյան կլինի նախօրդ օրվա օրագիրը` մոնտաժված տարբերակով: Ի դեպ, նշվում է, որ նման կերպ քարոզչություն իրականացնելը քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի առաջարկն է եղել, որն էլ հավանության է արժանացել հեռուստաընկերությունների կողմից:

«Ռեալիթի շոուի» մասնակիցները հարավային կետից՝ Ագարակից կգան Սյունիք, կմտնեն Վայոց Ձոր, ապա Արարատ, Արմավիր եւ կմտնեն Կոտայք: Հյուսիսային ուղղությունը կսկսեն Ապարանից, կլինեն Արտաշատում, Թալինում, հետո Շիրակի մարզ՝ Գյումրի, Ամասիա, Լոռի, Տավուշի մարզ՝ Նոյեմբերյան, Իջեւան, Բերդ, Դիլիջան ու կավարտեն քարոզչությունը Գեղարքունիքի մարզում: Դեկտեմբերի 2-ին երկու խմբերը կվերադառնան Երեւան: Իսկ քարոզարշավի վերջին օրը՝ դեկտեմբերի 4-ին, կլինեն դեբատներ:

«Ռեալիթի շոուի» շրջանակներում հյուսիս են մեկնել՝ այո-ի «թիմից» ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Սամվել Ֆարմանյանը, Մարգարիտ Եսայանը, ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը, ՀՅԴ-ական Արթուր Եղիազարյանը: Ոչ-ի խմբում են Պետրոս Մակեյանը, Վարդան Խաչատրյանը, Արմեն Մկրտչյանը՝ «Հայազն»-ից, եւ Նարեկ Այվազյանը՝ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունից:

Հարավի այո-ի «թիմում» են ընդգրկվել ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Վարդան Այվազյանն ու Կարինե Աճեմյանը, ինչպես նաեւ՝ Սերժ Սարգսյանի մամուլի նախկին խոսնակ Արման Սաղաթելյանը: Ոչ-ի խմբում են Հրանտ Բագրատյանը, Թամարա Գեւորգյանը, Վաղինակ Շուշանյանն ու Ազատ Արշակյանը:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս